22.06.2017

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Միշտ Սյունյաց մեծերի կողքին

«Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի,
գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը»:
Հ.Թումանյան

Հրապարակի վրա է «Սյունյաց երկիր» թերթի հերթական հատուկ համարը՝ նվիրված հայ աշուղական երգարվեստի երախտառատ դեմքերից մեկի՝ երգահան, բանաստեղծ Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին: 
«Սյունյաց երկրի» մի նոր, բերկրառիթ խիզախությունը պետք է համարել այս մեծադիր հրատարակությունը: Մտահղացումն իրականացնելու հնարավորությունները շատ չէին, առավել ևս, որ Գուսանի արխիվը «հասանելի» չէր, սակայն խմբագրակազմը հաղթահարել է դժվարությունները՝ ընթերցողին մատուցելով հաջողված հոբելյանական համար՝ այդ ասպարեզում տարիների կուտակած հարուստ փորձի, մասնագիտական պատրաստվածության, հոգևոր արժեքների նկատմամբ նվիրական վերաբերմունքի շնորհիվ:
Հայ մշակույթին «Սյունյաց երկիր» թերթի մատուցած ծառայությունները միանգամայն անուրանալի են ու երախտապարտության արժանի: Մեր մեծերին նվիրված հատուկ համարները, որոնք տարիների ընթացքում հրատարակել է թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, իրավամբ լրացրել են սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման ու լուսաբանման ասպարեզում եղած բացը: Հաճախ մեզանում գրական հոբելյաններն աններելիորեն անցնում են անտես ու անվերաբերմունք, ինչպես, օրինակ, Սերո Խանզադյանի ու Սուրեն Այվազյանի դարադարձերը 2015-ին, և միայն ի պատիվ «Սյունյաց երկրի»՝ պետք է առանձնաշեշտել այն մշակութանվեր առաքելությունը, որ հանձն է առել խմբագրակազմը՝ թերթի հատուկ հրատարակություններով գնահատելու մեծերին: Դրա համար նախ պետք է անհրաժեշտ չափով ի վիճակի լինես հասկանալու ժողովրդի հոգեկան գանձերը, դրանց սերնդակերտիչ ու սերնդապահպան դերը, ինչը «Սյունյաց երկրի» պարագայում կայուն աշխատանքային սկզբունք է ու աշխարհայացքային հանգանակ:
Ինչպես չհիանաս այս թերթով, որ ժամանակ է գտնում դժվարին իրապայմաններում, բազմաթիվ այլ մտահոգությունների կողքին համախմբելու նաև գրական ուժերը, ձևավորելու գրական դաշտ ու մշակութային գիտակցություն, վերականգնելու խզված հոգեկան կապերը, պեղելու, արևերես հանելու հայ հոգևոր գանձերը, փոխանցելու դրանք սերունդներին՝ ի պահ: 
Ինչպես թերթի մյուս հատուկ համարները՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, Մովսես Տաթևացուն(Խոտանանցի), Գրիգոր Տաթևացուն, Ակսել Բակունցին, Սերո Խանզադյանին, Սուրեն Այվազյանին, Նիկողայոս Ադոնցին և այլոց, այս հրատարակությունը նույնպես նյութերի ընտրությամբ, նպատակայնությամբ, կառուցվածքային ինքնատիպությամբ, որակով, մնայունը, առաջնահերթն ու արժեքավորը տեսնելու-գնահատելու անխախտ սկզբունքով, նպատակով, թե ինչու՞ է ստեղծվում և ու՞մ է հասցեագրվում, եզակի է և կապրի ի՛ր ժամանակի ու նաև պատմության մեջ:
Հրատարակությունը գալիս է փաստելու խմբագրի պրպտուն, մասնագիտական բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունքը դեպի իր աշխատասիրած գործը, և ամենակարևորը՝ դեպի արվեստն ու մշակույթը, դեպի բարձրագո արժեքները: 
Համարն ընդգրկում է բազմածալ ու հարուստ նյութ, որը հնարավորություն է տալիս ամբողջական ճանաչելու Գուսանի ու նրա սերնդակիցների ապրած կյանքն ու ժամանակաշրջանը: Գուսան Աշոտի ստեղծագործությունների մատենագիտական անդրադարձին հետևում է Սամվել Ալեքսանյանի՝ համարի ստեղծման մասին հագեցած տեղեկություններ պարունակող և Գուսանի արվեստը խորքային դիտարկումներով բնութագրող խմբագրականը: «Խորհրդային տարիներին Գուսան Աշոտի ստեղծագործություններին, նրա երաժշտական ու բանաստեղծական աշխարհին շատերն էին անդրադարձել»,- վկայում է Ս.Ալեքսանյանը և շեշտում հրատարակության առանցքային նպատակը, այն է՝ ժամանակակից հայացք ձգել Գուսանի կերպարին, մշակութային ժառանգությանը, ինչը գերազանցապես հաջողվել է նրան: Գուսանի ստեղծագործության նշանակությունը թերթի էջերում ներկայացված է «թարմ ու այժմեական» հայացքով: 
Չկա Գուսան Աշոտի անձնական ու ստեղծագործական կյանքի հետ կապված որևէ կարևոր հարց, որ թերթը տարբեր հարցազրույցների, հուշազրույցների, շնորհավորականների, կարծիքների, ուրվագծային անդրադարձների, գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների շրջանակում շոշափած չլինի: Ամեն ինչ ուսումնասիրված ու լուսաբանված է պատշաճ մակարդակով ու ամենակարևորը՝ նոր աշխարհայացքով: 
Գուսան Աշոտի մարդկային նկարագրի ամբողջացման համար խմբագիրն առատորեն օգտագործել է նրա մասին հուշագրությունը, իսկ երգի մեծ վարպետի, արվեստագետի ստեղծագործական դիմապատկերի ամբողջացման համար դիմել է հայ երգարվեստի երևելիներին՝ խորամիտ ու խորաթափանց հարցադրումների միջոցով բացելով երգահանի ստեղծագործական աշխարհի նրբագին ծալքերը, կյանքի հետաքրքրական անկյունադարձերը: 
Մեծ է մշակութային այն հաստատությունների և հայ մշակույթի ճանաչված մարդկանց ու գիտնականների ցանկը, որոնց հետ առչվել ու փոխգործակցել է Սամվել Ալեքսանյանը հրատարակությունը պատրաստելիս: Թերթը բացառիկ հարցազրույցներ է վարել աշխարհահռչակ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի, կոմպոզիտոր, երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանի, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցի, ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանի, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի, Հանրային ռադիոնի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի քամանահար ու մեներգիչ Մխիթար Քեթցյանի, «Երգ երգոց» հեռուսատեսային հաղորդաշարի խմբագիր ու սցենարի հեղինակ Լևոն Գալստյանի, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանի, երգչուհի Մանիկ Գրիգորյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Սաֆարյանի և այլոց հետ: 
Գուսան Աշոտի ստեղծագործությունները մշտապես բարձր են գնահատել թե հայրենիքում, թե’ սփյուռքում ապրող գրողները, գրականագետներն ու երաժշտագետները: Գուսանի երգարվեստի շուրջ ստեղծված հիացմունքը երբեք չի պակասել: Բնականաբար, նման ճանաչում ունեցող արվեստագետը պետք է ունենար նաև գիտական լայն կապեր, գրական-մշակութային շփումներ: Սամվել Ալեքսանյանը գրապատմական ընթացքից քաղել է այն նյութերը, որոնք անուրանալի գիտական արժեք ունեն և կարող են հարստացնել, ըստ ամենայնի բնորոշել գուսանի մեծությունը, ստեղծագործական նկարագիրը: Համարում տեղ են գտել Սերո Խանզադյանի, Վարդգես Պետրոսյանի, Հրանտ Թամրազյանի, Սևակ Արզումանյանի, Գևորգ Աբաջյանի, Շավիղ Գրիգորյանի և այլոց անդրադարձները՝ գրված որպես գրքերի առաջաբաններ, գրախոսականներ ու դիմանկարներ, որոնք հաստատում են բանաստեղծ-երգահանի շնորհալիությունը, ստեղծագործական թափը, նրա արվեստում խտացված հայ աշուղական մշակույթի լավագույն ավանդույթները, երգերի զարմանալի կենսունակությունն ու ներուժությունը: 
Գուսան Աշոտի բանարվեստի լեզվաոճական առանձնահատկությունները լայն տողանցումով քննել է բանասիրական գիտությունների թեկնածու, բարբառագետ Սվետլանա Մանուչարյանը՝ լրացնելով այդ ասպարեզում առկա բացը: 
Համարում առանձին անդրադարձ կա հայ աշուղական արվեստին, դրա ծագման ու զարգացման օրինաչափություններին, ժանրային առանձնահատկություններին, «գուսան» և «աշուղ» եզրույթների գիտական ստուգաբանությանն ու բովանդակային տարբերություններին, որոնց շուրջ մասնագիտական տեղեկություններ է հաղորդում աշուղագետ, երաժշտագետ Լուսինե Նազարյանը: 
Առանձին հագեցած բաժին է «Գուսան Աշոտը գորիսեցիների հուշերում և ընկալումներում» հուշապատումների շարքը: Ամեն ինչ, ի վերջո, պատմություն է դառնում, մնում է միայն վերհիշումը, ինչպես «թիթեռնիկի թևի վրայից մատի վրա մնացած փոշին»(Կ.Զարյան): Գուսանի մասին սրտի էջեր են հյուսել հոգեկից ու գրչակից, ավագ ու կրտսեր ընկերները, մտերիմները, երգարվեստի երկրպագուները, որոնց հետ իր ստեղծագործական կյանքի ընթացքում այս կամ այն կերպ շփվել ու առնչվել է վարպետը, որոնց թվում են՝ Սամվել Ալեքսանյանը, Ռոբերտ Ալեքսանյանը, Խասան Հարությունյանը, Սուրեն Վարդանյանը, Յուրի Ջավահիրյանը, Ապետնակ Գրիգորյանը, Ժորա Սարդարյանը, Շչորս Դավթյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Էդուրադ Զոհրաբյանը, Արկադի Ծատուրյանը, Արթուր Առաքելյանը, Ալվարդ Մեսրոպյանը, Սևադա Խոջաբաղյանը Սուսաննա Բաբաջանյանը և ուրիշներ: Այդ հուշակնարկները մեծանուն տաղերգուի ստեղծագործական ու մարդկային դիմանկարին ներարկում են թարմ լիցքեր ու բնութագծեր:
Գուսանի կերպարը հարուստ բանաստեղծական ներշնչանքներ է պարգևել սերնդակիցներին: Գուսանին նվիրված ձոներգերի շարքը փառազարդում է Քաջիկ Դորունցի բանաստեղծությունը՝ երանելի օրերի «վերհուշով»՝

Երբ տանդ մեջ հյուրակարոտ
Մեղրանում էր երգդ ու գինիդ,
Երբ ժպտերես տեր ու տիկին՝
Կիրասասեր, երգամեծար,
Բացում էին սիրո սինին,
Կապում հույզի մի ծիածան,
Որ սիրո յոթ գույներն ուներ,
Յոթնախորհուրդ, յոթնապատգամ.
Դառնում էինք մերձերգուներ,
Մերձամեծար ու բարեկամ:

Գուսանի ընտանիքի, օջախի պատմությանը ծանոթանում ենք Գուսան Աշոտի որդու՝ Աշոտ Դադալյանի հետ Սամվել Ալեքսանյանի վարած հարցազրույցի շրջանակում: Հոբելյանի առիթով Գուսանի որդու հետ զրուցելը խմբագիրը կարևորում է մի քանի առումով՝ «Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպե՞ս է պահպանվում Գուսանի օջախը, ինչպե՞ս է ապրում գերդաստանը, որդու տեսակետից՝ որքանո՞վ է նոր սերունդը հաղորդվում Գուսանի երաժշտական արվեստին, արդյո՞ք Գուսանի երաժշտական ու բանաստեղծական ժառանգությունը դիմանում է ժամանակի քննությանը, արդյո՞ք նրա հիշատակը հարգվում է ըստ պատշաճի, արդյոք Գուսանի բոլոր ստեղծագործություններն են հրատարակվել, կա՞ն անտիպ նյութեր և ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց»: Հարցադրումների այս շրջանակը ամբողջանում է հանգամանալից երկխոսությամբ, նոր, հետաքրքրական կենսադրվագների ու փաստերի լուսաբանություններով: 
Գուսան Աշոտի ծոռնուհու՝ երաժշտական բարձր ընդունակություններով օժտված Լուսինեի հետ հանդիպման ու զրույցի մասին էսսեատիպ ակնարկ է ներկայացնում Ռեդիկ Հայրապետյանը: Լուսինեն այսօր սովորում է Ջիվանու անվան երաժշտական դպրոցում և երազում է դառնալ ժողովրդական երգչուհի՝ հավատարիմ օջախի ստեղծագործական-երաժշտական ավանդույթներին: 
Համարի «Օջախում» բաժինը վերջավորվում է Գուսան Աշոտի որդու՝ Ռուբեն Դադալյանի բանաստեղծություների ծաղկաքաղով: Ռ.Դադալյանի՝ տարբեր տարիների հեղինակած բանաստեղծությունները, քառյակները, գրական հարցերին նվիրված հոդվածները տեղ են գտել մահից հետո լույս տեսած «Անավարտ քնարը» գրքույկում: 

«Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա, 
Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում»: 

Գուսանին նվիրված ներկա հրատարակությունը, լինելով իր տեսակի մեջ բարձր ու յուրատեսակ աշխատասիրություն, մեր աշուղական երգարվեստի պատմության մի փառավոր էջի արտացոլումն է և մեկ անգամ ևս հաստատում է երգի ու գրի հանդեպ հայ ժողովրդի ժառանգական հակումը, սերը, պաշտանմունքը: Այն պետք է վայելենք ամենայն սիրով ու պատասխանատվությամբ, քանզի հոգևոր արժեքներով ապրելու, հոգևոր արժեքներին արժանավայել կերպով տեր կանգնելու խորհուրդներ է պատգամում, որոնք մեր օրերում առավել քան անհրաժեշտ են: 
Թերթը զարդարված է բազմաթիվ որակյալ արտանկարներով և ձևավորված գեղարվեստական բարձր ճաշակով: Բազմահարուստ բովանդակությամբ, ճանաչողական արժեքով, գիտահանրամատչելիությամբ թերթի սույն թողարկումը խմբագրակազմի հմուտ, նպատակասլաց, մշակութանվեր գործելակերպի ու տքնաջան աշխատանքի առհավատչյան է:
Համարի կիրառական նշանակությունը անվիճելիորեն մեծ է, և դեռ երկար այն կմնա ընթերցողների սեղանին՝ ոչ միայն իբրև Գուսանի «կյանքի հեքիաթի» (Հակոբ Օշական) շտեմարան, այլև տեղեկատվության աղբյուր՝ նրա արվեստը ուսումնասիրողների համար: 
«Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի, կհամոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց բախտի մեջն է» (Հովհաննես Թումանյան)։
Գուսան Աշոտն ինքը մարմնացած հայ երգն էր: Նրա արվեստը, իբրև մահի դեմ հաղթանակ, կհարատևի: «Եթե լույսը պիտի ճեղքի խավարը, երգը պիտի ներկա լինի»,- գրում է Կոստան Զարյանը: Գուսանի ստեղծագործությունները հայրենի հողի նման կենարար են և հնչելու են ժողովրդի սրտի բաբախի հետ, ժողովրդին շունչ ու ոգի են տալու, մարդու մարդկայնացման ու լույսի վերադարձի ուղիներ են մատնանշելու: 

Թ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բ.գ.թ., դոցենտ 





Комментариев нет:

Отправить комментарий