20.03.2017

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ / ԳՐԱԴԱՐԱՆ

Մի ամբողջ մարդկության աչքեր նայում են այս պահարան­ներից։ Բազմահազար այս գրքերում մտածում և լռում է պայքարող, հիացող և թախծող մի մարդկություն։ Ահա սեղանների շուրջը բազմաթիվ գլուխներ, նույնպես խոր­հող և ստեղծագործող կքվել են այդ գրքերից շատերի վրա։ Մարդ­կային հոգու անհուն աշխարհը։ Ի՞նչ են որոնում նրանք այդ գրքերում։ Կյա՞նք և հավերժությո՞ւն։— Ապրե՞լ, մնալ անվե՞րջ, հասնել ապագայի՞ն, գնալ նրա հետ դեպի անմահությո՞ւն... Բայց սա ի՞նչ է թրթռում օդի մեջ։ Պլպլացող փոքրիկ աղոտ լույսի պես անցնում է նա այղ գլուխների վրայով, կտրում գրադարանի տարածությունը։ 
Օ՜, ցեցն է դա։ 
Ցեցը ̀գրադարանների տխուր բնակիչը։ Սպառնալիքը ամեն տեսակ գրքերի։ Այնքան փոքրիկ է նա, բայց ինչքան մեծ սառ­նություն է փչում նրա թևիկներից։ Չար մահվան շունչ կա այդ սառնության մեջ: Ես կարծեմ տեսնում եմ նրա փոքրիկ միկրոսկոպիկ դեմքը, որ անհուն թախիծով և իրոնիայով նայում է չորս կողմ... Նայում բոլոր ստեղծագործողներին, մտածողներին, հա­վերժության համար գրողներին։ 
Կարծեմ ժպտում է նա օձային ժպտով, թե մռայլվում է իբրև մահվան դիմակ։ 
Եվ ճախրում է նա այդպես մարդկային մտքի և ստեղծագոր­ծության վրայով։ Իմաստության վրայով։ 
Զգո՜ւյշ նրանից։ Դա մտքի, հոգու ցեցն է:

Комментариев нет:

Отправить комментарий