24.03.2017

ՔԱՂԱԲԵՐՈՒՄՆԵՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ «ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ» ՎԻՊԱԿԻՑ

... Նշանավոր էր այդ օրը։ Ես այն ժամանակից մինչև այսօր էլ չեմ մտաբերում իմ կյանքում մի այնպիսի զվարճալի օր, չնայելով, որ այժմ բազմապատիկ բախտավոր հանգամանքներում եմ ապրում։ Հյուրերը մի-մի բաժակ օղիով շնորհավորեցին հորս, իսկ ինձ օրհնեցին հազար տեսակ օրհնանքներով։ Մի քանիսը նրանցից, ինձ շատ խրատներ տվեցին իմ ապագա կյանքի խելոքությամբ և խոհեմությամբ վարելու մասին։ Ես այդ խրատներից միայն մեկն եմ հիշում․ նա ինձ վրա խիստ խորը տպավորություն արավ, և ես երբեք չեմ մոռանա այդ խրատը։ Նա մինչև այսօր եղել է իմ կյանքի ղեկավարը, նույնը պիտի մնա և մինչև իմ մահը։ Խրատողը մեր հարևան մանրավաճառ Թորոսն էր, մի, ինչպես պատմում էին, խելոք մարդ։ 
— Ո՛ւր որ լինիս, ինչ գործի որ կպչես, — ասաց նա, — աշխատիր քեզանից մեծերի հավատարմությունը գրավել դեպի քեզ խոնարհությամբ, լռությամբ։ Աոաջին քո հոգսն լինի մեծերիդ աչքում սիրելի դառնալ, փաղաքշելով, կեղծավորելով, շողոքորթելով։ Չթույլ տաս, որ քեզ խաբեն, բայց աշխատիր, որ ամեն ժամանակ ինքդ ուրիշներին խաբես քո խելքով։ Այնտեղ,ուր տեսնես, թե մի կոպեկի անգամ շահ ունիս, ամեն միջոց գործ դիր այդ շահը չկորցնելու։ Վնաս չունի, հարկավոր եղած ժամանակ սուտ էլ ասա, միայն թե մեջտեղ շահ ունենաս։ Վերջապես, միշտ մտաբերիր Քրիստոսի պատվերը․ «Եղեք խորամանկ, ինչպես օձ, իսկ միամիտ՝ ինչպես աղավնի»։

... Իմ գլուխն ողորմելի գլուխներից չէր։ Ես հավատացած էի, որ նա ընդունակ է ստեղծել հազար տեսակի ծրագրներ իմ հանդուգն ցանկությանը կատարումն տալու համար։ Բայց ժամանակը շատ կարճ էր։ Թամարի 17 տարին լրացած էր․ նրա մարդու գնալու ժամանակը հասել էր, այսօր կամ վաղը կարող էր մեկը նշանվել նրա հետ։ Արդեն քաղաքում խոսում էին նրա մասին։ Այս միտքը սկսեց ինձ խիստ զբաղեցնել, և ես գիշեր-ցերեկ տանջվում էի։ Աշխատում էի հնարել զանազան մեքենայություններ, որոնց միջոցով կարողանայի կողմնակի կերպով արգելել Թամարի մարդու գնալը, մինչև որ տեսնեի թե իմ վերջն աղա Գուլամյանցների մոտ ինչպես է լինում։ Հարսանիքից հետո, երբ Թամարը բոլորովին գրավել էր իմ սիրտը, ես րոպե անգամ չէի դադարում նրա մասին մտածելուց։ Վերջապես, գլխումս հղացավ մի միտք, որ և սկսեց ընդդիմադրել իմ հուսահատության։ Հանդուգն և հանցավոր էր այդ միտքը, իմ կողմից հարկավոր էր մեծ զգուշություն և համարձակություն նրան իրագործելու համար, սակայն ինձ համար այդ միևնույնն էր։ Ես երբեք ինձ նեղություն չտվեցի մտածելու, թե որքան չար և սատանայական էր այդ միտքը, ըստ որում ես արդեն հասել էի այն աստիճանին, որ իմ նպատակն արդարացնում էր ամեն տեսակի միջոցներ, թեկուզ այդ միջոցները լինեին ստոր և անազնիվ։ Ես տեսնում էի, որ ուղիղ ճանապարհով դժվար է հասնել այն նպատակին, որի իրագործումը մի անգամ ընդմիշտ պիտի ապահովեր իմ կյանքը։ Ուրեմն, ինչո՞ւ չգնալ ծուռ ճանապարհով, քանի որ կարող եմ հասնել բախտավոր և նախանձելի ապագայի։ Գործի՛ր, Խաչի․․․


... Յոթ տարի է, որ ես, Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս, աղա Գուլամյանցների փեսան եմ։ Նստած երկհարկանի սեփական տանս մեջ, իմ առանձնասենյակում, գործերից ազատ ժամանակ, ես երբեմն-երբեմն մտաբերում եմ անցյալը և համեմատում նրան ներկայի հետ։ Հիշում եմ այն աղքատ ընտանիքը, այն պատառոտված ցնցոտիները, ծակ կոշիկները, որ ես հագնում էի այդ ժամանակ, հիշում եմ, համեմատում եմ այժմյան դրության հետ և ինքս ինձ վրա զարմանում։ Հիշում եմ այն օրը, երբ հայրս հրավիրեց յուր բարեկամներին մեր տուն, տեր-Վահակի մոտ ուսումս ավարտելուց հետո իմ ապագայի մասին խորհրդակցելու։ Հիշում եմ դարբին Մարութի տված հիմար խորհուրդը, որ ես արհեստավոր դառնամ, հիշում եմ և իմ այժմյան դրությունը համեմատում Մարութի որդու դրության հետ, որն յուր հոր պես պարապում է դարբնությամբ և կեղտի ու մրի մեջ հազիվհազ քաշքշում է յուր կյանքը։ Հիշում եմ այս բոլորն և փառք տալիս աստծուն, որ չթողեց հորս հետևել դարբնի խորհրդին։ Իսկ ինչ վերաբերում է մանրավաճառ Թորոսին, որն այսօր մեր քաղաքում առաջին դրամատերն է, նրա խրատները երբեք չեմ մոռացել և չպիտի մոռանամ։ Մտաբերում եմ նրա՝ հորս ասած խոսքերը․ «Տուր Խաչիին մի վաճառականի մոտ գործակատար, և նա շուտով կգտնի փող աշխատելու գաղտնիքը»։ 
Ես գաղանւիքը գտա, գրավելով աղա Գուլամյանցների հավատարմությունը ներելի և աններելի միջոցներով։ 
Շատ բաներ եմ արել և արել եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, առանց դիմելու իմ խղճին և նրանից թույլտվություն խնդրելու։ Կեղծավորել եմ, շողոքորթել և ստորացել այն մարդկանց առջև, որոնք ինձանից զորեղ են եղել և որոնցից ակնկալություն եմ ունեցել։ Խաբել, մոլորեցրել եմ ինձանից թույլերին և պակաս խորամանկներին։ Եվ այժմ ոչ ոք չի կարող երես առ երես ինձ հանդիմանել, որովհետև ես փող ունիմ, հարուստ եմ։ Իսկ հետևիցս ով ուզում է և ինչ ուզում է թող խոսե, փույթ չէ։ Առերես ես այժմ ամենից հարգվում եմ, և այսքանը բավական է։ 
Երեկ տեր-Վահակից նամակ ստացա, որով նախկին ուսուցիչս խնդրում էր Շ... քաղաքի կիսախարխուլ եկեղեցու համար մի զանգ բերել տալ Ռուսաստանից։ Ես պատասխանեցի, թե ուրախությամբ կկատարեմ նրա խնդիրը։ Այժմ կարող եմ և միջոց ունիմ բարեգործություններ անելու, ես Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս...

Комментариев нет:

Отправить комментарий