Նամակատուփ
Բա՛րև Գարեգին Բաբայան.
Ստացա քո <<Կարոտներս>> խորագիրը կրող բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:
Դա ինձ համար բոլորովին էլ զարմանալի չէր, որովհետև քեզ հետ ունեցած հպանցիկ հանդիպումների ու կարճատև զրույցների ընթացքում զգացել եմ, որ քո ներսում տիրականորեն նստած է բանաստեղծը, և որ այն մի օր խոսելու է:
Մեր հայրենի բնաշխարհի շքեղաշուք գեղեցկությունները, առավոտների քաղցրությունն ու երեկոների հոգեպարար ինքնաբավությունը, պապերի ու հայրերի կողմից սրբագործված սովորություններն ու թողած ավանդները, պատանեկան սերերի կորուստների ցավերն ու մորմոքները մշտապես ուղեկցում են մարդուն:
Սիրելի՛ Գարեգին, մտահղացումներդ լավն են ու սրտամոտ, բայց որոշ անհարթություններ կան, որ կոտրում են, թուլացնում, ավելի ստույգ՝ պղտորում զգայություններիդ զուլալությունը:
Մայրերը չեն մահանում: Նրանք փոխադրվում են երկինք, այնտեղից՝ նայում մեզ, զրուցում մեզ հետ, ուղղորդում մեր երկրային կյանքը: Սիրասուն մայրիկիդ նվիրված բանաստեղծության մտահղացումդ գեղեցիկ է, և սակայն՝ <<խելոք>>, <<մայրերն աշխարհում թող շատ լինեն>>, <<դու ֆիզիկապես չկաս աշխարհում>> արտահայտությունները հույզերիդ բնական զուլալությունը դարձնում են պրոզայիկ:
Բանաստեղծությունը ոգեղեն գյուտ է, զգայությունների ինքնատիպ պոռթկում, խոսքի տարողունակ խտացում, սերերի ու կարոտների անկրկնելի աշխարհ, ինքնադրսևորման և ինքնահաստատման վկայություն:
Առայժմ այսքանը: Կհանդիպենք ու կզրուցենք ավելի երկար:
Ես շնորհավորում և ողջունում եմ քո առաջին գիրքը և սպասում նոր գրքերի:
Լավ ու բարի ցանկությոններով՝
Կիմ Աղաբեկյան
բ.գ.դ., պրոֆեսոր
4 դեկտեմբերի, 2015թ.
*Կ.Աղաբեկյանի լուսանկարը՝ www.gorsu.am կայքից
Комментариев нет:
Отправить комментарий