Սերո Խանզադյանի կյանքն ու ստեղծագործությունը անբաժան են հայ ժողովրդին վիճակված բոլոր փորձություններից, հայրենիքի ճակատագրից: Նրա ստեղծագործություններում տրոփում է հայրենքի ճակատագրի սրված զգացողությունը, սրտի մորմոքը հայության ապրած մեծ ցավի նկատմամբ, նաև հավատը՝ ամեն գնով պատմության հարվածներին դիմանալու, գոյատևելու, արարման ուժով զորանալու…
Խանզադյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում եղեռնյան թեմաներով գրված ստեղծագործությունները, որոնք նվիրված են ոչ միայն 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին, այլև այդ տարիների հերոսական դրվագներին՝ հայ մարդու ազգային արժանապատվության, մաքառման ոգու, կենսասիրության ընդգծումով: Գեղարվեստական գործերում արտահայտած գաղափարները Խանզադյանը տարբեր առիթներով արծարծել է նաև հրապարակագրական էջերում, հարցազրույցներում՝ թարմ լիցքեր հաղորդելով պատմության վերաարժևորման, հայ դատի հանրայնացման գործընթացին:
Ձեզ ենք ներկայացնում արխիվային մի ուշարժան նյութ՝ <<Գրական թերթ>>-ի՝ 1990 թվականի ապրիլի 20-ի համարում տպագրված Խանզադյանի <<Դեպի արարում>> խորագրով հրապարակախոսությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 75-ամյա տարելիցին:
Հոդվածը, կարելի է ասել, հորդոր ու պատգամ է սերունդներին, որում Խանզադյանը շեշտում է գոյապահպանության պայքարում հոգևոր մաքառումների անգնահատելի նշանակությանը, արարման ուժի խորհուրդը… Ուշագրավ փաստարկումներով են ներկայացվում ժամանակի իրողությունները, որոնք բեկվում են անցյալ-ներկա-ապագա փոխկապակցության մեջ և առավել հետաքրքաական դարձնում պատմության դասերի խանզադյանական արծարծումները:
Հոդվածն արդիաշունչ է նաև մեր օրերի համար և կարող է կամրջվել Եղեռնի 100-ամյակի խորհրդի հետ, դիտվել որպես մեծ գրողի խոսք-պատգամը ներկա սերնդին…
ԴԵՊԻ ԱՐԱՐՈՒՄ
Ես հայոց Մեծ Եղեռնի տարեկիցն եմ: 75 տարի: Մեր ազգի ողբերգության վերաբերյալ ասելիքս ասել եմ <<Խոսեք, Հայաստանի լեռներ>> վեպիս մեջ, էլի՝ այլ տեղեր: Ասելիքս ասել եմ, երբ 1965-ին փորձեցինք նշել 1915-ի ցեղասպանության 50-ամյակը: Եվ ոչ միայ ես, շատե՛րը, մեր ո՛ղջ ժողովուրդը: Բայց Մոսկվայից այնպիսի աղմուկ բարձրացրին մեր դեմ, որ նույնիսկ եղեռնագործները զարմացան:
Հիմա՝ 75: Ծերության սկիզբը: Բայց սա մարդու համար, ոչ՝ ժողովրդի: Ժողովուրդը ծերություն չունի:
Նշենք, բայց ո՛չ ողբով, ո՛չ խնդրանքով՝ սրան-նրան: Ախր ո՞վ է մեր ցավը բանի տեղ դնում՝ Մոսկվա՞ն, Լոնդո՞նը, Վաշինգտո՞նը, թե՞ ... Բաքուն:
Խնդրանք չունենք ոչ մեկից: Ինքներս մեր սուգն անենք, մի ձեռքում՝ խաչ, մյուսում՝ գութանի մաճ: Սուգը՝ մեկ, գործը՝ հազար ու մեկ: Սա պիտի լինի մեր նշանաբանը: Այսպես պետք է պատասխանենք մեր չարակամներին:
Հայը ոչ մի ցեղի, ժողովրդի նկատմամբ երբեք ոչ մի ատելություն, նույնիսկ թեթևակի արհամարհանք չի ունեցել: Չունի այս սգո օրերին ևս: Յոթանասուն տարի է կերակրվում ենք <<սոցիալիստական եղբայրություն>> կեղծիքով՝ մեր հողը զավթած Ադրբեջան նորաթուխ հարևանի հետ: Եվ այդ հարևանը 1988-ին կրկնեց իր նենգ հոր՝ Թուրքիայի կատարած եղեռնը: Խորհրդային դարձանք, դարձանք կոմունիստ, բայց, ավա՜ղ... փայտը ձեռքներիցս գցեցինք:
Մեր ձեռքից ընկած փայտը երեկ Ղարաբաղի հայությունը բարձրացրեց՝ աստվածային արդարության պահանջով: Այդ փայտը հիմա մեր ձեռքին է և գնալով ամրանում է: Խորհրդային Միությունը չի ցանկանում ճանաչել հայերիս ցեղասպանությունը: Ինչպե՞ս ճանաչի: Խորհրդային Ռուսաստանը չէ՞ր, որ 1918-ին իր զորքերը հետ քաշեց Հայաստանից... Նա չէ՞ր, որ հայի Ղարսը, Նախիջևանը, Արցախը տվեց թուրքին:
Անգլիան չէ՞ր, որ 1918-ին մտավ Ռուսաստանի հարավային շտեմարանը՝ Բաքու, և թուրքին զենք ու զորք տվեց՝ մղելով Արցախի ու Սյունիքի դեմ:
<<Բարի>> Ֆրանսիան չէ՞ր, որ իր դաշնակից Հայաստանին լքեց ու Կիլիկիան տվեց Թուրքիային:
ԱՄՆ-ը չէ՞ր, որ 1918-ին հրաժարվեց ընդունելու տառապած Հայաստանի մանդատը:
Էլ ո՞նց հավատաս <<մեծերին>>:
Թուրքիան Հայաստանում շուրջ երկու միլիոն հայ ոչնչացրեց, մեկ միլիոն էլ քշեց հայի հողից: Խոնարհվեմ արաբական աշխարհի, Իրանի, Հունաստանի առջև, ռուսների, ուկրաինացիների, վրացիների առջև: Նրանք մարդկային եզակի բարությամբ մեկ միլիոն հայ փրկեցին:
Սա՝ պատմությունը: Իսկ այսօ՞րը:
Ասացի, որ ես Մեծ Եղեռնի տարեկիցն եմ: Եղեռնից հետո, 1920-30-թվականներին Հայաստանի բնական աճը աշխարհում առաջինն էր: Մեր ժողովուրդը այսպիսով ևս փրկեց իրեն: Փրկեց, ապրեց, կենդանացրեց ինքն իրեն՝ իր մի պատառիկ խանձված հողի վրա:
Ավաղ, հայերիս ցեղասպնությունը շարունակվեց խորհրդային օրերում, 1921-ին՝ կոտորած և Նախիջևանի բռնագրավում, 1937-38-ին՝ ջարդեր, 1949-ին՝ զանգվածային աքսոր:
Հետո՞: Հետո՝ 1988թ. Սումգայիթ: Այս մի ցեղասպանությունը՝ <<վերակառուցման ոգով>>: <<Որբի հայրենիք, ողբի հայրենիք>>. սա աղոթքի հետ ամեն օր հառաչում էինք քսանական թվականներին: Բայց ահա 1988-ին նորից հիշեցնել տվին...
Անկարան գոռում է՝ <<Հայերի ցեղասպանություն չի եղել>>: Բաքուն (արդեն հայազուրկ) գոռում է՝ <<Հայերի ջարդեր չեն եղել>>: Եվ Կրեմլը սա ընդունում է հալած յուղի տեղ... Ասում են՝ եզը վեր ընկավ, դանակավորը շատացավ: Բայց ո՛չ Կրեմլը, ո՛չ էլ Բաքուն չկարծեն՝ մեր եզը իրոք ընկած է:
Մեր սուգը մեղմելու տերը մենք ենք: Եկեք մենք մեր սուգը դարձնենք չարին դիմադրելու ուժ: Միայն՝ ու՛ժ, միասնությու՛ն: Մենք ամուր թիկունք ենք կանգնել ստրկությունից իրեն ազատ հռչակած Լեռնային Ղարաբաղին: Ինչքան էլ ջանան հայոց Ղարաբաղը նորից մտցնել թուրք-ադրբեջանցիների լծի տակ՝ չի՛ հաջողվի: Մենք ոգեկոչել ենք մեր ազգային ուժը:
Եղեռնի յոթանասունհինգ տարին արժանապատվությամբ նշելով, մենք յոթանասունհինգ անգամ կավելացնենք, կամրապնդենք մեր ուժերը՝ Ղարաբաղի ու, պարզ է, ողջ Հայաստանի դեմ այսօր շարունակվող ամեն տեսակի բարբարոսների արշավանքները հետ մղելու հաստատակամությամբ:
Դեպի՛ գործ: Դեպի՛ արարում: Պաշտպանությունն ապահովենք, սակայն գութանի մաճը բաց չթողնենք:
Մեր գործն ու պայքարը արդար են: Մենք կհաղթե՛նք:
Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий