07.02.2015

ԱՅՍՕՐ ՀԳՄ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Արկադի Ծատուրյանի բազմաշնորհ ու բազմավաստակ անունը ծանոթ է յուրաքանչյուր գրասեր սյունեցու: Նա վաղուց հեղինակավոր ներկայություն է մեզանում՝ իբրև բանաստեղծ, արձակագիր, երկարամյա մանկավարժ, հրապարակախոս, խմբագիր, մշակութային-գրական ձեռնարկների փնտրված բեմախոս: Հեղինակած տասնվեց գրքերով, կազմած ու խմբագրած մեծաթիվ ժողովածուներով ընթերցասեր հանրությանը ներկայացած գրչի անխոնջ աշխատավորն իսկապես արժանի է բարձր գնահատության: 
Կյանքի երկարամյա ճանապարհ անցնելով՝ նա այսօր մեր կողքին է գրական-ստեղծագործական լիության մեջ, երիտասարդական ավյունով, իրավ հայի, գրողի, մտավորականի արժանապատիվ կեցվածքով, մշակութային բարձր գիտակցությամբ, հանրանվեր մարդու հավաքական մտահոգություններով ու հանձնառություններով:
Նրանք, ովքեր ծանոթ են Արկադի Ծատուրյանի մտքի վաստակին, չեն կարող հարգանքով չհամակվել նրա անցած ճանապարհի, կուտակած գրական բերքի նկատմամբ: Նա գրի մարդու այն տիպարն է, որի ամբողջ կյանքը շնչավորված է գրական անդաստանի անդադար-անխոնջ հերկումով, մտքի աշխարհի մեջ խոհական խորասուզումներով: 
Լավածանոթ լինելով Ա.Ծատուրյանի գրական նախասիրություններին՝ համարումով պետք է խոսեմ նրա ստեղծած գեղագիտական արժեհամակարգի մասին, որի գլխավոր երակը հուն է առնում հայրենի հողից, ավանդույթից, պատմությունից, աշխարհայացքից, ինքնուրույն հղացումից՝ մարմնավորված առավելապես արձակի փոքր ժանրաձևերի մեջ: 
Գրողի, գրականության մարդու կոչմանը հավատարիմ՝ Ծատուրյանը պատմել, վավերագրել, հուշագրել է այն ամենը, ինչը տվել է նրան կյանքի լայնահուն ճանաչողությունը, կյանքի ճշմարտության անխաբ զգացողությունը: Ապրվածը, անհատական փորձառության բովով անցածը, վավերագրականը, ստուգապատումը արձակագրի ի՛ր մտասևեռումներն են: Ծատուրյանի արձակը մերթ պատմվածքի կառույց է, մերթ ակնարկի պատում, մերթ տպավորապաշտ նկարագրություն, այդքանով հանդերձ՝ մի գրաշխարհ, որ վաղուց բռնել է ընթերցողի սրտի, ճաշակի հետ հարազատություն պահող երակը: 
Կենսական այն ապրումներն ու տպավորություները, որոնք բանաստեղծութամբ չկարողացավ խտացնել, հանձնեց արձակի թռիչքներին, և այդ դաշտում արձանագրեց նվաճումներ: Հայ գեղարվեստական արձակագրության արժանավոր էջերից են Ծատուրյանի  <<Մի՛ կրակեք հայերի վրա>>, <<Ապրելու իրավունքով>>, <<Առանց հայրենիք չի կարելի>>, <<Հայրենիքը սկսվում է ծննդավայրից>>, <<Ծուխ ծխանի>> ժողովածուները, որոնցում շահեկան արծարծումներ է ստացել արդի հայ արձակում այժմեականություն պահպանող Արցախյան պատերազմի թեման: Որպես արձակագիր՝ Ծատուրյանը ձևավորվել է հենց պատերազմի նյութի գրականացման փորձով: Արցախյան ազատամարտի թեման, առհասարակ, գրողի տարերքն է և լայնորեն տողանցում է նրա ստեղծագործությունը: 
Ծատուրյանի հիշյալ ժողովածուներում ի մի բերված գրվածքներից շատերը բնույթով փաստավավերագրություններ են, ակնարկներ, հուշագրային, օրագրային նոթեր, քան պատմվածքներ՝ գրական տեսակի հատկականությամբ: Որոշ պատումներ դրվագային բնույթ են կրում կամ հեղինակի զրուցախոսություններն են՝ հաճախ վերամբարձ ոճավորումով: Քարոզչականությունը տեղ-տեղ թուլացրել է դեպքերի կուռ-հետևողական զարգացումը: Բոլոր դեպքերում հեղինակը պատումի մեջ է ներքաշել իր պատերազմական տպավորությունները և պատմաքաղաքական բազմաթիվ տարրերի համադրությամբ իմաստավորել տեսած դեպքերն ու լսած պատմությունները ֆիդայիների կյանքից:
<<Ապրելու իրավուքնով>> ժողովածուի առաջաբանում հեղինակը բնութագծում է նյութի տեսածիրում դիտված իրականությունը. <<Սա մեր տեսած ու ապրած օրերից հյուսված գեղարվեստապատում ասք է՝ ժամանակաշրջանի պատմական անցքերի և իրադարձությունների ֆոնի վրա: Իրադարձություններ, որոնք իրոք պատմական են, բայց դեռ չեն հասցրել դառնալ պատմություն>>: Ծատուրյանի հեղինակած գրքերի մեծ մասը թեև պատկանում է գեղարվեստական գրականությանը՝ իբրև պատմվածքների ժողովածուներ, այնուամենայնիվ իրական կյանքից քաղված լինելու հեղինակային հուշարկումն իսկ շեշտում է դրանց փաստագրական ենթահողը:
Գրողը ոչ մի պարագայում չի հեռանում վավերականությունից, ճանաչելի է թողնում կերպավորված անձանց՝ նշելով նրանց իրական անունները, նույնիսկ՝ մականունները: <<Առանց հայրենիք չի կարելի>> ժողովածուի պատմվածքներից մեկում հեղինակը գրում է. <<Ուզում եմ բոլորին մեկ-մեկ հիշել: Ամեն մեկի մասին դրվատանքի մի խոսք ասել: Չէ՞ որ նրանք արժանի են մեծարման>>: Տղերք - այսպես է հեղինակը անվանում նախակերպարային հավաստիություն ունեցող հերոսներին, ովքեր մարտնչել են ինքնապաշտպանական տարբեր գծերում: Պատմվածքներից մեկում(<<Գյուղը ոտքի է կանգնում>>) գրողը ուղղակի <<ցուցակագրել է>> նրանց՝ թվարկելով հարյուր չորս անուն-ազգանուն՝ կամովին զինվորագրված ազատագրական պայքարի: <<Իրենց լեռների պես կարծր>> տղերքի կերպարներն էլ գրական ներշնչումների են տարել գրողին:
Ծննդավայր Խնձորեսկի ինքնապաշտպանական դրվագները՝ ջոկատի հրամանատար Սանոյի գլխավորությամբ, փառազարդում են Ծատուրյանի ռազմաճակատային արձակը: <<Առանց հայրենիք չի կարելի>> ժողովածուն գրողը նվիրել է ազատամարտում զոհված խնձորեսկցի ազատամարտիկներին և առանձնաշեշտել նպատակը՝ պատկերել <<լեգենդար Սանոյի ու նրա ջոկատի մարտական ուղին, սխրանքները>>: 
Գրողի համար դժվարին գործ համարելով ժամանակակցին կերպավորելը՝ Ծատուրյանը մտավախություն է հայտնում մի նուրբ խնդրի շուրջ՝ կկարողանա արդյոք ընթերցողին համոզել, որ հերոս կարող է լինել իր կողքին ապրող, իր հետ առօրեական շփումներ ունեցող մարդը: Մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկներին ժողովուրդը արժանապես սրբացրել է, հերոսացրել, իսկ ովքեր կռվի դաշտում ճակատագրի բարեհաճությամբ կենդանի են մնացել, այսօր ապրում են մեր կողքին՝ որպես սովորական մարդիկ: Նրանց անունն ու գործը նույնպես արձակագիրը ամենայն վավերականությամբ կյանքից տեղափոխում է գրականություն՝ ժամանակակից ընթերցողին ցույց տալու, որ նրանք երբևէ զենքը ձեռքին մաքառել են թշնամու դեմ և կենդանի հերոսներ են՝ արժանի իր հիշատակող ու մեծարող գրչին: 
Տագնապելով իր ժողովրդի ճակատագրի համար՝ Ծատուրյանն այդ տագնապն արտահայտել է ամեն կերպ և ամեն առիթով՝ երբեմն հռետորական-քարոզչական զեղումներով խեղդելով ասելիքը նեղ փաստագրության մեջ՝ մի կարևոր դեպք, կենսադրվագ փրկելու և պատմությանը պահ տալու առանջահերթ միտումով: 
Ազգային կյանքի ծանր օրերի ականատեսը արձանագրում է փաստը՝ չհետևելով պատմվածքի զարգացման ներքին տրամաբանությանը՝ ջանալով կորստից փրկել Արցախյան գոյապայքարում իր հայրենակիցների սխրանքների հիշատակները: Հերոսամարտի ուշարժան անցքերը հիշատակելու-վավերագրելու հրատապ մղումով Ծատուրյանը հաճախ զրկել է իրեն գրողական հնարքներից, երևակայության ընձեռած թռիչքներից, կենսանյութը ստեղծաբանական-գեղագիտական մշակման ենթարկելու գրական ազատությունից, նյութի թելադրած ոճակառուցվածքային յուրատիպ լուծումներից և ընտրել է գեղարվեստական խոսքը կաշկանդող առարկայական ճշգրտության <<զսպաշապիկը>>: Դրանով հանդերձ՝ նա կարողացել է պահպանել գեղարվեստական խոսքի մայր հատկանիշների մեծ մասը՝ անբռնազբոս ոճը, լեզվական դյուրահաղորդությունը, հուզավառ տողանցումները: Տարբեր գործերում նրան հաջողվել է հոգեբանական պահեր և ներքին դրամաներ բացահայտել: Ծատուրյանի ստեղծագործությունները հատկանշվում են ոչ միայն նյութի հետաքրքրությամբ, այլև հաճելի պատմողականության յուրահատուկ ոճով: 
Ծատուրյան անհատի ու ստեղծագործողի ուրույն դիմապատկերը ամբողջացնում են հայրենի եզերքին նվիրված բանահյուսական-ազգագրական բնույթի աշխատությունները: Ծատուրյանը առանձնահատուկ, գրեթե առաքելական նվիրվածություն ունի ծննդավայր Խնձորեսկի նկատմամբ: Ընթերցողի առջև իր գյուղին, իր բնաշխարհին հավերժորեն սիրահարված մարդն է, հողի արյան դարավոր կանչով կրկին հողին միախառնվելու երանավետ զգացողությամբ իր կյանքի ճանապարհն անցնող գրի երդվյալ սպասարկուն, ով նույնանշանակ չափանիշներով էլ ստեղծեց հոգևոր կյանքի վավերականություն ունեցող իր գեղարվեստական գործերը: 
Ծատուրյանը նաև հմուտ բանահավաք է և ջանք ու մտաեռանդ չի խնայել՝ մոռացումից փրկելու բնօրրանի հոգևոր հարստությունները և դրանք կրող մարդկանց՝ խնձորեսկցիներին: Ծատուրյանի պատմվածքներով, բանահյուսական վկայումներով գրականություն է մտել խնձորեսկցիների ապրելու բարոյականությունը, գունեղ լեզվամտածողությունը, յուրօրինակ աշխարհատեսությունը, հնարմատ սովորություններն ու կենցաղավարությունը: 
Ուշադրության են արժանի Ծատուրյանի կազմած ժողովածուներն ու անթոլոգիաները (<<Սյունիքի գրողները մանուկների մասին>>, <<Գորիսապատում>>, <<Մեր Այվազյանը>>, <<Ստեղծագործում է Սյունիքի երիտասարդությունը>> և այլն), որոնց շարքում առանձնակի է մեծանուն հայրենակցին՝ Սուրեն Այվազյանին նվիրված հուշագիրքը՝ ծնված գրողի հետ մարդկային ու ստեղծագործական շփումներից, գրական ու բնօրրանային ծագումնաբանության հարազատությունից: Հուշապատումների, գողտրիկ ճեպազրույցների, տպավորիչ ինքնաբնութագրումների ու ձոներգերի այդ անհրաժեշտ ժողովածուն գալիս է լրացնելու ոչ միայն Այվազյան արձակագրի մասին ընթերցողի հոգեդարանում եղած պաշարը, այլև նրա առջև բացում է Այվազյան մարդու գեղեցկորեն պարզ ու հարազատ հոգեաշխարհը: 
Ծատուրյանի <<Թուրուսի խութի գրավումը>> գրքից մինչև <<Հույսի ճանապարհ>> երկարող մայր երակը իրապես կազմում է գրական մի ծրագիր, որի բնութագրումը մեկ բառով ամփոփելու համար կարող ենք դիմել վկայագրություն եզրույթին: 
Մեծապես խրախուսելի են նաև Ծատուրյանի՝ որպես ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահի ջանքերը՝ գրական գործի կազմակերպման, ստեղծագործական ծրագրերի իրականացման արդյունավոր փաստերով: 
Հուսանք, որ Արկադի Ծատուրյանի միտքն ու գրիչը այսուհետ էլ դալար ու բեղուն կլինեն՝ ստեղծագործական նոր հղացումներով առլեցուն: 
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Տպագրվել է <<Սյունյաց երկիր>> շաբաթաթերթում. 2014-09-18, N 331(23)










Комментариев нет:

Отправить комментарий