07.01.2015

ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ / «Չմոռացա նրա վերջին դասը...»

Հատված Սուրեն Այվազյանի <<Ասուր, հե՜յ, Ասուր>> վիպակից

Երեկո է, դուրս եմ եկել պատշգամբ, տարվել եմ պարտեզի հրաշքով: Ցերեկը մանրահատիկ ձյուն է տեղացել, դադարել, երկինքը լցվել է աստղերով, իսկ աստղալույսի տակ, ինչպես հեքիաթում, ծառերն արծաթից են: Նրանք աննկատելի օրորվում են և պլպլում: Զարմանում եմ, թե գիշերվա մեջ որտեղից են ստեղծվում այդ գույները: Եվ այնուամենայնիվ համատարած, շարժուն սպիտակությունից հետո մարդու կարոտ եմ զգում: Կարոտը կեղեքիչ տխրություն է ծնում: Ուզում եմ ներս գնալ, մեկը բարձրանում է սանդուղքով: Փոստատար Քոթին է, ծերացած, բայց դեռ առույգ, աշխույժ Քոթին, որ միասին սովորել ենք մինչև չորրորդ դասարան, հետո չուզեց սովորել, թեև ոչ մի առարկայից վատ չէր ստանում: Տարիներ անց հարցրի. <<Քոթի, ինչու՞ չսովորեցիր>>: <<Սովորեի, կարող է մեր գյուղից տանեին ուրիշ գյուղ: Ուրիշ գյուղում մեռնեի>>,- ասաց մի քիչ կատակով, մի քիչ լուրջ:
Ուշ ժամին փոստատարի հայտնվելը կամ ուրախացնում է, կամ տխրեցնում: Քոթին դա գիտե և իսկույն հանգստացնում է.

-Հեռագիր չէ, նամակ է, ասի շուտ տեղ հասցնեմ, իմ մենակ ընկերը մի քիչ էլ նամակով օրն անցկացնի:
-Դու միշտ խելոք ես մտածում, Քոթի:
Քոթին ամեն առավոտ աշխարհին խաղաղություն մաղթելով մի բաժակ թթի օղի է խմում ու մինչև մյուս առավոտ թվում է այդ մի բաժակ օղու ազդեցությամբ է, որ աշխույժ է: Եվ որևէ մեկը չի կարող երկրորդ բաժակը խմեցնել:
Ես խնդրում եմ.
-Քոթի, մի-մի բաժակ՝ մեր անցած օրերը հիշելով...
-Օ՜, Ասուր, ինչու՞ ես ուզում, որ հարբեմ անցած օրերը հիշելով: - Եվ մի կարճ պահ տխրում է Քոթին: - Սոված, ծարավ, տկլոր, դու սովորեցիր, ես չսովորեցի: Դու կգնաս... և կմնաս, ես կգնամ ու վերջ...
-Դատարկ բաներ են, Քոթի:
-Հա՞... Դե, որ ասում ես, բեր խմենք աշխարհի դատարկության կենացը:
Քոթին գնում է. ես բաց եմ անում նամակն ու կարդում. <<Հարգելի Ասուր Ազյան, ես միշտ ցանկացել եմ տեսնել ձեզ, բայց ինձ ասացին, որ գյուղումն եք ապրում: Խնդրում եմ երկու տողով հայտնեք, թե 1931 թվականին դուք սովորե՞լ եք Գորիսի մանկավարժական տեխնիկումում: Եթե սովորել եք, ուրեմն դուք իմ ուսանողն եք եղել: Ես ինձ երջանիկ կզգամ, եթե դա այդպես լինի:
Հարգանքով՝ Սաղաթել Սաղաթելյան>>:
Եթե ապրում է իմ պաշտելի ուսուցիչ Սաղաթել Սաղաթելյանը, ապա ես քանի տարեկան էլ լինեմ, երեխա եմ, իրավունք ունեմ երեխայի պես լաց լինելու կարոտից: Հիշել այն օրերը... Հիշել, թե ինչպես նա մի անգամ ինձ տարավ իր սենյակը, կերակրեց տապակած վերմիշելով, որ ես երբեք չէի ճաշակել, ու բուռս փող դնելով սեղմեց, որ ես չհրաժարվեմ. <<Կոշիկ կառնես: Սառնամանիք է, իսկ քո ոտքերը...>>:
Իմ կյանքում մի օր չի եղել, որ չհիշեմ իմ ուսուցչին: Նրան փնտրել եմ՝ դիմելով բոլոր հասցեասեղաններին, բայց անկետային հարցերի բոլոր պատասխանները չէ, որ կարողացել եմ տալ, ու չեմ գտել:
Եվ ահա քառասունհինգ տարի հետո ինքն է ինձ գտել:
Լաց եմ լինում, ինչպես միայն որբը լաց կլինի, և իմ մենակեցությունը թուլյ չի տալիս զսպել ինձ: Երբ կարողանում եմ զսպել, իսկույն էլ նամակ եմ գրում, որ սպասում եմ իրեն, ինչպես մթան մեջ՝ լույսին:
Ու սպասում եմ:
Մի ամիս:
Երկու ամիս:
Ընկեր Սաղաթելյանը պետք է որ ութսունն անց լինի: Տանջվում եմ և ավելի շատ եմ հիշում...
Նստած եմ պարտեզի խաչքարի մոտ, մարմնով արևի ջերմությունն եմ վայելում, աչքերով՝ աշնանային գույների խաղը: Մի ավտո կանգ է առնում ցանկապատից այն կողմ և նրա միջից դուրս է գալիս... աստված իմ... թիկնեղ, ձիգ, փառահեղորեն ճերմակ: Քայլում է ձեռնափայտը ոչ թե հենելով, այլ խաղացնելով: Ես ընդառաջ եմ գնում: Ա՜խ, եթե հնարավոր լիներ ծնկաչոք գնալ, ինչպես դեպի աստվածը:
Երբ ես հինգ-վեց տարեկան էի, հորեղբորս կինը, որ միշտ իշխում էր իր շրջապատի նույնիսկ տղամարդկանց վրա, ասաց, թե աստծու հրամանով հարություն են առնելու մեկից մինչև հիսուն տարեկան բոլոր հայ մեռելները: Հորս համարյա չեմ տեսել, բայց մի ակնթարթ այնպես լավ եմ զգում հայր ունեցող մեր տան ջերմությունը, հոր գուրգուրանքը, հոր տիրությունը...
Հորեղբորս կինը շարունակում է.
-Ասում են հայերը անարդարության, չարության ձեռքին այնքան են տանջվել, թե Քրիստոսից առաջ, թե նրա ժամանակ, որ պակասել են, և կարող էր վերանալ ազգը, եթե երևելի հայ հոգիները չգնային աստծու մոտ: Ասում են, երբ գնում են, նրանց լույսից աստծու աչքերը փակվում են: <<Ի՞նչ եք կամենում, հայեր>>,- հարցնում է աստված, աչքերը չկարողանալով բաց անել: <<Տեր, մեր երկրի վրա լույսը պիտի թագավորի, թե խավարը>>: <<Ոչ մեկը, երկուսն էլ պիտի լինեն>>,-ասում է աստված: Հայ հոգիները համաձայն չեն լինում աստծու հետ, բայց ասողն աստված է... <<Տեր մեր, խավարը շատանում է, գուցե նրա համար, որ լույսը քեզ թույլ չի՞ տալիս աչքերդ բաց անես>>,- ասում են հայ հոգիները: <<Գնացեք, կկշռեմ երկու կողմերը, եթե խավարն ավելի շատ լինի, կուղղեմ>>,-ասում է աստված, կշռում է և արձակում է այս հրամանը:
Երկար ժամանակ ես համոզված սպասում էի հորս՝ հայացքս գերեզմանատան ճանապարհին: Երազում տեսնում էի գերեզմանատան ճանապարհը՝ լիքը մարդիկ են, մի ծայրը գյուղում, մյուս ծայրը գնալով բարձրանում է բլրի գլուխը, որ <<հանգստարանն է>>, իսկ այնտեղ հողը եռում է:
Այսօր էլ, երբ իմ ծերացած մարմինը տաքացնում էի արևի տակ, հիշեցի հորեղբորս կնոջ այդ զրույցը: Աշնանային գույների միջով նայում էի գերեզմանատան ճանապարհին, երբ ավտոմեքենայի ձայնը իր կողմը հրավիրեց իմ ուշադրությունը: Եվ ահա վաթսունվեց տարեկան մարդու քայլվածքով և վեց տարեկան երեխայի կարոտով ես գնում եմ դեպի իմ հայրը, որ հարություն է առել և գիրկը լայն բաց արած մոտենում է ինձ: Մենք գրկախառնվում ենք և լաց ենք լինում անսահման ուրախությունից ու անսահման տխրությունից:
Նստում ենք և տունը ամեն օրվա նման չէ: Տունը լցվել է կյանքով, շնչում է: Մենք խոսում ենք՝ ժամանակն իրարից խլելով: Խոսում ենք՝ ուսուցիչ և աշակերտ: Ուսուցիչս աշխատում է վերացնել մեր միջև եղած սահմանը, ես ամրացնում եմ: Միշտ չէ, որ հաճելի է հավասարությունը: Որդիները պետք է պաշտեն ծնողների իշխանությունը: Օ, այդ իշխանության մեջ այնքա՜ն իմաստալից ազատություն կա...
Այդ երեկո մենք միայն իրար առողջություն ենք հարցնում և նայում իրար, և ուզում ենք անվերջ նայել ու լռությամբ ասել այն բոլորը, որ ժամանակը չի բավականացնի խոսքով ասել:
Մյուս օրը նախաճաշում, դուրս ենք գալիս պարտեզ: Քայլում ենք ծառուղիներով:
Չես հասնի երբեք քեզնից տասնհինգ տարի առաջ ճամփա ընկածի ետևից... Եթե նա տեղում չի արել: Ես սպասում եմ, որ ուսուցիչս սկսի դասը... նա ուշացնում է: Քայլում ենք, և նա հաճախ է գայթում. ուշքը շրջապատի վրա է: Շրջապատում քարացած հարսանիքներ են, մարտի մտած քաջեր՝ ձիավոր և հետիոտն, հովիվներ են՝ յափունջիներով, թագադրվող թագավորներ են՝ ծնկաչոք եղած կաթողիկոսների առաջ, թագավորներ են թագուհիների հետ, որ օծման արարողությունից հետո դուրս են եկել վայելելու ժողովրդի ցնծությունը: Տներ են քերծերի մեջ, քերծերի արանքում իրար վրա բարձրացած տներ են, և վերջին տները երկնքում են՝ սրահի սյուներով, տակի կտուրներից վեր տանող սանդուղքներով, աշխարհին երկնքից նայող լուսամուտներով, և նրանց շուրջը զուլալ երկինքն է:
-Սա հեքիաթ է: Հեքիաթը մարդուն նրբացնում է, քնքշացնում, քնքուշ սիրտ պետք է ունենան այս աշխարհում ապրողները,-հեքիաթ պատմելու պես է ասում ուսուցիչս և սպասում, թե ես ինչ կասեմ:
Ես ասում եմ.
-Այս ժայռերի մեջ միայն քնքուշ սրտեր չէ, որ ծնվում են: Սյունիքի ծնունդ են Իսրայել Օրին, Մելիք-Ֆարամազյան Մեհրին, Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Զորավար Բալին: Եթե քնքուշ լինեին նրանց սրտերը, պարսիկները, թուրքերը, թաթարները, որ մտել են այս ձորերը, չպետք է դուրս գային:
Շարունակում ենք քայլել: Ուսուցիչս մտքերի մեջ է: Երկար է մտածում ու ասում է.
-Ես կարծում եմ քաջությունը քնքուշ սրտերից է ծնվում: Որքան խորն է մարդու մեջ հայրենասիրությունը, այնքան խորն է զայրույթը թշնամիների նկատմամբ: Այսպես ամեն բան... Սիրում ես մեկին, ուզում ես կյանքդ տալ նրա համար: Քնքուշ սրտերն են, որ սիրում են: Դաժան, բիրտ մարդիկ երբեք չգիտեն խոր սիրել: - Իր ասածների վրա նորից մտածում է ուսուցիչս ու հարցնում է ինքն իրեն. - Կարո՞ղ է, սխալվում եմ:
-Երբեք: Ժայռեղեն մարդիկ, քնքուշ սրտերով, որ կարծրանում են չարության դեմ... Միանգամայն ճիշտ է,-ասում եմ:
Ուսուցիչս կանգնում, նորից ուշադիր և ակնածանքով նայում է կնճռոտված ժայռերին, կապտագույն մթությամբ լցված ձորերին, իրար ջերմորեն գրկած, ջերմորեն իրար ուսի բարձրացած տներին, որոնց մեջ քնքուշ ու քաջասիրտ մարդիկ են ծնվում...
-Մենք պետք է ժայռեղեն լինենք և այս տների պես իրար մեջ մտած՝ կոլեկտիվ ուժով, որ ապրելը հեշտ լինի: - Տների, ժայռերի հետ է խոսում:
Մի շաբաթ է ինձ հյուր մնում իմ ուսուցիչը: Խոսում ենք գերազանցապես այն հարցերի շուրջ, որ ինքն է բարձրացնում: Նա երբեք չհիշեցրեց տեխնիկումի իմ ծանր օրերը, առաջին իմ պատմվածքի պատմությունը, իր դերը, որ այնքան մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում:
Ես հիշեցրի: Նա ասաց.
-Բարություն չէ մարդու մեջ լավը նկատելը և խրախուսելը: Երևի մի քիչ հասկանալու հետ է կապված, մի քիչ շրջապատի նկատմամբ հոգատար լինելու հետ: Հապա էլ ո՞րն է ուսուցչի դերը:
Նա գնաց, ու այլևս չտեսա և չմոռացա նրա վերջին դասը. <<Քաջությունը ծնվում է քնքուշ սրտերից...>>, <<Լավը նկատելը բարություն չէ, մի քիչ հասկանալու հետ է կապված, մի քիչ շրջապատի նկատմամբ հոգատար լինելու հետ: Հապա էլ ո՞րն է ուսուցչի դերը>>: 

Комментариев нет:

Отправить комментарий