08.01.2015

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Երեք երգ Սուրեն Այվազյանին

Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս
Ձյուներիդ տակ թողած
Գարուններիդ համար,
Կգաս իզուր անցած,
Անդարձ երազ դարձած
Ամառներիդ համար:
Կգաս բարի, անքեն
Ժպիտներդ առած՝
Մթնաձոր տանող
Աշուններիդ համար:
Կգաս ձմեռներդ
Արևներով հուշի
Ե՛վ քեզ, և՛ ուրիշին
Տաքացնելու համար:
Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս,
Անսեր, անսիրտ մարդկանց
Խաթարումով անմիտ՝
Չերգած երգիդ համար:
Կգաս մի պուտ սիրո
Գիշերներդ լույսի
Անսուտ երանության
Վերածելու համար:
Կգաս հողոտ, շողոտ,
Լույսերի հետ շաղված
Մորդ քնքշանքների
Առասպելի համար:
Կգաս կրկին գերված՝
Բարձրիկ քո սարերին,
Անքուն քո հավքերին,
Ծառ ու թփին, քարին
Վերծանելու համար:
Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս,
Կգաս և ինձ համար,
Անծիր տխրությունս
Փարատելու համար.
Միայն, ի սեր Աստծո
Միայն երազներում,
Ասու՛ր, տխուր չգա՛ս:

     2
Ինչ ունեիր-չունեիր քամուն տվեցիր,
Թե ինչ եղավ և ինչու՝ ինքդ էլ չիմացար,
Մի կուճ լույսին ի խնդիր՝ արյուն տվեցիր,
Բարիդ չարիք դարձրիր, խնդությունդ՝ ցավ:

Ցուրտ էր աշխարհն ու քաղցած՝ աչքդ բացեցիր,
Անտիրությունը՝ Աստված, և Աստված՝ անտեր,
Մորդ տխուր աչքերում օրդ լացեցիր,
Սիրո սափորն էր եղծված և գութն՝ առասպել:

Բարին՝ անգո մի թռչուն, անեղծ քո հոգում
Բարձրիկ իր բույնն էր հյուսել՝ մարդիկ չիմացան,
Անքուն-անտուն մի ինչու կյանքդ մորմոքում,
Լույսի տաճարդ անում մատուռ-քարանձավ:

Ինչու՞ է տառը զորեղ և բանն անկարող,
Ապաշնորհը ճարպիկ, կոչյալը՝ անտեր,
Ինչու՞ է մարդն արարել այսքան քեն ու ոխ,
Արդար վարքի ու փառքի շնորհն իր բանտել:

Եվ ինչուներ, ինչուներ սիրտդ այրեցին,
Ինչպե՞ս եղավ և ինչու՞, ինքդ էլ չիմացար,
Մի կուճ լույսին ի խնդիր՝ արյուն տվեցիր,
Բարիդ չարիք դարձրիր, խնդությունդ՝ ցավ:

     3
Ծառերդ շվաք են անում,
Հուշերդ՝ այրում,
Հայացքդ երկնքում է,
Դու՝ մութ քո քարայրում:
Ծառերդ բար են տալիս,
Բառերիդ համը չունեն,
Օրեր են, անցնում են, գնում.
Էն քաղցրիկ ժամը չունեն:
Երբ բանը վերհուշիդ արևով
Լցվում էր, լսվում, քաղցրանում,
Ձորերիդ աղբյուրի հանգով
Զրնգում, զանգում, թանձրանում...
Լուսնկան կախվում էր գյուղիդ
Լույս ու մութ երազի վրա,
Եվ հեռվում մեկը երգում էր
Տխրությու՞ն, թե՞ այրող կրակ:
Նազիրան կնոջ պես մի քար
Եվ այր մի՝ թիկնեղ մի քերծ,
Հորիզոնն առել տիրաբար,
Բացել են զրույց ու վեճ,
Լռության մի լարի վրա
Ծղրիդները՝ քարերը մեղմում,
Փակում են կոպերը ձորերիդ
Եվ անտուն երազներ զեղում:
Եվ մայրդ կանչում է՝ Ասու՜ր,
Տիրամոր նման է կանչում,
Ղողանջում են սեզ ու մասուր,
Մոր սերն է քնքուշ ղողանջում:
Երազներն անցնում են գնում,
Ծառերիդ կանաչի սնարին
Կարոտի լազուրն է մնում:  

*Սուրեն Այվազյանի լուսանկարը տրամադրել է նրա որդին՝ Ավետիք Այվազյանը:
Արտատպելիս հղումը կայքին պարտադիր է: 

Комментариев нет:

Отправить комментарий