27.12.2014

ԴՈՒԽԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Դուխիկ Հայրապետյան,  Իմ շող շաղիկներ, Գորիս, 2014, 166 էջ: 
(Մանկապատանեկան բանաստեղծություններ և արձակ)

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Աստիճանները հետաքրքիր հորինվածք են՝ անհրաժեշտության բերումով: 
Կյանքում էլ ամենուր աստիճաններ են: 
Գրականության մեջ դա մի այլ դրսևորում ունի. դա սարքած-հնարածին չէ՝ դա գենով է, օժտվածության. արյան ու ավշի մեջ ունեցած սիրո չափով է: Դա ստեղծագործելու ներկապնակ է, դա տեսնել-նկատել-արտածել ոգեղեն շնորհք է, որ գալիս է մարդուս հետ, երբ կանխորոշվում էր նրա արարումի իրողությունը:
Քիչ երկարած նպատակ ունի ասելու, որ ամեն գրականություն հեղինակի՝ զգացում-զգացմունքներով շաղախված աշխարհընկալման արտացոլանքն է և, գեղարվեստականության ուժ ու թափից զատ, ամենագնահատելին անկեղծության չափն է, սեփական տեսակի անպաճույճ ներկայացումը, անճիգ խոսք-պատկերը, անկաշառ սերը մարդուս, բնության, արյան արմատների կենդանի կանչի, անգամ՝ սեփական...թուլությունների նկատմամբ: 
Կարդում եմ Դուխիկ Հայրապետյանին ու միանգամից, մեկեն մտածում. մարդն այս՝ կենսախնդությամբ լի կին-բանաստեղծուհին, ասում է այն մասին, ինչը զգում-ապրում է, ասում է այնպես, ինչպես կարող է՝ տրված է, համոզել-պարտադրելու ճիգ չի թափում՝ ասես, ասում է, որովհետև...
Որովհետև նա իր զավակին ու բոլորին հորդոր ունի՝ <<Ծեգ-ծեգող լույսի ցոլքերով աչքերը լվալու...>>: 
Որովհետև նա <<... Արահետներն է փնտրում այն կորած, որտեղ՝ ամպի, որոտի տակ է հարսնացել...>>:
Որովհետև ցավում է <<... Անորոշության մեծ քաոսում անվերջ բարակող հույսի հավատի>> համար...
Որովհետև խղճում է <<...Աստծուց մերժված, վարձկան հավատքով մարդկանց>>...
Որովհետև <<... Սրտի կարոտն անհագ դեգերումների մեջ է...>>:
Որովհետև սիրում է կյանքը... 

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՀ Լրագրողների միության անդամ

Комментариев нет:

Отправить комментарий