09.03.2014

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ / Արձակ


Արձակագիր, բանաստեղծ Արկադի Ծատուրյանը ծնվել է 1937 թվականին Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել է մանկավարժական բարձրագույն կրթություն: Ավելի քան 45 տարի աշխատել է հայրենի գյուղում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Երկար տարիներ պաշտոնավարել է հայրենի դպրոցում՝ որպես ուսմասվար, ապա՝ տնօրեն: 
Պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով: 
Այժմ Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահն է: 
Ա.Ծատուրյանը տասնվեց գրքերի հեղինակ է (<<Կատակում, զվարճանում, սրամտում է Խնձորեսկը>>, <<Թորոսի խութի գրավումը>>, <<Արքաների խիղճը>>, <<Հողի սիրով>>, <<Զանգեզուրյան տաղեր>>, <<Մի՛ կրակեք հայերի վրա>>, <<Ապրելու իրավունքով>>, <<Առանց հայրենիք չի կարելի>>, <<Հայրենիքը սկսվում է ծննդավայրից>>, <<Ծուխ ծխանի>>, <<Մարդ էլ կա, մարդ էլ>>, <<Ծիծաղում է Խնձորեսկը>>  և այլն): 
Ստորև ներկայացնում ենք պատմվածքներ <<Ծուխ ծխանի>> ժողովածուից: 

ՔՈՒՍՊԸ

Մարտիրոսը որբ էր: Վեց տարեկան է եղել, երբ հայրը մեկնել է պատերազմ ու այլևս չի վերադարձել: Մայրը՝ այրի Մանուշակը, ամուսնու մահվան թուղթը բարձի տակ էր պահում և ամեն քնելուց առաջ վերցնում, նայում, ախ էր քաշում ու նորից դնում տեղը: Մի նկար էլ էր մնացել հորից. կոկարդավոր գլխարկով, կոճակավոր տաբատով մի նկար, որ հորից մնացել էր Կապանի պղնձե հանքերում աշխատելու տարիներից: Ուրիշ ոչինչ:
Ա.Ծատուրյան, Ծուխ ծխանի,
Ե., 2007թ., 320 էջ: 
Դափ-դատարկ եկել էին գյուղ: Սկզբում մի կերպ հարմարվել էին տատի նեղ ու անհարմար տանը, հետո գտել ժայռի տակ ծվարած մի մութ ու դատարկ քարատակ, մտել մեջը: Լավ էր, որ քարատակը փոքրիկ թոնիր ուներ: Դա փրկություն էր, մանավանդ ձմեռվա համար: Թոնիրը վառում էին, պղնձե ամանի մեջ ջուր տաքացնում, կամ կարտոֆիլ խաշում: Հետո չորսոտանի, կարճ ոտքերով մի թախտ էին դնում  տաք թոնրի վրա, որ քուրսի էր կոչվում, կարպետով ծածկում քուրսին, մտնում տակը՝ ոտքերը կախելով թոնրի մեջ: Մայր ու որդի հաճախ այդպես էլ անում էին, հաճախ այդպես էլ քնում՝ գլուխները դրած քուրսու վրա: Բայց միայն քուրսին չէր: Կաղնեփայտից տաշած-տաշտշած մի թախտ էլ ունեին՝ մի հնամաշ վերմակ-ներքնակով: Գիշերները մայր ու որդի քնում էին թախտի վրա՝ աչքները սև-կուպր օճորքի  նեղլիկ երդիկին:
Մենակ իրենք չէին: Շուրջը համատարած թշվառություն էր: Պատերազմի տաիներին սովն այնքան նկատելի չէր, որքան դրանից հետո: Շատերն էին սովից մեռնում: Կերածները մի կտոր գարեհաց էր, էն էլ եթե ճարվում էր: Ալյուրին թեփ էին խառնում, որ խմորը շատանա: Շատ քիչ` կարտոֆիլն էր մարդկանց պահում: Առանց կարտոֆիլի հնարավոր չէր ապրել: Մարդիկ անհամբեր սպասում էին գարնան գալուն: Գարունը հենց բացվում էր, այնքան կանաչեղեն էին ուտում, որ մարմինները փքվում–ուռչում էր, չէին կարողանում քայլել: Մարտիրոսի բախտը մի քիչ բերել էր. հորթեր էր պահում: Գարուն, աշուն ու ամառ դաշտում էր, որտեղ բանջարը, մտիտեղը, կնձմնձուկը, մոռը, մոշը, ամեն ինչ լիքն էր: Ինչքան ուզում ես կեր:
Ձմռանն էր դժվար: Տնից հեռու՝ Նովերի ձորում, գոմի վերածված մի խոր քարայր կար: Հորթերն այդ գոմում էր պահում: Մի ամբողջ ձմեռ Մարտիրոսը հորթերի հետ էր, իսկ ձմեռը երկար էր տևում՝ ավելի քան չորս-հինգ ամիս: Այդքան ժամանակ պիտի պահես-պահպանես այդ մատղաշ անասուններին, այնպես անես, որ նրանցից մեկը հանկարծ չպակասի, չսատկի: Մարտիրոսը հորթերին լավ էր խնամում ՝ամբողջ հոգով ու սրտով: Նա գիտեր, որ այդ նուրբ ու մատղաշ արարածները առանձնահատուկ խնամք են պահանջում: Մարտիրոսի համար հորթերն աշխարհի ամենախեղճ ու միամիտ կենդանիներն էին, որոնց հեզ ու խոնարհ աչքերից անմեղություն է ծորում:
Շատ գիշերներ Մարտիրոսը լուսացնում էր հորթերի հետ՝ ախոռում փռված հարդի վրա: Շատ էր սիրում Մարտիրեսը այդ գնդլիկ դնչիկներով փոքրիկներին: Սիրում էր և ուրախանում նրանցով: Անսահման հրճվում էր, երբ  նրանք թռչկոտում էին իրար գլխով և առաջկտրուկ էին անում՝ ժամ առաջ տրված կերը վայելելու համար: Մարտիրոսը հաճախ գրկում էր նրանցից մի սիրունիկին, շոյում մեջքն ու փորը և համբուրում փափլիկ դնչիկը: Իսկ երբ նրանցից որևէ մեկը վատ էր զգում և քիթը կախ գցում, տխրում էր, ընկնում էր տրամադրությունը, և սկսում էր սեփական բռով կերակրել նրան: Ու այնքան էր խնամում, փաղաքշում, գուրգուրում, մինչև խեղճ արարածը աշխուժանում, ոտքի էր կանգնում:
Հորթերն էլ իրենց տիրոջն էին սիրում: Երբ Մարտիրոսը մոտենում էր նրանց, միահամուռ բառաչում էին իրենց մորը կանչող ձայնով: Իսկույն հավաքվում էին իրար գլխի,  փաթաթվում տիրոջ ոտքերին, դնչիկները վեր գցած լիզում տիրոջը վարտիքից մինչև շապիկ: Մարտիրոսը հորթերին կերակրելիս զգուշությամբ շոշափում, ստուգում էր, որ կերի մեջ որևէ բան, քար, երկաթալարի կտոր չլինի: Դրանք հանկարծ չընկնեն մատղաշների ստամոքսը: Մյուս անասունների համեմատ հորթերին լավ էին կերակրում: Զտած կաթից ու հյութալի խոտից բացի նաև խտացրած(կոմբինացված) կեր էին տալիս, որին քուսպ էին ասում: Քուսպը տալիս էին որոշակի չափով ու զոոտեխնիկի կողմից նշանակված նորմայով: Այդ չափի համապատասխան էլ Մարտիրոսը կերակրում էր հորթերին: Կերակրում էր առանձին–առանձին այնպես, որ բոլոր անասունները հավասար օգտվեն, ոչ մեկը սոված չմնա:
Մարտիրոսի պահած հորթերը իրենց ժրությամբ ու չաղլիկությամբ տարբերվում էին մյուս հորթապահների հորթերց: Դեռ չէր եղել, որ Մարտիրոսի հորթերից մեկը սատկեր կամ անտեղի կորուստ տար: Շատերն էին գնահատում նրա թափած ջանքերն ու ազնիվ աշխատանքը:
                                  ***
Այդ տարվա ձմեռն արտակարգ էր: Անընդհատ ձյուն էր գալիս ու չէր դադարում: Երկնակամարը փաթաթվել էր ճերմակ պաստառով: Հանդ ու դաշտի վրա մետրից ավել ձյուն էր նստել: Ժայռ ու քարափ ճերմակ քուրք էին հագել, պոպոզ փափախները քաշել աչքերին: Ճամփաները կապվել- կշկռվել էին :
Մարտիրոսը գոմի նեղլիկ պատուհանից նայում էր ձորի համատարած ճերմակությանը: Բաց պատուհանից սառն ու մաքուր օդը խուժում էր ներս: Մարտիրոսը ռունգերով ու բերանով ագահաբար ներս էր քաշում թարմ օդի շիթը: Թոքերը հաճելիորեն լցվում, ուռչում էին, իսկ ստամոքսը դատարկ էր: Առավոտից բան չէր դրել բերանը: Անտանելի սոված էր: Քաղցից նվում էր ստամոքսը, կոկորդը քորվում էր: Այնպիսի զգացողություն ուներ, կարծես մարմինը անց էին կացրել մսաղացի միջով: Զգում էր, որ այլևս դիմանալ չի կարող: Փորն այնպես էր կպել մեջքին, կարծես տարիներով հաց չէր կերել: Աչքերի առջև  քաոս էր , գլուխը չէր մնում ուսերի վրա: Ամբողջ մարմինը քաղցի ցավից տանջվում էր: Մշուշված ուղեղում միայն հաց էր պտտվում, իսկ հոտառությունը չեղած թոնրահացի անուշ բույր էր որսում: <<Ա՛յ քեզ բան, ինչպե՞ս է, որ մինչև հիմա գլխի չի ընկել>>,- միանգամից պայծառանում է Մարտիրոսի միտքը ու սոված, նվաղած աչքն ընկնում է երկար ունկերով դույլին, որի մեջ իր ձեռքով թրջած քուսպը գոլորշի էր արձակում նոր եփած ձավարով փլավի նման: Էլ ի՞նչ սպասել: Հաջորդ վայրկյանին նա խելագար հափշտակությամբ կռանում է դույլի վրա և ագահորեն սկսում ուտել քուսպի դեղնականաչ ու փափուկ զանգվածը: Այն, ինչ հորթերը պիտի ուտեին, ինքն էր ուտում: Ուտում էր իրեն կորցրած, ինքնամոռաց: Սկսել էր, մինչև վերջ պիտի ուտեր, մինչև կշտանալը պիտի ուտեր: Արդեն մոռացել էր, թե ինչ է ուտում: Ոնց որ աշխարհի ամենահամեղ գաթան ուտեր՝ զարմանալիորեն մեծ ախորժակով, առանց շուրջը նայելու: Եթե Մարտիրոսը մի քիչ գոնե աչքի տակով նայեր, կնկատեր, թե ինչպես գոմի դուռը կամաց բացվեց ու ներս մտավ ֆերմայի վարիչ Սերոժը՝ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ալեքսանի հետ: Եկել էին հորթերի վիճակը ստուգելու :
                                          ***
Նույն օրվա երեկոյան Մարտիրոսին կանչեցին գրասենյակից: Մարտիրոսը անհամարձակ ու գլխիկոր ներս մտավ ու խեղճ-խեղճ քաշվեց, կանգնեց մի կողմ: Ներսում շատ մարդ կար՝ նստոտած պատի տակ շարված աթոռներին: Երկար սեղանի հետևում նստած էր տնտեսության նախագահը, մի կողմից՝ ֆերմայի վարիչ Սերոժը, մյուս կողմից՝ վերաստուգիչ հանձնաժողովի նախագահ Ալեքսանը: Բոլորը ծաղրահայաց նայում էին Մարտիրոսին, բայց ռիսկ չէին անում որևէ բան ասել: Սպասում էին տնտեսության նախագահի խոսքերին: Վերջինս երկար սպասեցնել չտվեց: Սկզբում ոչնչացնող մի հայացք նետեց հորթապահի վրա, հետո շանթահարվածի նման արագ ելավ տեղից, մոտեցավ ու՝ շրը՛խկ, շառաչուն մի ապտակ դրոշմեց Մարտիրոսի դեմքին: Մարտիրոսը կուչ եկավ, բռնեց դեմքը, երերաց, բայց չընկավ: Նախագահը մռնչալով բացեց բերանը:
-Հիմա էլ անասունների՞ կերն ես ուտում, լակո՛տ: Էդ կերը հորթերի՞ն ենք տվել, թե՞ քեզ, վնասարար շա՛ն տղա: Բա մենք գնանք, արյան գնով մեր անասունների համար կեր բերենք, դու բռնես ու լափե՞ս…
Մարտիրոսը երկար այդպես մնաց գլուխը բռնած կանգնած, մինչև վարչության նիստ հրավիրվեց, ու նախագահի առաջարկությամբ հաստատվեց հետևյալ որոշումը. <<Հանրային ունեցվածքի վրա ապօրինի կերպով ձեռք բարձրացնելու համար հորթապահ Մարտիրոսը երկու ամիս ձրի պիտի աշխատի տնտեսության համար մինչև լիակատար հատուցվի նրա կողմից պատճառված վնասը>>:




Комментариев нет:

Отправить комментарий