06.03.2014

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ / Արձակ էսքիզներ

Ով ունի հայրենիք, նա որբ չէ: 

Ամեն մի պատմություն ես ընդունում եմ վերապահորեն, քանզի իսկապես եղածի ու մեզ հասածի տարբերությունը շոշափելի է: 

Հայրենիքը մայրական գիրկ է, հայրական հովանի: 

Գեղեցիկի զգացողությունը երջանկություն է: 

Ես չեմ հավատում, որ իրար չսիրող ծնողներից ծնվում են բարի ու մեծահոգի ժառանգներ: Ինձ թվում է, որ բոլոր չար ու դաժան մարդիկ հենց այդ ծնողների զավակներն են: 

Պարտքի զգացումը ՄԱՐԴ լինելու կարևորագույն հիմնակետերից մեկն է: 
Ստեղծագործողը ժամանակ ու թեմա միշտ էլ կգտնի: 

Խրթին ձևով գրող բանաստեղծների համար ուզում եմ ասել, որ բանաստեղծությունը որոշակի միտք պարունակող և գոնե միջին խավի համար հասկանալի, թարմ ու գեղեցիկ ձևով ասված գրական գործ պիտի լինի և ոչ թե հանելուկ: Ովքեր հակված են հանելուկներով խոսելու եղանակին, ավելի լավ չէ՞ իրենց գրքերի տիտղոսաթերթերին <<Բանաստեղծությունների>> փոխարեն գրեն <<Հանելուկներ>>: 

Քննադատելիս մի հայացք գցիր արժողությանդ: 

Հրաշալի մեղեդին միշտ նոր է ու թարմ: 

Խոսքն էլ զենք է, ուստի պահպանենք նաև նրա անվտանգության կանոնները: 

Սին փառքը մեծ աղմուկ է հանում և արագ լռում: 

Ամենաշնորհքով բանաստեղծն անգամ, բնության հետ համեմատած, թոթովախոս մանուկ է: 

Գրողներ ունենք, որոնց ստեղծագործությունները հարկավոր է հայերենից հայերեն թարգմանել: 

Բանաստեղծությունն ինձ համար ուղեկցորդ է, գրականագետ, ընթերցող, քննադատ, անձնագիր ու սնունդ... 

Բարի մարդը դժբախտության մեջ էլ բարի է, իսկ չարը չար է նույնիսկ երջանիկ պահերին: 

Եթե ուզում էք ծիծաղելի չլինել, ապրեք ձեր արժանիքների շրջանակում: 

Սկզբում՝ մարդ, հետո՝ նույնիսկ թագավոր: 

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է շունը մնում հավատարիմ նաև... սրիկային: 

Ամեն բան գնահատվում է միայն իր օգտակար լինելու չափով: 

Մի՛ ընկճվեք փոքրիկ սխալներից, դրանք ճշմարտության ուղեցույցներն են: 

Առանց գրագիտության, շնորհքի և քրտնաջան աշխատանքի անհնար է բարձունքներ նվաճել: Պատահաբար բարձունք ելածը օրինաչափորեն գլորվելու է այնտեղից: 

Կյանքն անցնում է անգամ երջանիկ պահերին: 

Ոսկե ձուկ բռնում են բոլորը, սակայն քչերն են հասկանում, որ ոսկե ձուկ են բռնել: 

Մանր մարդիկ մեծ գործերի ընդունակ չեն: 

Արահետ կա, որ պողոտայից լայն է: 

Քաղաբերումներ Լևոն Սահակյանի <<Գրամատյան>> գրքից

Комментариев нет:

Отправить комментарий