24.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ

Ձեզ ենք ներկայացնում Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթում <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգի մրցանակակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի ՇՈՒՇԱՆՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ աշխատանքը

Մանկուց ի վեր լսելիքս շոյել են մայրիկիս պատմած հեքիաթները չարի և բարու, լավի, վսեմի, բազում հրաշապատում երևույթների մասին: Մինչև այսօր էլ ականջներումս է. <<Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՛ս, բակն ու դուռը լի...>> ոտանավորի անկեղծ զարմանքը: Մինչև այսօր էլ աչքիս առաջ այն խորամանկ աղվեսն է՝ կացինը ձեռքին՝ խեղճ կկվի ձագերի հետ հաշվեհարդար տեսնելիս: Իսկ <<Ժամանակով կատուն ճոն էր>> նախադասությունը, որ այնպես ոգևորությամբ արտասանում էի մեր տուն եկած հյուրերի համար և շարժում նրանց զարմանքն ու ծնողներիս՝ բավականությունից շողացող դեմքերի հպարտ, գոհունակ ժպիտները, շատ ավելի ուշ հասկանալի եղավ ինձ: Իսկ երբ մի քիչ էլ մեծացա և դպրոց գնացի, անչափ հուզվեցի Նեսոյի համար, որ այնքան ուզում էր սովորել, բայց ուսման համար փող չուներ:
Հավատացե՛ք, այնքան եմ արցունք թափել Գիքորի համար, մորմոքվել դաժան կյանքի ճիրաններում անհույս պայքարող տղայի ճակատագրով: Գոցել եմ ականջներս, որպեսզի չլսեմ նրա հագուստի գրպաններից թափվող գույնզգույն կոճակների ձայնը..., բայց լսել եմ Համբոյի խուլ հեկեկանքը, և դրանից չարացել է իմ սիրտը, զայրացել անօրեն աշխարհի անիրավ բարքերի վրա:
Այժմ էլ Մեծ Լոռեցու խոսքերը կարգախոս են դարձել իմ կյանքում և, որքան հնարավոր է, ձգտում եմ առաջնորդվել դրանցով.
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար...
Առ այսօր Ամենայն հայոց բանաստեղծի գրքերը իմ սեղանի գրքերն են: Այսօր էլ  մեր՝ մատաղ սերնդի միտքը կրթում, կոփում են Մեծն բանաստեղծի թևավոր խոսքերը: Այսօր էլ քաջնազարների, փանոսների, կիկոսների նախատիպերն ու շարունակողները մեր մեջ են,  մեր շուրջը, մենք նրանց հետ առնչվում ենք անընդհատ, անընդմեջ և ամեն քայլափոխի շարունակում ենք դասեր քաղել Մեծ մարդու, Մեծ մարդասերի կյանքից ու գործից: 
Եվ ես վստահորեն կարող եմ բարձրաձայնել. 
-Այո՛, իմ աշխարհընկալումն ու աշխարհաճանաչողությունը սկսվում է մարդկային հանճարից՝ Հովհաննես Թումանյանից քաղած դասերով, և ես ավելի ուժգին եմ ուզում սիրել կյանքը, աշխարհն ու մարդկանց... 

Комментариев нет:

Отправить комментарий