04.08.2015

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ / Հարցազրույց այն աշխարհում (երգիծանք)

Սովորաբար, ինչպես գիտենք, մարդը մի անգամ է ծնվում և մի անգամ էլ մեռնում:
Բայց ահա երազում ... այս քանի անգամ է, որ մեռնում եմ...
Եվ այսպես, անցյալ օրը ես մեռա:
Այս անգամ ադրաշխարհի սահմանագլխում ինձ հանդիպեցին տեղական թղթակիցները: Հանկարծակիի եկա.
-Ներեցեք, դուք...
-Մենք հրեշտակապետական, առաքելական աստիճաներ ունենք,- պատասխանեց նրանցից մեկը,-բայց զբաղվում ենք լրագրությամբ, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս եք ձեզ զգում, ինչպե՞ս մեռաք...
Ես. - Բարեհաջող: Շնորհակալություն իմ բժիշկներին:
Թղթակից. - <<Երկիր-Անդրաշխարհ>> երթուղին ինչպե՞ս գտաք:
Ես. - Սքանչելի: Միայն մի թերություն ունի՝ շարժումը միակողմանի է: Ետ գնալ չի կարելի:
Թղթակից (Համլետավարի). - Ո՛չ, ո՛չ, այստեղից չի վերադարձել դեռ ոչ մի ճամփորդ... Բայց դրա փոխարեն շատ են մեզ մոտ այնպիսինները, որոնք չնայած այստեղ են գրանցված, բայց փաստորեն ապրում են երկրի վրա: Եթե չեմ սխալվում, նրանք կոչվում են անմահներ: Վերցրեք թեկուզ Կոմիտասին, Թումանյանին, նրանք ավելի երկրի վրա են ապրում, քան... (հեգնանքով) անմահնե՜ր... ինչպե՜ս չէ, եթե մարդը մահացավ՝ ուրեմն մահացավ, էլ <<անմա՞հս>> որն է...
Ես. - Այո, բայց նրանց գործերը...

Թղթակից(Ընդհատելով).- Նրանց գործերը նույնպես փոխադրվում են այստեղ, նայվում են, վերանայվում, արդարները գրանցվում են դրախտում, մնացածը՝ դժոխք: Երկնային հաստատություններն ու գերատեսչությունները աշխատում են անվթար, իսկ դուք... Շատերին դուք արձաններ եք կանգնեցրել, որոնք մեզ մոտ միայն պատժարանների են արժանացել և ընդհակառակը, շատերին դուք խաչել եք, անարգել և նետել մոռացության գետը, այնինչ մեզ մոտ նրանք դրախտային քաղաքացիներ են... Այսպես աշխատել չի՛ կարելի: Ի՞նչ նորություններ կան Երևանի գրական աշխարհում:
Ես.- Ջանսաղություն: Գրողները գրում են, քննադատները... Քննադատները չեն քննադատում:
Թղթակից. - Ինչու՞:
Ես. - Գտնում են, որ այդպես ավելի լավ է առողջության համար:
Թղթակից.- Կիրովականում ի՞նչ աղմուկ է:
Ես.- Առանձնապես ոչինչ. հիմնադրվեց Հայաստանի գրողների միության Կիրովականի մասնաճյուղը: Մասնաճյուղը շուտով կստանա ավտոմեքենա, գրամեքենա, քարտուղարուհի՝ զանգի կոճակով և գրականության զարգացման համար խիստ անհրաժեշտ նման այլ բաներ:
Թղթակից.- Ի՞նչ դրության մեջ են արձակն ու չափածոն:
Ես. -Լավ: Առաջատարը մնում է բանաստեղծությունը: Կան նաև հիանալի արձակագիրներ, բայց... Վերջերս լույս տեսան Շիրազի, Սահյանի, Հր.Հովհաննիսյանի, Էմինի գրքերը... Չէ, դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի մեր արձակը, չափածոյին հասնելու համար:
Թղթակից.-Մալադեց, պոեզիա...
Ես. - Նույն կարծիքին եմ և ես: Առաջավոր բանաստեղծներից Գևորգ Էմինը միրուք թողեց և պիտի ասել, որ դա մեծապես ազդեց հենց իր պոեզիայի վրա: Լրջացավ, խորացավ: Եթե ես էլի մի անգամ առիթ ունենամ խառնվելու պոեզիայի գործերին, ապա ամենայն լրջությամբ խորհուրդ պիտի տամ մի քանի պոետների, որ միրուք թողնեն...
Թղթակից. -Արձակագիրների մեջ միրուք երևա՞ց...
Ես. -Ո՛չ, բայց լավ արձակագիրներ, թեկուզ անմիրուք՝ կան: Նրանք դժվարությամբ են մտնում գրականության գիրկը, սակայն ի վերջո մտնում են:
Թղթակից.- Հետաքրքիր է:
Ես. - Խիստ հետաքրքիր: Նրանք իրենց վեպերում պատմական բերդեր են կառուցում, մեջը լցնում հայ ռազմիկներ, հետո թշնամու զորքը բերում են, շրջապատում բերդը և կռիվն սկսվում է: Մի սպանված հայի դեմ տասը ոսոխի գլուխ է թռչում, ու վեպը թեժանում է: Հետո հայ սակավաթիվ զինվորները դուրս են գալիս բերդից, հարձակվում թշնամական բանակի վրա և ոչնչացնում նրանց մինչև վերջին մարդը... Նման վեպերը սպառվում են ժամերի ընթացքում:
Թղթակից.- Օ-լա-լա՜...
Ես.- Օ-լա-լա ու մի բան էլ ավելի: Ժողովրդին հաց է պետք տալ,-ասում են որոշ <<հացթուխներ>>,-թեկուզ դա լինի սև... Ու տալիս են: Սև հա՞ց: Ո՛չ, սև հաց հիշեցնող ինչ-որ բան, որը կոչվում է ոչ այլ ինչ՝ <<հայրենասիրական վեպ>>: Ըստ էության այստեղ ոչ հայրենիք կա, որ սեր կա, ոչ վեպ: Կա միայն գրող կոչվելու, գիրք տպելու հաջողությամբ պսակված մարմաջ... Դեմիրճյանին պիտի հանդիպե՞մ...
Թղթակից.- Նայած...
Ես.-Ի՞նչ նայած: Ես ուզում եմ անպայման տեսնել նրան և ասել մի քանի խոսք. <<Վարդանանք>> գրեց և չգրեց, թե ինչպե՞ս գրեց, ինչպե՞ս պետք է գրել և ինչպե՞ս գրվեց այա հիանալի վեպը, որպեսզի նորերը սովորեին, թե ինչպե՛ս պետք է գրել հայրենասիրական պատմավեպը: 
Թղթակից.- Նորարարության մասին ի՞նչ կասեիք...
Ես.- Ի՞նչ կարող եմ ասել: Դա մի ճանապարհ է, որը վերջիվերջո տանում է մինչև Գրիգոր Նարեկացի: Այո՛, այո՛, պարզվում է, որ Նարեկացին ամենամեծ նորարարն է եղել և ինքը ոչ մի տեղեկություն չի ունեցել այդ մասին...
Թղթակից.- Այն ժամանակ գիտական քննադատություն չի՞ եղել... Կարող էին մի կերպ գլխի գցել, հասկացնել...
Ես.- Գիտական քննադատություն եղած տեղը Նարեկացի՞ կլինի... Չէ, չի՛ լինի... Ի դեպ, Չարենցին պիտի հանդիպե՞մ:
Թղթակից(Երեսը դարձնելով դեպի հարավ).- Այ, տեսնում եք, այս ամբողջ աշխարհամասը դրախտի հայկական սեկտորն է: Ահա, ահա քո Չարենցը: Հետինը Միսաք Մեծարենցն է, դուրս են եկել զբոսանքի: Բայց դու ի՞նչ գործ ունես Չարենցի հետ: Չարենցը սուրբ է...
Այստեղ էր, որ ես զարթնեցի: 
1969թ.

Գուրգեն Մահարի, Երգիծանք և հումոր, Ե., 2004, 254 էջ:

Комментариев нет:

Отправить комментарий