Բացման խոսքով հանդես եկավ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Ողջույնի խոսքեր ասացին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Եռօրյա նստաշրջանի ընթացքում թեման լուսաբանող ուշագրավ զեկուցումներով հանդես եկան Ա.Իսահակյանը՝ <<Հայկական հարցը Ավետիք Իսահակյանի աշխարհայեցողությունում>>, Մ.Խաչատրյանը՝ <<Անծանոթ Արամ Հայկազը՝ Շապին Գարահիսարի հերոսամարտի մասնակիցը և եղեռնի ականատեսը>>, Ս.Հովհաննսիյանը՝ <<Դրվագներ Հ.Թումանյանի որբախնամ գործունեությունից>>, Ս.Ավետիսյանը՝ <<Հակոբ Մնձուրի. հոշոտված Արմտանները>>, Ա.Մուշեղյանը՝ <<Արմին Վեգները և Ռաֆայել Լեմկինը <<Ցեղասպանությունը>> բնութագրող տերմինի համահեղինակներ>>, Ս.Սրապիոնյանը՝ Վ.Ոսկանյանի <<Շշուկների մատյանի>> չմարող ճիչը, Ս.Դանիելյանը՝ <<Արյան հիշողությունը Ն.Սարաֆյանի ստեղծագործություններում>>, Ա.Անդրանիկյանը՝ <<Զ.Եսայանի <<Ավերակներուն մեջ>> ուղեգրության շուրջ>>, Վ.Աղաբաբյանը՝ <<Եղեռնի անդրադարձը Ս.Խանզադյանի <<Վեց գիշեր>> վիպակում>>, Ա.Ավանեսյանը՝ <<Եղեռնի թեման Է.Միլիտոնյանի պոեզիայում>>, Ֆ.Բախչինյանը՝ <<Է.Մեժելայտիսը և Հայոց եղեռնը>>, Լ.Ավետիսյանը՝ <<Անրի Վերնոյի <<Մայրիկ>> վեպը>> և ուրիշներ:
Գիտաժողովին Գորիսից մասնակցեց <<Միրհավ>> ակումբի ղեկավար, ԳՊՀ-ի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, որի զեկուցումը նվիրված էր լիբանանահայ նշանավոր գրող Սիմոն Սիմոնյանին, նրա ստեղծագործության մեջ եղեռնյան թեմաների արծարծումներին:
Մինչև վերջին ժամանակները Եղեռնի գեղարվեստական անդրադարձների մասին խոսելիս թեմատիկ-գաղափարական շեշտադրումներն արվում էին հայոց կորուստների, ժողովրդի ապրած դժոխային արհավիրքի վրա: Հիշողության մշակույթը նույնպես, որ հետեղեռնյան տարիներին ձևավորվեց Հայաստանում և Սփյուռքում, նույնպես հենված էր կորուստները հիշելուն, սգալուն, նահատակների հիշատակը խնկարկելուն։ Այդ շունչը տարածվեց նաև գրական դաշտի վրա. նույնանշանակ չափանիշների թելադրությամբ եղեռնի նյութին այս կամ այն կերպ առնչվող բազմաթիվ գրական ստեղծագործություններ մնացին չնկատված և, որպես այդպիսին, չարժևորված: Վերջին տարիներին Եղեռնի մասին խոսելիս ավելի շատ սկսցեին անդրադառնալ XIX դարավերջի – XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման ուշարժան մանրամասներին, ֆիդայիների սխրագործություններին, Ցեղասպանության տարիներին մղված զինված ինքնապաշտպանությունների հերոսական դրվագներին և այլն: Ամենախորքային շեշտադրումը ստացավ եղեռնից հրաշքով վերապրած, օտար ափերում ապաստանած սերնդի՝ այսպես կոչված մնացորդացի կյանքի պատկերումը՝ բազում ճյուղավորումներով:
Գիտաժողովին ներկայացված ընդհանուր թվով 33 զեկուցումները հատկանշվեցին նյութի գրականագիտական յուրացման արդիաշունչ ու բազմախնդիր շեշտադրումներով: ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության համատեղ ձեռնարկը, անկասկած, նոր էջ կավելացնի եղեռնի մասին ստեղծված մեծածավալ գրականության նորահայաց արժևորման գործընթացում:
Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին գրքով:
*Լուսանկարում՝ Ավիկ Իսահակյան (բ.գ.դ., պրոֆեսոր), Վարդան Դևրիկյան (բ.գ.դ.), Մարգարիտա Խաչատրյան(բ.գ.դ.), Թեհմինա Մարության (բ.գ.թ.):
Комментариев нет:
Отправить комментарий