Հայտնի է, որ գրողի խոսքարվեստի կատարելությունը հիմնականում պայմանավորված է նրա կերտած կերպարների և պատկերների (բնանկար, պատկեր-գործողություն, պատկեր-խոհ և այլն) հաջողվածությունից, որովհետև պատկերը ոչ միայն ինքնուրույն արտահայտչամիջոց է, այլև, որպես կանոն, տարբեր արտահայտչամիջոցների ներթափանցումով մտահղացված ամբողջություն: Սակայն լեզվաոճական ուսումնասիրություններում երբեմն նախապատվությունը տրվում է տվյալ պատկերի ներսում առկա առանձին արտահայտչամիջոցների զուտ քերականական և բառակազմական վերլուծություններին` մասնատելով, երբեմն էլ գաղափարազրկելով պատկերի ամբողջությունն ու նրա մտահղացման նպատակը կամ էլ շարադրանքի վերջնամասում թվարկվում են մի քանի պատկերներ (հիմնականում բնապատկերներ) և որպես եզրակացություն գրվում հանրահայտ վերացական նախադասություններ` մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Այս պատկերը նպաստել է կերպարի տիպականացմանը», «Մեծ լիցք է հաղորդել ստեղծագործության գեղարվեստականությանը» և այլն: Իսկ թե ինչպե՞ս է նպաստել կամ ի՞նչ լիցք է հաղորդել, գրեթե չի նշվում: Մինչդեռ գեղարվեստական պատկերի գլխավոր նպատակը երկի գաղափարական բովանդակությունը լրացնելն է, նրա ձևավորման նրբերանգներին մասնակցելը: Բնականաբար առանց տվյալ երկի գրականագիտական որոշ լուսաբանումների պարզապես հնարավոր չէ այդ ստեղծագործությունը ենթարկել լեզվաոճական վերլուծության:
Բարեբախտաբար, Ա. Բակունցի երկերի վերլուծությունները հիմնականում զերծ են վերոհիշյալ միակողմանիությունից: Կարծում ենք` պատճառը ոչ միայն ուսումնասիրողների բարեխղճությունն է, այլև արձակագրի խոսքարվեստը, որի էական հատկանիշներից մեկը գաղափարի, գործողության ու պատկերի ներդաշնակությունն է:
Բակունցի երկերի ուսումնասիրությունների (այն էլ ընտի´ր ուսումնասիրությունների) պակաս, թվում է, չի զգացվում: Բակունցագիտության մեջ իրենց ծանրակշիռ խոսքն են ասել Ա. Տերտերյանը, Հ. Թամրազյանը, Ս. Աղաբաբյանը, Էդ. Ջրբաշյանը և հատկապես «Ակսել Բակունց. խոսքի ու… լռության պոեզիան» (2000 թ.) մոնումենտալ աշխատության հեղինակ Ս. Աթաբեկյանը, էլի ուրիշներ: Բակունցյան խոսքարվեստի ուսումնասիրության գործում անգնահատելի են Ռ. Իշխանյանի «Բակունցի լեզվական արվեստը» (1965 թ.) և «Բակունցի կյանքն ու արվեստը» (1974 թ.) աշխատությունները: Այն, ինչի մասին ցանկանում ենք խոսել, ինչ-որ չափով արծարծված է նաև թվարկված գիտնականների որոշ ուսումնասիրություններում (հատկապես Ս. Աթաբեկյանի վերոհիշյալ աշխատությունում[1]), սակայն նշվելիք երևույթի առավել կոնկրետացումը հավանաբար դուրս է եղել նրանց նպատակադրումից: Ուստի մեր խնդիրը երևույթը առավել ընդգծված ու տեսանելի դարձնելն է: Վերջապես Բակունցն այն արվեստագետն է, որի երկերի թեկուզ տասնյակ ուսումնասիրությունները չեն կարող վերջնական ու սպառիչ համարվել:
* * * * * * *
Ճիշտ է, իր հանրահայտ պատմվածքներից մեկը Բակունցն սկսում է «Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է…»[2] նախադասությամբ, բայց իր արվեստն էլ Մթնաձոր հիշեցնող մի աշխարհ է` արտաքուստ` պարզ ու ընկալելի, ներքուստ` բազմածալ ու երբեմն էլ առեղծվածային: Եվ այդ աշխարհը մտնելու, նրա խորհրդավոր ծալքերը բանալու համար կան բազմաթիվ ուղիներ, որոնցից մեկը, ընդամենը մեկը կփորձենք առաջարկել ընթերցողին:
Կա արևելյան մի ավանդազրույց, ըստ որի` քաղաքներից մեկի գերեզմանատան շիրմաքարերին նշված է, թե հանգուցյալներն ապրել են մեկ, երկու, հինգ, լավագույն դեպքում տասը տարի: Անծանոթ այցելուներին բացատրում են, թե այդ քաղաքում շիրմաքարերին ընդունված է գրել միայն լա´վ ապրած օրերի ու տարիների քանակը: Ուրեմն, մի բան է գոյատևում, մի բան` իրոք ապրած տարիներ: Ահա այս իմաստուն գաղափարի առավել խոր, հոգեբանորեն պատճառաբանված ու բյուրեղացված դրսևորումները նկատելի են նաև Բակունցի մի քանի պատմվածքներում: Նրա հերոսները ևս ապրելու փոխարեն ձգում են իրենց անուրախ գոյությունը, և միօրինակ ու հոգսաշատ օրերը հույսի շող չեն բերում: Բակունցն այս միտքը բառացի չի շարադրում. նա պատկերների վարպետ է, և այդ պատկերներն ավելի խոսուն են, քան պատմողական բնույթի որևէ շարադրանք: Բակունցի ստեղծագործությունների պատկերային համակարգի լավագույն բնորոշումներից է Ս. Աթաբեկյանի` «Ալպիական մանուշակ» պատմվածքի պատումին տված հետևյալ ձևակերպումը. «…պատմվածքի սկզբի մի ամբողջական հատվածն ընդհանուր հյուսվածքում պահպանում է որոշակի ինքնուրույնություն, և նրանում արտահայտված բոլոր պատկերներն ու իմաստները կրկնվում են դրան հաջորդող բուն պատմության մեջ: Ե´վ բովանդակային, և´ ձևային-ոճական առումով սկզբնապատկերն, ասես, բուն պատմվածքի խիտ ու «անշարժ» արտահայտությունն է: Այն կարելի է բնութագրել նախապատմվածք(պատմվածք` պատմվածքից առաջ)»[3]: Փորձենք այդ «նախապատմվածքների» հյուսվածքից առանձնացնել երկու պատկեր. «Ե´վ գյուղում, և´ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են», «Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պարենով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր» (էջ 135-136):
Առաջին պատկերում, որը ստեղծված է փոխաբերության և համեմատության հիմքով, բացակայում են այսպիսի կառույցներին բնորոշնման և պես կապերը: Ուրիշ մի հեղինակ գուցե այս տողերում կներմուծեր ասես, կարծես վերաբերականներից մեկը: Բայց Բակունցի վրձնահարվածը չի հանդուրժում ավելորդ գծեր: Կաքավաբերդում տարիները ոչ թե նման են նույն ծառի միանման տերևներին, կամկարծես նույն ծառի միանման տերևներն են, այլ ուղղակի նույն ծառի միանման տերևներն են: Հատկապես ուշադրության է արժանի տարիներ բառի տարողունակությունը, որի տակ հասկացվում է այդ լեռնաշխարհում ապրող մարդկանց միօրինակ կյանքը, կենցաղը, առօրյան:
Նույն գաղափարի փոքր-ինչ ծավալուն արտահայտությունն է երկրորդ պատկերը, որն իր շարադրանքով պատկեր-գործողություն է` աստիճանաբար վերածված նաև պատկեր-խոհի: Հռետորական հարցը («Քանի՜ սերունդ…») ժամանակի անհաշվելի տևականությունն է ընդգծում, մարդկանց կյանքի ու կենցաղի միապաղաղությունը: Այս պատկերում էլ ակնառու է խոսքի հակիրճությունը, որին նպաստել էհամըմբռնման կիրառությունը. մանուշակ, այծ, ոչխար, պարկ բառերը, դրված են եզակի թվով, թեև գործածվել են հոգնակի թվի իմաստով: Տարբեր արտահայտչամիջոցների փոխներթափանցմամբ ու համակցմամբ նմանատիպ պատկերները ասես առարկայացնում, կենդանացնում են այն գաղափարները, որոնք ընկած են Բակունցի երկերի հիմքում:
Իրոք, ինչո՞վ են տարբերվում «Ալպիականի» հերոսուհու, նրա ամուսնու, Արթին պապի, Դիլանի և մյուսների կյանքի տարիները: Դրանց մեծ մասը չապրած օրեր են, որոնց կրկնությունից գրեթե ոչինչ չի փոխվում:
Ավելին, ի տարբերություն վերոհիշյալ զրույցի, ըստ որի` մարդկանց ապրած օրերի գումարը հազիվ մի քանի տարի է կազմում, Բակունցի հերոսներից շատերը ընդամենը մեկ օր են ապրել. Դիլանը` Սոնայի հնձան գնալու օրը, «Ալպիականի» հերոսուհին` երբ հեռավոր աշխարհից Կաքավաբերդ այցելած հյուրը, որին «օջախի մոտ նստած կինը …թվում էր քրմուհի` եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող», նկատել է գեղջկուհու գեղեցկությունը և նկարել նրան, Խոնարհը` երբ սիրատոչոր պատանին բռնել է աղջկա ձեռքը և սիրտը մեկ հատիկ բառի մեջ դրած` շշնջացել. «Խոնարհս…» (էջ 140): Արթին պապն էլ մեկ օրվա երջանկության պատրանք է ունեցել, երբ կանչել են ռուսաց թագավորին գրած նամակի հարցով…
Այդ մեկ հատիկ օրը կամ պահը լույսով է լցրել ու իմաստավորել նրանց անարև կյանքը ու լիցք հանդիսացել` սեփական գոյությունը մինչև գերեզման քարշ տալու, այս աշխարհում իրենց ծնունդը չնզովելու, գեղեցիկի, բարու, մարդկայինի հանդեպ ունեցած հավատը չկորցնելու համար:
Բայց նույնիսկ այդ միակ լուսեղեն օրվա ճերմակ թևերին արյան հետքեր կան. մահակի, մտրակի ու աքացիների հետքեր… Որպես կանոն, երջանիկ պատրանքներին հետևում է անարգանքներից ամենածանրը, ամենանսեմացնողը, ամենաանմարդկայինը` ծեծը: Արթին պապի պես միամիտ ու բարի մարդուն հենց նույն օրը ծեծում են ռուսաց թագավորին նամակ գրելու համար: Սոնայի հնձան գնալուն հաջորդող գիշերը անքնությամբ անցկացրած Դիլանին երջանիկ, բայց և հուսահատ ապրումների հորձանքը տանում է անտառ, որտեղ նա լուսաբացին գալարվում է վայրագ անտառապահի մտրակի հարվածների տակ: Առավել անարդար ու վիրավորական է ալպիական գեղեցկուհու կրած ծեծը, քանզի նրա միակ մեղքն այն է, որ արտաքնապես նման է նկարչի` տարիներ առաջ ավազների վրա հովանոցի ծայրով խոստումներ գրող ու ավերող ծանոթուհուն… «Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը, և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին… Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց… ապա դուրս եկավ վրանի դռանը` անձայն հեկեկալու» (էջ 143):
Ճիշտ է, Բակունցի հերոսները հատկապես ծանր են տանում այդ օրվա ստացած անարգանքն ու ծեծը, որովհետև թերևս առաջին անգամ հասկանում են, որ իրենք արժանի չեն դրան: Բայց հասկանում են նաև, որ ճակատագիրն ինքը անզոր է խլելու իրենցից այն հրաշք պահը, որ շռայլորեն ողողեց իրենց անարև աշխարհը: Կարծես ճակատագիրը փորձության է ենթարկել նրանց հավատը ու պարտվել, որովհետև նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում այսուհետ հիշելու և արժևորելու են ոչ թե ծեծն ու անարգանքը, որոնք, ի վերջո, բնորոշ են նաև այլ օրերի, այլ այդ լիարժեք ապրած պահը ու նրա անկողոպտելի երանությունը:
Թող որ պրիստավի մոտ կրած ծեծը հիշելիս երբեմն աղավաղվի Արթին պապի բարի ժպիտը, միևնույնն է, մինչև կյանքի վերջ նա փայփայելու է ռուսաց թագավորից պատասխան ստանալու հույսը և մահվանից առաջ կնոջը հանձնարարելու է, որ նամակի պատասխանը ստանալիս գնա և իր գերեզմանին իմաց տա:
«Ալպիականի» հերոսուհին էլ հավանաբար երբեք չի մոռանա, որ Կաքավաբերդ եկած մի նկարիչ իրեն, հատկապես իրեն նկարեց ու տարավ դեպի խորհրդավոր հեռուները: Ինչ փույթ, թե ինքը անտեղյակ է եղել այդ իրողությանը, և միայն երեխան է տեսել ու պատմել այդ մասին: Միևնույնն է, ինքն արդեն գիտի, որ ինքը նույն ծառի միանման տերևներից չէ, տարբեր է` ամենայն հավանականությամբ արժանի միանգամայն ուրիշ կյանքի:
Խոնարհի հոգնատանջ կյանքն էլ գուցե ստեպ-ստեպ կլուսավորվի այն մեկ հատիկ օրվա ոսկեշող հեքիաթով…
Իսկ Դիլա՜նը, իր կյանքի տարիների քանակը մոռացած Դիլանը, աշնան ամայի այգում նստած, ի՞նչ է հիշում ու մտորում կյանքի մայրամուտին: Լավ է, որ Բակունցը չի նշում Դիլանի կոնկրետ տարիքը` ութսուն, իննսուն կամ թեկուզ հարյուր… Դրանից պատկերը շատ բան կկորցներ. «Քանի աշուն էր անցել այն օրից, համարք չունի: Գիտի, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու» (էջ 80): Ինչպես մեջբերված մյուս պատկերներում, այստեղ էլ առկա են տարբեր արտահայտչամիջոցների կիրառություններ: Առաջին նախադասությունը չափազանցության հենքի վրա մտահղացված փոխաբերություն է: Համըմբռնման դրսևորումներ են ականջ, աչք և ոտնաձայն բառերի եզակի թվով գործածությունները:Ականջը սուր չէ մակդիրային կապակցությունն էլ, որ ավելի շատ բնորոշ է ժողովրդախոսակցական ոճին, ձուլվելով աչքը չի տարբերումանտառի գույները նախադասությանը, ոչ միայն բնորոշում է կերպարի հոգեֆիզիկական վիճակը, այլև իրոք նպաստում է գեղարվեստական պատկերի ամբողջականացմանը:
«Միրհավ» պատմվածքն ամբողջությամբ պատկերաշար է, որի մեջ կյանքի մայրամուտին հասած հերոսը փորձում է վերհիշել իր ապրածօրերը: Եվ որքան էլ փորփրում է հիշողությունը, միևնույնն է, այդ օրերի մեջ, Սոնայի հետ կապված դեպքերից բացի, ոչինչ չի մտաբերում: Եթե հնձան է, ուրեմն վերհիշում է Սոնայի լաջվարդ շապիկի բույրը, լսվում է արծաթ սուրմաների զնգոցը: Հայացքը սահում է դեպի բլրալանջ` այնտեղ Սոնայի գերեզմանն է. «Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով, քարը թեքվել է մի կողքի վրա և թաղվել հողի մեջ: Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին: Արդեն վաղուց փտել է լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ…»(էջ 80): Եթե ուրիշ մի բան հիշելու համար հայացքը հառում է ջրին, «նրա հիշողության խավար անդունդում» բոցկլտում է «այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում…, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր…» (ն. տ.): Եթե ցավատանջ հիշողություններից խուսափող միտքը փախչում է անտառ, ծերունական սիրտը թպրտում է վիրավոր միրհավի պես` հուշելով. «Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա…
Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ,- տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտները պղնձաքարի ծանրությամբ ճմլում էին խաղողը, և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով… Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր» (ն. տ.): Այս վերջին տողերում էլ տիրապետողը փոխաբերությամբ գեղաձևված պատկեր-խոհն է, որի ներսում առկա են տարբեր արտահայտչամիջոցներ` համեմատություն (Սոնա-միրհավ), չափազանցություն (պղնձաքարի ծանրությամբ), ևս մի փոխաբերական պատկեր, որը ընկալվում է և´ որպես հետադաս ծավալուն մակդիր, և´ նույնականհամեմատություն[4] (Սոնան` աչքերը խաղողի սև հատիկներ):
Հետաքրքիր մի փաստ ևս. պատմվածքում Սոնային չվերաբերող ընդամենը չորսբառանոց մի նախադասություն կա, որն այնպես, ասես ի միջի այլոց, սպրդել է Սոնայի մասին պատմող տողերի մեջ: «Այդ աշնան հաջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա… Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները» (ն. տ.): Այս մի քանի բառերը` Դիլան դային էլ կին առավ, ծերունու չապրած օրերի ու տարիների հանրագումարն է, ասես ոչինչ չասող մի անկարևոր միտք, որ իսկույն թաղվում է ապրած օրվա երանության ու դառնաթախիծ հուշերի մոխիրների տակ:
Որպես ամփոփում` մեկ անգամ ևս փաստենք, որ նշված պատմվածքների հերոսների կյանքը Բակունցի կողմից ներկայցվում է որպես անվերջ տառապանքների մի շղթա, որը երբեմն միայն, ինչպես նշեցինք, հիմնականում մեկ անգամ լուսավորվում է աստղային պահով: Այդ պահի կամ պահերի բարոյական ուժն է, որ տանելի է դարձնում տարիների միօրինակ ու անմխիթար ընթացքը: Բակունց արվեստագետի համակրանքը այդ հերոսների հանդեպ է, նրանց, ովքեր գիտեն արժևորել այդ պահը, նրանց, ովքեր համատարած դառնությունների ու հուսախաբությունների մեջ պահպանում են հոգու մաքրությունն ու բարությունը և հավատը, մեծ հավատը մարդու, աշխարհի հանդեպ: Եվ այս ամենին ընթերցողը հաղորդակից է դառնում հատկապես բակունցյան նրբահյուս պատկերների շնորհիվ, որոնք նրա խոսքարվեստի թերևս ամենակարևոր ու ամենախոսուն դրսևորումներն են:
[1] Տե՛ս Ս. Աթաբեկյան, նշվ. գիրքը, էջ 289-290:
[2] Ա. Բակունց, Երկեր, Եր., 1986, էջ 28:
[3] Ս. Աթաբեկյան, նշվ. գիրքը, էջ 170:
[4] Տե՛ս Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք II, Եր., 1991, էջ 13:
ԱՇՈՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նյութի աղբյուրը՝ http://armscoop.com
Комментариев нет:
Отправить комментарий