17.03.2015

ՀԱՅԿՈՒՇ ՕՀԱՆՅԱՆ / Գորիս իմ թախծոտ, անձրևոտ ու տաք...

Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Հայկուշ Օհանյանը ծնվել է 1958 թվականին, Գորիսում: Ապրում և ստեղծագործում է Երևանում: Նրա հեղինակած <<Ճերմակ աղավնիներ>>, <<Սրտիս ձայնը>>, <<Հույսի ծառերը կխոսեն դարերում>>, <<Սյունյաց աշխարհի թագավորությունը>>, <<Գանձասարը>>, <<Լուսե հեքիաթներ>> և մյուս գրքերը վաղուց բռնել են ընթերցողի հուզաշխարհի հետ հարազատություն պահող ոսկե երակը: Դրանցից շատերը արդի մանկագրության փայլուն էջերից են և արժանացել են բարձր գնահատության:
Հայկուշ Օհանյանի գրական աշխարհը ուրիշ մի որակ ունի, որ խոսում է ոչ միայն ներաշխարհային առատ հուզապրումների գեղեցկության, խոհական-զգացական սևեռումների կարևորության, այլև՝ ստեղծագործական ակնհայտ շնորհի և օժտվածության մասին: 
Հայկուշ Օհանյանի բանաստեղծական աշխարհի արահետներին չնաշխարհիկ ծաղիկներ կան, իսկապես ապրող ու շնչող ծաղիկներ: Երբ բացվում է հոգուդ ծաղիկը, ծաղկաբույրից խենթացած՝ հաճախ ես քայլելիս զգում, որ ոտքերդ գետնից վեր են... Այդ պահերին է, որ գրողը ծաղկող է դառում և գիր-ծաղիկներ շաղում գրքի էջերին... Բառի, պատկերի խորհուրդն իր ողջ չափումով ընկալող բանաստեղծ է Հայկուշ Օհանյանը, նրա պոեզիան իր իսկ լուսավոր, գեղապաշտ ու արվեստասեր հոգու հայելին է:
Ներկայացնում ենք  բանաստեղծություններ <<Սրտիս ձայնը>>(1997) ժողովածուից:


ԳՈՐԻՍ

Քնկոտ սարերի արթնացումի մեջ
Մշտնջենական ամպերը ելան,
Անձրևների դեմ պայթյուն-որոտով
Կայծակներ ելան
Հրե թևերով,
Անձրևից հետո բացելով կապույտ
                              մի երկնակամար:
Թավշոտ մամուռի ստվերների մեջ
Ներթափանցվում է կենսատու արև,
Եվ վեհությամբ քո շեն Լաստ սարի
Նորանում ես հար.
Մայր Հայաստանի շքեղ թանգարան՝
Գորիս իմ թախծոտ, անձրևոտ ու տաք:
Այսօր պատմության քո մատյաններում
Կրկին երկնում են նոր սխրանքները քո
                                               զավակների:
Ես հպարտանում եմ,
Որ քո անկրկնելի վեհությանդ մեջ
Ընձյուղվում ես վեր
Եվ հար դարերի քո հավերժությամբ
Հյուսում ես երգդ հավիտենության,
Հպարտանում եմ,
Որ կարող ես դու
Ջերմացնել մատղաշ հոգնաբեկ սրտեր
Եվ տաք կարոտը որդոցդ բազում
Բարուրել հոգուդ ջերմիկ ծալքերում,
Գորիս իմ թախծոտ, անձրևոտ ու տաք:

* * *
<<Մեր սիրո կարոտի անմոռաց ծաղիկներ>>

Տարիներ առաջ կայծակի նման հարվածեց քո հայացքը սրտիս: Ես տարիների մեջ գամված մնացի քո ջերմ նայվածքին: Սիրտս բնության փայլով փայլեցրեց մտքերս: Ես կարոտեցի հզոր ժայռերիս:
Դու քո տաք մատներով մեկիկ-մեկիկ փնջեցիր ժայռի շուրջը նազող անթառամ ծաղիկներ: Ես փաթաթվեցի նրանց ու ինձ հետ տարա հեռու-հեռուներ:
Իմ գրասեղանից աչքերիս նայող կապույտ ծաղիկները քո արբեցնող հայացքի նման ժպտում են ինձ և անվերջ ցախ դնում հոգուս այրվող վառարանում:
Իմ անթառամ ծաղիկներիս հավերժությամբ դեռ քեզ սիրում եմ, սիրելիս...


* * *
Դու իմ առաջին սիրո մաքուր երազն ես...
Որքան թերթեցի քեզ, այնքան շատ կապվեցի քեզ,
Իմ հոգու բոլոր կառույցները քո անունն ունեն,
Դու իմ երկնքի այն աստղն ես, որ չի խամրելու երբեք,
Ինչպես կրակը չի հագենում փայտից, ես էլ՝ քեզնից,
Քեզ կորցնելու ահից սիրտս այրվում է...


ԻՆՁՆԻՑ ՀԵՌՈՒ,
ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՍ, ՍԻՐԵԼԻՍ...

Արևային պայծառությամբ քո աչքերը ժպտացին ինձ:
Նրանք տաք էին ու այրող: Ես շիկնեցի նրանց ջերմությունից և գաղտնորեն վանդակելով հոգուս մեջ, դուրս ելա փողոց: Արևային քո աչքերի ուղեկցությամբ քայլեցի կյանքիս երկար ճամփաներով քեզնից հեռու, բայց միշտ քեզ հետ: Իսկ երբ փորձեցի դարձյալ հանդիպել քեզ, փոքրիկ մի կայծից իմ հոգում հրդեհ բարձրացավ:

Սիրելի՛ս, ո՞վ նվիրեց քեզ արևը...
Ես այրվում եմ քո հայացքից...


* * *
Տարիներ անցան: Իմ անձրևաշատ հրաշք քաղաքում հանդիպեցինք իրար՝ ես և գարունը: Հանդիպման կարոտից երջանկացել էինք: Արևաշող ճառագայթներն իրենց ցոլարձակումով ջերմացրին ինձ և կանաչ թևերով բռնելով ձեռքս, ինձ տարան հրաշք քաղաքիս հպարտ սարերով: Լուսահեղ կեսօրին արևի ջերմությունից սարի ծաղիկները խենթացել էին: Նրանք մեր առջև խոնարհ հարսի պես փռեցին իրենց շքեղաշուք գորգը գունեղ:
Մենք արբեցինք նրանց խենթությամբ:
Գարունն իմ սերն էր, և ես խենթ ծաղկի նման փաթաթվեցի նրան: Նա մեղմորեն համբուրեց ինձ անհուն մի կարոտով: Ես անչափ տենչացի նրան: Եկավ ամառը՝ նույնքան հմայիչ: Սակայն գարունը իմ սերն էր միակ: Ես կարոտեցի, և արտասուքի շիթեր գոյացան: Սարի ծաղկի պես խենթացել եմ ես:
Արդյոք ե՞րբ կգա իմ սեր-գարունը: Ես սպասում եմ...


* * *
Առանց քեզ անիմաստ են թվում օրերս,
Սիրտս չի ջերմանում թախծից,
Օրը շնչում է արևի տապով,
Ցրտահարվում եմ իմ հույզերից:
Սիրելի՛ս, մութը իջել է երազներիս,
Չի երևում ճամփան մեր հանդիպման,
Արի՛, մեր սիրով մութը ետ հրենք
Եվ ապրենք սիրով մեր երազների:
Առանց քեզ անիմաստ են թվում օրերս,
Սիրտս չի ջերմանում թախծից:

* * *
Գետափին վայրի ծաղիկներ կային:
Նրանք հմայեցին աղջկա բարձրյալին և նրան թաքցրին իրենց փեշերում: մոլոր աղջկա խենթ հոգին սուրաց, ինչպես հողմը փոթորկի ժամին և օտար ծաղիկների գրկում գտավ բարձրալին.
-Ո՜վ, իմ տիրակալ: Ես քեզ ազատ արձակեցի,
Նվիրվեցիր օտարներին.
-Իմ դիցանուշ: Դու ջերմոցային կյանքի ծնունդ ես, իսկ ես՝ սարերի: Միևնույն վայրում չենք կարող ապրել: Զուր է անվերջանալի մեր տառապանքը...

Խնդությամբ ցամաք աղջիկը անսեր, ձյունած հուզմունքը իր ուսերին, քայլում էր դանդաղ:

Գետափին վայրի ծաղիկներ կային,
Նրանք գողացել էին իր հավատը...


Комментариев нет:

Отправить комментарий