19.02.2015

ԳՐՔԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿ / Փետրվարի 19 - մայիսի 19

<<Ընթերցանությունն առողջ ապրելակերպ է>>
ԳՐԱՆԻՇ գրական ակումբ

2008 թվականից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Խորախորհուրդ տոն, որ զարդարում է մեր օրացույցը և ստիպում վերաարժևորել գրքի նշանակությունը, խոնարհվել գրքի առաջ… 
Գրքի հանդեպ ակնածանքի ու պաշտամունքի հասնող վերաբերմունքը հայերի մեջ գալիս է դարերի խորքից: Հայի համար գիրքը եղել է իր պատմության սրբազան վկաներից մեկը, և հայ մարդն այն իր հետ երկրեերկիր է տարել` իբրև վկայություն իր բազմադարյա պատմության, պատմություն, որի ոգին միշտ անբաժան է հայից:
Հայաստանը աշխարհում հայտնի է իբրև հնագույն գրքերի ու մատյանների օրրան: Պատահական չէ, որ երբ արաբական առաջին արշավանքի ժամանակ զավթիչները մտել են Հայաստան, տեսնելով գրքեր, մատյաններ ու գրքի հանդեպ պաշտամունք, զարմացած հայտարարել են` «Մենք մտել ենք գրքերի երկիր»…
Վստահի՛ր գրքերին, նրանք ամենամտերիմներն են: Նրանք լռում են, երբ պետք է, և խոսում են, երբ պետք է՝ անհրաժեշտության դեպքում բացելով քո առջև աշխարհը…
Գիրքը միշտ եղել է և կմնա մարդու ամենալավ խորհրդատուն, ուղեկիցն ու սրտամոտ բարեկամը: Ինչքան էլ մարդկային միտքը հրաշքներ գործի, ոչ մի այլ միջոց չի կարող մարդու կյանքում անել այն, ինչ կարող է անել գիրքը: Գրքերը խոսուն վկաներն են մեր անցյալի, միաժամանակ կողմնորոշում են մեզ ներկայում և իրենց լույսով ապագան լուսավորում:
Կարդացե՛ք գրքեր, նվիրե՛ք իրար գրքեր՝ հիշելով Ուիթմենի իմաստուն խոսքը՝ <<Բարեկամս, սա գիրք չէ, հպվելով նրան՝ դու հպվում ես մարդու>>….. 
Տարեցտարի մեծանում է Գրքի տոնի հանրային հնչեղությունը: Գրախանութները, գրադարանները ակտիվորեն օգտագործում են առիթը, որպեսզի ևս մեկ անգամ հանրայնացնեն գրքերը և դրանց ընթերցանությունը: Հայտարարվում են գրական տարաբնույթ ակցիաներ ու մրցույթներ: Տոնի խորհուրդը մեկ օրվա շրջանակում չսահմանափակելու նպատակով հայտարարվում են գրքերի նվիրատվության ու գրական այլ ձեռնարկների միամսյակներ, գրադարանային շաբաթներ և այլն: Պետք է անպայման օգտվել բարեպատեհ առիթից և իրար գիրք նվիրել, վերաիմաստավորել գրքի նշանակությունը հանրային գիտակցության մեջ, ընթերցել ու վերընթեցել մեր մեծերին... 
Քանի որ 2015 թվականը հոբելյանական է երկու մեծանուն սյունեցիների՝ Սուրեն Այվազյանի և Սերո Խանզադյանի համար, <<Միրհավ>> գրական ակումբը ծրագրել է այս տարի Գրքի տոնի խորհուրդը նշանավորել նրանց ստեղծագործությունների ընթերցման և դրանց շուրջ գրական քննարկումներ ու ասուլիսներ անցկացնելու բարեշահ ձեռնարկով, որը կնպաստի մեծատաղանդ արձակագիրների գրական ժառանգության յուրացմանն ու հանրայնացմանը: 
Հայտարարվում է ծրագրային ակտիվ ընթերցանության եռամսյակ՝ փետրվարի 19-ից մինչ մայիսի 19-ը: Ընթերցասերների առաջին հավաքն ու քննարկումը տեղի կունենա 1 ամիս անց՝ մարտի 19-ին՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանում: /Նախապես կտրվի հայտարարություն/: Քննարկման է դրվելու Սուրեն Այվազյանի <<Կա և հետմահու կյանք>> ժողովածուն: Առաջարկում, կոչ ենք անում դպրոցականներին, ուսանողներին և, ընդհանրապես, ընթերցասեներին՝ միանալու ձեռնարկին, ընթերցելու առաջարկվող գրքերը և մասնակցելու քննարկումներին: Ակտիվ մասնակիցներին Բակունցի տուն-թանգարանի և <<Միրհավ>> ակումբի կողմից կտրվեն գրական մրցանակներ ու շնորհակալագրեր: 

Քննարկման համար առանձնացված գրքերը և ժամանակացույցը. 

1. Մարտի 19 - Սուրեն Այվազյան, Կա և հետմահու կյանք (վիպակներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, 1971, 376 էջ։
2. Մարտի 29- Սերո Խանզադյան, Մատյան եղելությանց(վիպակ), Երևան, 1966, 226 էջ:
3. Ապրիլի 12 - Սուրեն Այվազյան, Ասուր, հեյ Ասուր (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1985, 216 էջ։ 
4. Ապրիլի 30 - Սերո Խանզադյան, Հորս հետ և առանց հորս(ինքնակենսագրական վիպակ), Երևան, 1986, 320 էջ
5. Մայիսի 8 - Սերո Խանզադյան, Շուշի(պատմավեպ), Երևան, 1991, 480 էջ:
6. Մայիսի 20 - Սուրեն Այվազյան, Ճակատագիրն հայոց (վեպ), Երևան, «Հայաստան», 1967, 800 էջ։

Քննարկման վայրի ու ժամանակացույցի փոփոխությունների մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ: 

ՍԿՍԵ՛ՆՔ ԸՆԹԵՐՑԵԼ: ՀԱՃԵԼԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻԴ:

* Մայիսի 19-ին՝ Սուրեն Այվազյանի մահվան տարելիցի օրը, <<Միրհավ>> ակումբը նախատեսել է այցելություն գրողի շիրմաքարին: 


Комментариев нет:

Отправить комментарий