26.02.2015

ԷԴՈՒԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆ / Պատմություններ Անդրանիկի մասին

ԼԱՎ ՊԱՀԵՔ ՏԱԹԵՎԸ

Տաթևացի Յազուլանց Գևորգը երբ լսեց, որ Զորավար Անդրանիկը Սիսիանից գյուղ է ժամանում, գոմից հանեց ձին, թամբեց և հրացանն առնելով, սլացավ զորագնդին ընդառաջ: Երբ հասավ սահմանագլխին, բլրագագաթին նկատեց երեք հեծյալի: Չիմացավ, թե ովքեր են, բայց մոտեցավ: 
-Կա՛նգ առ, ո՞վ ես, ի՞նչ մարդ ես,- նրանցից մեկը բռնեց Գևորգի ձիու սանձը: 
-Տաթևից եմ: Գնում եմ զորավարին ընդառաջ: 
-Մենա՞կ,- զարմացավ զինվորականը,-մի՞թե գյուղում զորավարին այլևս դիմավորող չկա:
-Կա... Ամբողջ գյուղը կդիմավորի... Իսկ ես նախապես եկա, որ նրան իմ տունը առաջինը տանեմ,- բացատրեց Գևորգը: 
-Դե, հետևիր մեզ,-զինվորներն աշխուժացան և շրջեցին ձիերը: 
Զորքը հանգստանում էր Մալդաշ գյուղի մի ձորակում: Տեղ-տեղ օջախներ էին վառել, որոնց շուրջը և ձորի կիսաչոր լանջերին տառապած-հյուծված գաղթականներ էին: Գևորգը նայեց ու վախեցավ ոչ թե նրանց քանակից, այլ տանջահար վիճակից, ինքն իրեն խորհելով. <<Ու՞ր է այս կիսամեռներին տանում զորավարը>>: Զինվորները Գևորգին ուղեկցեցին Անդրանիկի մոտ: Լսելով նրան՝ զորավարը սեղմեց Գևորգի ձեռքը, ապա դժգոհ ասաց.
-Շատ մեծահարուստներ, իմ ժամանելն իմանալով, մկան ծակեր կխցկվեն...
-Ես մեծահարուստ չեմ, զորավար, իմ սիրտն է հարուստ ու լայն: 
-Շնորհակալ եմ, Գևորգ, եթե դու նույնիսկ չհյուրասիրես իմ զինվորին, ես էլի գոհ կմնամ: 
Երեկոյան գյուղ մտան: Ահագին բազմություն էր հավաքվել զորավարին դիմավորելու: Շրջապատեցին Անդրանիկին, ուրախ բացականչությունները ճեղքեցին օդը՝ արձագանքելով վանքի ձորերում: 
-Տեսնում եմ՝ ուրախ եք, բայց հաց կճարվի՞ այս դժբախտներին,-Անդրանիկը ձեռքը տարածեց գաղթականների կողմը: 
-Ինչ ունենք՝ կկիսենք,- ձայնեց բազմությունը: 
Գաղթականները տեղավորվեցին վանքի ազատ խցերում, շրջապատում, բաժանվեցին տնետուն: Նրանց կերակրեցին, շատ թե քիչ հագուստներով օգնեցին և՛ վանքի մարդիկ, և՛ գյուղացիները: Անդրանիկն իր զորագնդով գնաց Գևորգի հետ, զինվորները նրա այգում և տան մերձակայքում հարմարեցրին իրենց կայքը, կապեցին ձիերը: 
Գևորգը բարեկարգ, ընդարձակ տուն ուներ, զորավարին ու նրա օգնականին ներս տարավ, ապա ասաց.
-Դուք քիչ հանգստացեք, ես հաց տանեմ զինվորներին, գարի տամ ձիերի համար:
-Օգնի՛ր նրան,- օգնականին կարգադրեց Անդրանիկը: 
Այսպես երեք օր Յազուլանց Գևորգը կերակրեց զինվորներին: Իսկ եկավ հրաժեշտի պահը, Անդրանիկը եղբայրաբար գրկեց Գևորգին և երախտապարտ ասաց.
-Թե ամեն տեղ քեզ պես մի Գևորգ գտնվի, իմ ոչ մի զինվոր երբեք քաղցած չի մնա... Ի՞նչ թողնեմ քեզ ինձանից հիշատակ:
- Ոչինչ պետք չէ, զորավա՛ր... Ինձ համար մեծ պատիվ էր, որ չմերժեցիր մնալ մեր տանը:
Այդ պահին մոտեցավ մի զինվոր, անթամբ, սևաթույր, կրակոտ մի նժույգի սանձը բռնած:
-Պահի՛ր քեզ այս նժույգը, Գևո՛րգ,-ասաց Անդրանիկը,-թող այն քեզ միշտ հիշեցնի մեր եղբայրությունը... Ո՜վ գիտե, կտեսնվե՞նք էլի... Լավ պահեք Տաթևը՝ մեր դպրության չմարող փարոսը, մեր հավատի ու ոգու տաճարը...
Գևորգը լաց եղավ՝ նժույգի պարանոցը գրկած...

<<Պատմություններ Անդրանիկի մասին>>, Ե., 2004:

Комментариев нет:

Отправить комментарий