19.10.2014

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԻՍԻ ՏՈՆԻՆ

Ակսել Բակունցի տուն-թանգարանի հնօրյա, գեղեցիկ տոներից մեկը՝ <<Բակունցյան օրեր>>-ը, վերջին տարիներին վերաճել է համաքաղաքային մեծ տոնախմբության և նշվում է որպես Գորիսի հիմնադրման տոն: 144-ամյա քաղաքն ունի հոգևոր-մշակութային փառավոր կենսագրություն, որով էլ չափվում է նրա լինելիության որակական կշիռը և պատմական ընթացքի մեջ հաստատվում հավերժական ուղեգնացությունը: Սյունեցին գիտակցում է հոգևոր արժեքների ազգապահպան ու սերնդակերտիչ նշանակությունը և արժանապատվորեն տեր է կանգնում իր մեծերին, որոնք իրենց փառքը, անունն ու գործը նվիրաբերեցին հարազատ ժողովրդի ոգեղեն կերպարի ամբողջացմանը: <<Գորիսյան օրեր>> ամենամյա տոնակատարությունը բարեպատեհ առիթ է՝ Սյունյաց մեծերին վերստին պատվելու, մշակութային ավանդույթները, արժեքները վերակոչելու ու վերագնահատելու, մեր ինքնեղությունը, ինքնության ոգին աշխարհին ներկայացնելու:
Այս տարի նույնպես քաղաքի տոնը նշվեց մեծ շուքով: Գորիս էին ժամանել բազմաթիվ հյուրեր, որոնց թվում պաշտոնական այցով՝ Ֆրանսիայի Վիեն քաղաքի ու Բելոռուսիայի Ներսիժ քաղաքի պատվիրակությունները, պետական այրեր, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Տոնական միջոցառումների ծրագիրը հագեցած էր, բովանդակալից և իրագործվեց Գորիսի քաղաքապետարանի, կրթամշակութային ու ստեղծագործական կառույցների համատեղ ուժերով:
Տոնակատարության շրջանակներում <<Միրհավ>> ակումբի նախաձեռնությամբ Ակսել Բակունցի տուն-թանգարանում նույնպես կազմակերպվել էր գրական ցերեկույթ՝ նվիրված Բակունցի <<Մթնաձոր>> ժողովածուին: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև <<Միրհավ>> ակումբի կողմից Գորիսի տոնին ընդառաջ հայտարարված <<Մթնաձորը>> կարդալուց հետո...>> խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթի արդյունքները: Առաջին մրցանակը շնորհվեց Քարահունջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիետտա Բաղդասարյանին, երկրորդ մրցանակը՝ Վերիշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կորյուն Դաջունցին, երրորդը՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Թոխսանցին: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը մրցանակակիրներին պարգևատրեց պատվոգրերով ու գրքերով, մյուս մասնակիցները Բակունցի տուն-թանգարանի կողմից արժանացան շնորհակալագրերի: 
Հիշեցնենք, որ մրցատյանի կազմում ընդգրկվել էին Գորիսի քաղաքապետարանի, ինչպես նաև կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Մրցույթի նպատակը աշակերտության շրջանում դեպի Բակունց տանող ճանապարհը է՛լ ավելի իմաստալից, ձգողական ու խորհրդավոր դարձնելն է, նրա ստեղծագործության նկատմամբ չմարող հետաքրքրություն սերմանելը: 
<<Միրհավ>> գրական ակումբը շնորհակալություն է հայտնում մրցույթի մասնակիցներին, Գորիսի քաղաքապետարանին՝ մրցույթի գաղափարը ողջունելու, մրցանակաբաշխություն կազմակերպելու համար, ուսուցիչներին, որոնք հորդորել-ոգևորել են իրենց սաներին՝ գրիչ վերցնելու և Բակունցի՝ <<մյուռոնի նման սրբազնագույն>> երկերի մասին սրտաբուխ խոսք շարադրելու:




































Комментариев нет:

Отправить комментарий