19.03.2014

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ / Ռազմաճակատային պատմվածքներ

ԱՌԱՋԻՆ ԹՆԴԱՆՈԹԸ

Զենք է հարկավոր…
Թշնամին Գորիսն ու շրջանի գյուղերը ավերում է: Տանկ ու թնդանոթ դրած՝ հողին է հավասարեցնում մարդկանց տարիների վաստակը: Իսկ մենք զենք չունենք: Հասարակ հրացան չկա, որ տաս մարդու ձեռքը և ասես՝ հայրենիքդ պաշտպանիր: Խորհրդային բանակն էլ եկել ու բոլոր եղած զենքերը հավաքել-տարել է: 
Սանոն տղաներից մի քանիսին կարգադրել է զենք փնտրել հին գյուղի ավերակներում: Ինչքան չլինի մեր նախնիները զենք թաքցրած կլինեին պատերի ճեղքերում, հողի տակ, այր-քարայրներում: Առաջին անգամ չէ: Մարդիկ են եղել, որ մարագների ու ժայռե կացարանների մեջ զենքերի տարբեր տեսակներ են գտել…Սա հո նո՞ր կռիվ չէ թուրքերի դեմ: Շարունակ եղել է այս կռիվը, ու մեր պապերը խոփը բռնած ձեռքով սուր էլ են կռել: Սա մեր պապերի ու ապուպապերի կռիվների շարունակությունն է: Սա մեր կռիվն է, մեր գոյության կռիվը: Պիտի պաշտպանենք մեր հացը, որ մեր ձեռքից չխլեն, պիտի զինվոր լինենք, որ մեր կանանց ու աղջիկներին եսիր չտանեն, պիտի զենq ունենանք, որ մեզ հաշվի առնեն ու մեզ կոխ չտան: Պիտի կաղնու պես ամուր լինենք, որ մեզ մեր հողից չկարողանան պոկել: Մեզ միայն մենք կարող ենք պաշտպանել: 
Սանոն դիմել է <<Կենտրոն>>: <<Կենտրոնը>> խոստումներ է տվել: Խոստումը ուշանում է, իսկ թուրքը զոռում է: Մայրաքաղաքից մի քանի ինքնաձիգ հրացաններ են բերել տղերքը: Դա էլ հույս է, բայց դրանով ժողովուրդ չես պաշտպանի:
Սանոն գյուղի սահմանների վրա հսկիչ պոստեր է նշանակել: Հրացանավոր տղերքը խրամատավորվել են սահմանների երկայնքով: Ամեն գիշեր ու հատկապես լուսաբացին թուրքական կողմից հաճախակի տեղի ունեցող գնդացրային ու ավտոմատային կրակահերթերին մեր տղաները միայն կարողանում են պատասխանել կարճ ու հատուկենտ կրակոցներով:
Ազերի թշնամին զենք շատ ունի: Հեռվից է կրակում, տանկ ու հրանոթից: Մեր տղաները դրան պատասխանելու քիչ բան ունեին: Մի հրանոթ էլ չկար, գոնե մեկ-երկու անգամ էլ մեր կողմից ազերիների պատասխանը տայինք:
Հրանտ Բաբալարյանը՝ Անդոնը, ջարդուխուրդ եղած թնդանոթի մի կմախք  է գտել, քարշ տվել գյուղամեջ: Քանի տարի ամպերի վրա է կրակել, հիմա պիտի թուրքերի վրա կրակի:
Անդոնը այստեղից-այնտեղից ինչ-որ երկաթամասեր է գտնում, զոդում, սարքում, դնում, որ թնդանոթ թնդանոթի տեսք ստանա:
Անդոնը հավատացած է, որ այդ վիզը երկար երկաթը կրակելու է:
- Ես պիտի թուրքին ապացուցեմ, որ մեզ հաղթելը անհնարին է: Թնդանոթի դեմ մեք էլ մեր թնդանոթը պիտի ունենանք:
Անդոնը վռազում է, գործը գիշեր-ցերեկ թնդանոթի հետ է, պակաս-պռատը դզում է, կտրում-կարկատում է, որ մի բան ստացվի: Անդոնը համառ է: Առաջին անգամ է այդքան մոտիկից թնդանոթ տեսնում, բայց արդեն շատ բան է գլխի ընկնում: Ու համոզված է, որ մի օր գործը գլուխ կգա:
-Հիմնականը թնդանոթի փողն է, որ կրակի, ուրեմն վերջ:
Գործը գլուխ եկած է: Ինչ կա որ, հնում էլ առանձին վարպետներ փորձել են թնդանոթ ձուլել, ստացվել է: Ինքն ինչո՞վ է պակաս: Հո պղինձ չի ձուլել: Փառք Աստծո, պղինձը պատրաստ է, մնում է եղած մասերը խելացի կցել-կցմցել: Երանի այն օրին, երբ աչքը կդնի ծնկին, կհրի թնդանոթի փողի մեջ, թոկը կձգի ու… կսկսվի երաժշտությունը: Հայ մարդու ոգու և զորության երաժշտությունը: Երկար օրերի, անքուն գիշերների տանջանքների ու տառապանքների երաժշտությունը: Ի՜նչ ուրախություն կլինի: Ախր բարբարոսին պատասխանել է պետք: Էն ձեռքը, որ կրակում է անմեղ երեխաների վրա, կտրել է պետք:
Տղաներից շատերն են օգնում Անդոյին:  Վերջին հաշվով ամբողջ գյուղի թնդանոթն է: Իհարկե, հեշտ գործ չի գլուխ դնել էդ կրակող երկաթների հետ: Գյուղացին ե՞րբ է թնդանոթ տեսել: Տեսնես ի՞նչ հանճարեղ գլուխ է եղել առաջին թնդանոթ հնարողը, որ սարքել է իր երկիրը պաշտպանելու համար: Բայց Անդոնը էն Անդոնը չի, որ սկսած գործը կիսատ թողնի:
-Ինչ ուզում էլինի, պիտի ու նվագի այս երկարավիզ դաշնամուրը,-երկաթե հսկայի պարանոցը շոյելով կատակում է Անդոնը:
Դեմքը սևացած ու մրոտ է, թաղկած ու գռուզ մազերը մրագույն են, ճմրթված փափախի նման դրված գլխի վրա: Անդոնը ժպտում է, ու ժպիտի միջից երևում են միայն իրար մոտ հավասարաչափ շարված ճերմակ ատամները: Անդոնը թևքով սրբում է դեմքը: Մուրն ու փոշին շաղվում-շաղախվում են երեսի վրա, մուր է լցվում քթանցքները: Այդ պատճառով էլ նա սև ու կոշտ ափը տանում է բերանին, որ մեղմի փռշտոցը:
Ու հենց փռշտոցի միջից էլ ասում է.
-Համարյա պատրաստ է, թռչնակս շուտով պիտի երգի, և այն էլ ո՜նց պիտի երգի:
Տղաների ուրախությանը չափ չկար: Նրանք երկար են սպասել այդ կնճիթավոր երկարավզի ձայնին:
Խնձորեսկում առաջին թնդանոթն է: Իսկ Անդոնը՝ Խնձորեսկի առաջին թնդանոթաձիգը: Ապրի Անդոնը: Խիզախորեն կպել է գործի ու հիմա հասել է նպատակին:
Անդոնը մրահոն է, աշխույժ ու կայծկլտուն աչքերով: Երբեք անգործ չի լինում, չի կարող լինել: Նրա միտքն ու ձեռքը անընդհատ պիտի աշխատեն: Իզուր չէ, որ Բաբալարանց է: Դրանց ազգն ու ծուպը բոլորն էլ այդպես են: Երկաթից շներ կսարքեն, մարդու սրտից փուշ կհանեն:
Ռուբիկը, Արտուշը, Լենոն, Հրաչիկը, Արմենը, Ռազմիկը՝ բոլորն էլ այդպես են՝ Բաբալարանց հայր Սարգսի քթից դուրս թռած:
Գործ են անում և իրենց, և հասարակության համար: Ամբողջ օրը երկաթի հետ գլուխ են կոտրում, հարյուր բան քանդում են, հազար բան սարքում:
Հիմա թնդանոթ է պետք, թնդանոթ է սարքում Անդոնը:
Մեռնել պետք լինի, կսուրա թշնամու դեմ ու կմեռնի, ի՞նչ կա որ…
Անդոնը վերջին անգամ ինչ-որ բաներ է ստուգում, իջնում, ելնում, պտտվում թնդանոթի շուրջը և զիլ ձայնով կանչում.
-Իսկ հիմա բոլորդ հեռու գնացեք, ով իմանա, ինչ կարող է լինել: Թե լինելու է, թող ինձ հետ լինի, հեռացեք: Իսկ ես հիմա կաշխատեցնեմ այս գրամաֆոնը:
Ասում է ու ոնց որ ձի հեծնի, փետուրի թեթևությամբ ցատկում է թնդանոթի վրա, կռանում, բռնում պարանի ծայրը ու հանդիսավոր գոչում.
-Ուշադրությու՜ն, կրակում եմ:
Լսվում է ահավոր դղրդյուն: Դմբում, դմբդմբում են լեռ ու սար: Ավելի մոտ գտնվողները փակում են ականջները: Ամպի սյուն է կանգնում թնդանոթի ու շրջակայքի վրա: Դղրդոցը գնում-լցվում է դիմացի ձորը:
Թնդանոթը մշուշով է ծածկվում, մի պահ ոչինչ չի երևում: Պայթյունից շշմած մարդիկ մի պահ չեն հասկանում՝ ինչ կատարվեց: Բայց բոլորը ուրախ են, որ վերջապես երկաթ հսկան կրակել է: Նույնիսկ կարևոր չէ, որտե՞ղ է ընկել արկը և նպատակին հասե՞լ է, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ մարդկանց ջանքերը իզուր չեն անցել:
Բայց այս ի՞նչ է, Անդոնի ձայնը չի լսվում: Որևէ բան հո չի՞ պատահել: Շատերը նոր են գլխի ընկնում, որ պայթյունից հետո Անդոնի ձայնը չի լսվել: Տղաներից ավելի ճարպիկները տագնապով վազում են դեպի թնդանոթը: Մոտենում են ու… Անդոնը կողքի վրա ընկած է թնդանոթի մոտ՝ արյան մեջ շաղախված: Ոտքի վրա՝ ծնկից վերև, խոռոչ կա վերքի, որտեղից արյունը խփում է շատրվանի պես:
Տղերքը նոր են նկատում, որ արկի պայթյունի հետհարվածից ջարդվել է ու այլանդակվել թնդանոթի փակաղակը: 
Երևում է, որ արկը պայթել է թնդանոթի փողի ներսում և ճեղքել երկաթի հաստությունը: Ջարդված մետաղի բեկորը կպել է ազդրին, ծանր վիրավորել Անդոնին:
Առաջին օգնությունը ցույց տալուց հետո թնդանոթաձիգ Անդոնին տանում են հիվանդանոց:
Առաջին կրակոցը չի ստացվել: Ուրեմն ինչ-որ բան սխալ է եղել: Ինչ-որ բան այնպես չի եղել: Սակայն աշխարհում այն ո՞ր առաջին փորձն է, որ միանգամից ստացվում է:
Այսպես թե այնպես՝ առաջին կրակոցը հնչել է: Հնչել է այս բաձունքի վրա՝ ընդդեմ թշնամու: Ուրեմն դրված է գործի սկիզբը: Թող այս անգամ չստացվի, բայց հետո այս թնդանոթի նման տասնյակները կկրակեն ու կպաշտպանեն մեր հողը:

  *   *   *
Թնդանոթաձիգ Անդոնը, առժամանակ հետո շրջանային հիվանդանոցի իր մահճակալին պառկած, հեռու ու խուլ որոտներ է լսում: Որոտներից զգաստանում է Անդոնը, դառնում ավելի ուշադիր: Հանկարծ փոքր երեխայի նման ցատկում է տեղից՝ դիմելով մոտը կանգնած բուժքրոջը.
-Դուք լսու՞մ եք, քու՛յր, այդ որոտները:
-Լսում եմ, իսկ դրանից ի՞նչ լավ բան է սպասվում:
Ի պատասխան բուժքրոջ դժգույն ու երկդիմի պատասխանի՝ Անդոնը զվարթաձայն ասում է.
-Հենց հիմա, խնդրում եմ, բացեք պատուհանը:
-Ինչու՞,-զարմանում է բուժքույրը,-դրսում քամի է:
-Բավցեք, ես ուզում եմ լսել, բարձր ու զիլ լսել այդ ձայները, ախր դրանք մեր՝ հայկական թնդանոթներն են կրակում:  
Եվ Անդոնը ականջը հարմարեցնում է հեռվում դղրդացող ձայներին, որ նրա ունկերում հնչում է որպես հաճելի երաժշտություն:
Ոտքի ցավը մոռացած՝ Անդոնը ժպտում է, ու բերկրանքից ուռչում է կուրծքը: Ինչքան կրակոցները շարունակվում են, այնքան աչքերը պայծառանում են, հայացքը խաղաղվում է, ու այդ պահերին նա դառնում է անսահման բարի:
Ժպիտը երկար ժամանակ չի չքանում նրա նիհարած ու դալուկ դեմքից:
… Հիմա դժվար է քայլում Անդոնը՝ մի կողմի վրա օրորվելով: Նրա հաշմված թնդանոթն էլ խռոված, մեկուսի ընկած է մի կողքի՝ փողը դեպի հեռու քշված թշնամին:
Շատ բան է դառնում պատմություն: Տասնյակ կրակոցներ ու համազարկեր, գնդակների տեղատարափ է եկել ու անցել: Սակայն ժողովուրդը նախկին թարմությամբ մինչև հիմա հիշում է Անդոն Բաբալարյանի առաջին կրակոցը:
Ընկեր-երկարապահների, զինվորականների շրջապատում Անդոնը հայտնի է հիմա <<Խրամոյ>> անունով: Անուն, որի մեջ ֆիդայական հայրենասերի մի ամբողջ կենսագրություն կա, զինվորական սխրանքի գնահատական:







Комментариев нет:

Отправить комментарий