02.02.2014

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Նժույգս մնաց



Նժույգս մնաց: Բանաստեղծություններ:-Ե.,
<<Զանգակ-97>> հրատ., 2001թ.:


Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ

Քուռկիկ Ջալալի՛, հեծյալդ, ասա՛,
Ո՞վ է լինելու...
Ո՞վ է գալիքի մշուշից մի օր
Հայտնությամբ անլուր,
Աղապատանքիդ հնազանդ, հլու՝
Քո ագռավքարյան բանտը քանդելու...
Ո՞վ է շոյելու բաշդ հրեղեն
Եվ կարոտներիդ դարավոր փոշին
Ակամբ մաքրելու քո հուր աչքերից:
Քուռկիկ Ջալալի՛,
Ասպանդակողդ եթե հավատա
Այս սուտ ու անգութ ավուր ու դարին՝
Հար ուժասպառ է հողը մնալու,
Եվ չի լինելու <<ցորեն քանց մասուր...>>:

Քուռկիկ Ջալալի՛, սպասումդ՝ ձիգ,
Քիչ էլ սպասիր. տերդ գալու է՝
Արդարության խոր ակոսը ծրած,
Սերը գալու է Խանդութախանդի
Խորունկ խորհրդով,
Մեր Թուր-Կեծակին կրողը, գիտեմ,
Գալու է, գալու,
Ձայնս լսել է Խաչ-Պատարագին,
Հեծյալդ կա՛մ իմ, կա՛մ էլ իմպեսի՝
Հուրհեր, բացմորուս
Եվ արեգական աչքունք ունեցող
Ծոռն է լինելու:

            ***
Քար եմ կրծում...
Չէ՛, չեմ կռվում ես ցավի դեմ,
Այլ փորձում եմ նախնիներիս
Ինձ պարգևած ոգին անքեն:
Հողն եմ փորում ու փորփրում,
Չէ՛, չկարծեք ոսկեխույզ եմ,
Այլ տենչում եմ
Գտնել ոգու խաղաղություն:
Հունդք եմ տալիս քարահողին,
Չէ՛, չեմ անում անմիտ մի բան,
Այլ ճաքճքած իմ մատներով
Պահս եմ տալիս
Ակնկալիքն երջանկության:
Շատ եմ նայում իմ ձեռքերին...
Չէ՛, չեմ ցավում ափերիս մեջ
Լուռ կայլակող արյան համար,
Այլ սարսռում, զարմանում եմ,
Որ չի փոխվել
Անպարագիծ հեռուներից
Նախնիներիս ինձ հասցրած
Գույնը արյան...

ԵՐԿՈՒ ԾՂՐԻԴ

Երկու ծղրիդ,
Մեկը մտքիս որմին թառած,
Մյուսը՝ սրտիս,
Ամբողջ գիշեր
Միահեծան ու միալար
Երգում էին նույն հանգերգով
Եվ չարչարում անունը քո...
Մի երգի մեջ
Զգաստության սայլն էր ճռռում՝
Մարի՛ր, մարի՛ր...
Մյուս երգի մեջ
Արևների, կյանքի, արյան
Կանչն էր ծորում
Եվ թանձրանում
Կարոտներիս ճանապարհին:
Երկու ծղրիդ...
Մի ... կյանք, մի սիրտ:

ԱՅՍ ԱՇՈՒՆԸ ԵՎ ԵՍ

Ասես երկվորյակներ լինենք
Այս աշունը և ես.
Նույն հորից ենք սերել,
Եվ նույն մորից ասես...
Նույն գարունն ենք տեսել,
Ծեր ու ձյունոտ ամպեր,
Նույն կարկուտն է կիզել
Ծաղկաթերթերը մեր:
Նույն տապից են ճաքել
Մեր շուրթերը պապակ,
Եվ նույն քափից փակվել
Կարոտներ ու փափագ:
Նույն ցավից ենք շիկնում,
Սարսում ճիշտ նույն դավից,
Խուժդուժ է խուլ քամին -
Կգա նույն անձավից.
Վիշապերախ կգա,
Չի խնայի ոչինչ,-
Ի՞նչ հու՜շ, ի՞նչ հիշատա՜կ,
Ի՞նչ հառաչա՜նք, ի՞նչ ճի՜չ...
Ի՞նչ է մեզ մնալու.
Նու՛յն մերկությունը բու՛խ,
Նու՛յն զառանցանքը անլուր,-
Մի որդնոտած պտուղ,
Եվ մի ինչու՞, ինչու՞...
Ասես երկվորյակներ լինենք
Այս աշունը և ես:

 ԲԱԿՈՒՆՑԻ ՏԱՆԸ

Այսօր մենակ եմ իր տանը.
Տեսնում եմ՝ մահվան ուրվականը
Բերում է իր մականն ու ուռկանը...
Անտարբեր եմ իր քսու դավերին...
Մարդորսը ցնդում, մարում է.
Գալիս են Ակսելը, Չարենցն ու Մահարին,
Հազալով է գալիս Թոթովենցը...
Բակունցը թախծոտ նայում է,
Չարենցն հենց այնպես հայհոյում է,
Ծիծաղում է Գուրգեն-խան Մահարին:
Թոթովենցն հազում, նվազում է,
Հազի մեջ հազիվհազ ասում է.
- Ուղտերդ ջրի՛ տար, ուղտապա՛ն...
Հասկանում եմ, ուսերս թոթվում եմ,
Թափվում են տխրություն ու թախիծ,
Լցնում եմ բաժակներս անբիծ,
Բայց գնում են, թողնում ինձ մենակ,
Եվ մենակ էլ ըմպում եմ այս լեղին...


 ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ

1
Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս
Ձյուներիդ տակ թողած
Գարուններիդ համար,
Կգաս իզուր անցած,
Անդարձ երազ դարձած
Ամառներիդ համար:
Կգաս բարի, անքեն
Ժպիտներդ առած՝
Մթնաձոր տանող
Աշուններիդ համար:
Կգաս ձմեռներդ
Արևներով հուշի
Ե՛վ քեզ, և՛ ուրիշին
Տաքացնելու համար:
Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս,
Անսեր, անսիրտ մարդկանց
Խաթարումով անմիտ՝
Չերգած երգիդ համար:
Կգաս մի պուտ սիրո
Գիշերներդ լույսի
Անսուտ երանության
Վերածելու համար:
Կգաս հողոտ, շողոտ,
Լույսերի հետ շաղված
Մորդ քնքշանքների
Առասպելի համար:
Կգաս կրկին գերված՝
Բարձրիկ քո սարերին,
Անքուն քո հավքերին,
Ծառ ու թփին, քարին
Վերծանելու համար:
Կգա՛ս, Ասու՛ր, կգա՛ս,
Կգաս և ինձ համար,
Անծիր տխրությունս
Փարատելու համար.
Միայն, ի սեր Աստծո
Միայն երազներում,
Ասու՛ր, տխուր չգա՛ս:


Комментариев нет:

Отправить комментарий