Հայաստանի գրողների միությունը արդեն յոթ տարի է Հովհաննես
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվորի 19-ը, հռչակել է գիրք նվիրելու օր: Տարեցտարի աճում
է Գրքի տոնի հանրային հնչեղությունը: Գրատները, գրադարանները, գրական ակումբներն ու
մշակութային այլևայլ կառույցներ ակտիվորեն օգտագործում են առիթը, որպեսզի ձգողական
դաշտ ստեղծեն՝ ևս մեկ անգամ հանրայնացնելու գրքրեը, դրանց ընթերցանությունը, նպաստելու գրքի հանդեպ դրական վերաբերմունքի աճին:
Ա.Բակունցի տուն-թանգարանին կից գործող ՄԻՐՀԱՎ գրական խմբակը
փորձեց նոր շունչ, նոր լիցք հաղորդել գիրք նվիրելու խորհրդանշական օրվան՝ հանդես գալով ուշագրավ նախաձեռնություններով: Գորիսի
հիմնական և ավագ դպրոցների աշակերտության շրջանում նախապես հայտարարվեց էսսեների մրցույթ՝
<<ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ>> խորագրով: Այնուհետև Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի
կենտրոնի գրադարանի հետ ծրագրվեց <<ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> կոչով բարեշահ
ակցիա. գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով փետրվարի 17-21-ը հայտարարվեց գրքի նվիրատվության
հնգօրյակ:
Վերոնշյալ ձեռնարկների արդյունքները ամփոփվեցին և լուսաբանվեցին
փետրվարի 21-ին՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսության ժամանակ, որին ներկա էին Գորիսի քաղաքապետ Նելսոն
Ոսկանյանը, քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Արմինե Հովակիմյանը,
ՀԳՄ Սյունիքի գրողների միության նախագահ Արկադի Ծատուրյանը, գրողներ, մտավորականներ,
ուսուցիչներ, Գորիսի մշակութային կառույցների ղեկավարներ, աշակերտներ, ուսանողներ:
Էսսեների մրցույթի 15 մասնակիցներից առաջին կարգին արժանացավ
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Գոռ Արզանյանը, երկրորդ կարգը
զբաղեցրեց Ա.Բակունցի թիվ 1 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Նանե Կոստանդյանը: <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգի հաղթող ճանաչվեց թիվ 4 ավագ դպրոցի
12-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Առուստամյանը: Պատանի գրքասերներին պատվոգրեր
և մրցանակներ հանձնեցին Ա.Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը և ՄԻՐՀԱՎ
գրական միավորման ղեկավար Թեհմինա Մարությանը: Առաջին տեղի համար մրցանակ էր սահմանված Թումանյանի մեծադիր ու շքեղակազմ հատընտիրը, երկրորդ տեղի համար՝ Թումանյանի ստեղծագործությունների
աուդիոգիրքը՝ թողարկված Երևանի <<Բյուրոկրատ>> գրախանութի կողմից: Մրցույթի
երկու մասնակիցներ՝ թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Սիրանուշ Սարգիսջանյանը
և Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Տատինցյանը,
պարգևատրվեցին շնորհակալագրերով: Շնորհավորելով պատանի գրքասերներին՝ Ա.Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վ.Սարգսայնը կարևորեց նման միջոցառումների ու ակցիաների առկայությունը, որոնք անպայման կնպաստեն գրքի դերի ու նշանակության բարձրացմանը, ընթերցանության զարգացմանը:
<<Նվիրի'ր գիրք գրադարանին>> ակցիայի արդյունքում գրադարանին նվիրաբերվեց շուրջ 100 գիրք: Գրադարանային բաժնի վարիչ Զոյա Գալստյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց գրական խմբակի անդամներին՝ մշակութանվեր ու հայրենանվեր գործի համար, ինչպես և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են ՄԻՐՀԱՎԻ ակցիային՝ գիրք նվիրաբերելով իրենց հայրենի քաղաքի գրադարանին: <<Կարծում եմ՝ այս շարժումը մեր քաղաքում ավանդույթ կդառնա և շարունակական կլինի>>,-նշեց Գալստյանը:
Հանդիպման տպավորիչ մասերից էր մեծ բանաստեղծի ծննդյան
145-ամյակին նվիրված <<Գիրքը Հովհաննես Թումանյանի կյանքում>> խորագրով
գրական հանդիսույթը, որը հոգևոր հարուստ լիցքեր պարգևեց ներկաներին և ամբողջացրեց տոնական մթնոլորտը:
Հանդիսության վերջում ելույթներ ունեցան և Գրքի տոնի շուրջ հուզառատ տպավորություններ կիսեցին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գրող Արկադի Ծատուրյանը, բանաստեղծ Լևոն Սահակյանը և ուրիշներ:
Առաջարկում ենք դիտել Գորիսի <<ԼԱՍՏ>> հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը
Комментариев нет:
Отправить комментарий