25.01.2014

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - 90

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելություն՝ անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում: 

Ինքնուրույնությունը տարազ չէ, որ գնես, փոխ առնես կամ ճարես ու հագնես: Ինքնուրույնությունը բնավորություն է,խառնվածք:

Կարդացվելու հաճույքը շատ քիչ է գրողի համար, ինչպես որ գրականությունն էլ քնաբեր դեղահատ չէ,որ ընդունես քնելուց առաջ: Գրական երկը, եթե կուզեք, պիտի անքնություն հարուցի և ոչ թե քնեցնի: Գրական երկը պիտի միտք հուզի, հոգի խռովի և… հոգի ճանաչեցնի:

Ոչ միայն անհանգ,այլև առանց չափի գրելու համար տաղանդ ունենալն էլ քիչ է. պետք է ունենալ հզո՜ր տաղանդ: 


Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի <<դատական գործը>>:

Գրականության պատմությունը գրատախտակ չէ, գրականությունն էլ կավճե գրություն չէ, որ հիմա գրենք, կես ժամ հետո ջնջենք: 

<<Մեծ>>-երը նման են <<վաճառատուն>>-ների, մինչ <<հանճար>>-ները՝ <<մասնագիտացված խանութներ>>-ի: 

Անկարելի է չպատկանել որևէ ժողովրդի և դառնալ միջազգային: Եվ անկարելի է երևակայել որևէ ազգային մեծ գրող, որ չունի միջազգային արժեք: 

Ամեն մարդ ունի նայվածք: Բայց արվեստագետը նա է,ով ունի նաև հայա՜ցք(այս բառի փիլիսոփայական իմաստով), մի հայացք, որ պիտի նետված լինի ոչ միայն աշխարհի վրա,այլև իր կերած հացի, որքան մարդկության ճակատագրի տառերի վրա, նույնքան էլ փողոցային ցուցանակների: Իսկ ով ունի այդ հայացքը, արդեն փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանքի իմաստ: 

Իսկ բառերն ապրում են ո՛չ բառարաններում, ո՛չ էլ գրքերում: Բառերի կյանքը գործածության մեջ է: 

Այո՛, դասականներից պետք է սովորել, բայց առաջին հերթին պետք է սովորել նրանց նորարական <<խևությունը>>:

Տաղանդը նման է սիրո, բոլոր սերերը մի ընդհանրություն ունեն, բայց նրանցից յուրաքանչյուրը նման չէ մյուսին՝ յուրովի միակն է ու անկրկնելի:

Ազգայինը նախ և առաջ լեզուն է, որ բառերի կույտ չէ, այլ հոգեբանություն, և իմ ասածը բնավ խոսք չէ, այլ շոշափելի իրականություն: Եվ այն երկը, ուր կա ազգային հոգեբանություն՝ արտահայտված միայն լեզվի միջոցով, արդեն այնքան է ազգային, որ նույնիսկ, եթե պատկերվող նյութը ազգային էլ չլինի, կմատնի իր ազգայնությունը: 

Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:
   
Դժվարամատույց է հայոց լեզուն՝ իր քառակի պարիսպների մեջ: Նման ամրոց գրոհով առնել անհնարին է, կարող է օգնել միայն երկարատև պաշարումը: 

Իսկական արվեստը չի կարող ետ մնալ ժամանակից, դարաշրջանից, դարից, բայց և պարտավոր է վեր լինել ժամից, օրից, տասնամյակից: Չլինել ժամանակավրեպ, բայց և չաշխատել ժամավճարով: Մեծանալ օրերի հետ, բայց և չգործել օրացույցով: 

Եթե ճիշտ է, որ կրկնությունը գիտության մայրն է, ապա առավել ճիշտ է, որ կրկնությունը գրականության մահն է:

Գրական ժանրերը, ինչ խոսք, չեն մեռնում: Սակայն ամեն դարաշրջան անխուսափելիորեն նորոգում է գրական ժանրերը՝ փոխելով նրանց ոչ միայն <<ճակատը>>, այլև <<հատակագիծը>>:

Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, իսկ առողջը միշտ գեղեցիկ է: 

Էպիգոնությունն էլ յուրովի անմահ է - անմահների անճոռնի ստվերը: 

Գրական երևույթներն էլ իրենց իսկական արժեքը ստանում են գրականության ընդհանուր զարգացումը կշռող նժարների վրա, ինչպես որ, կոպիտ համեմատած, որքան էլ տարբեր ու բազմազան լինեն <<ազգային շուկաները>>, գոյություն ունի համաշխարհային գին: 

Կան բանաստեղծներ…, որոնք ոչ աշխարհ են պատկերում, ոչ էլ աշխարհ ստեղծում: Նրանք բացում են իրենց աշխարհը: Եվ սրանք չեն մոռացվում, որովհետև չեն հնանում: Իսկ եթե հնանում են, ապա սոսկ այնքանով, որքանով հնանում է նաև առավոտը: Սրանք չեն հնանում, որովհետև նորացող կյանքը նորացնում է նաև սրանց, ինչպես որ նորանում են առավոտները:

  

  

Комментариев нет:

Отправить комментарий