Վաղուց էի մտմտում հայհոյախոսության հաղթարշավն ու նրա արատը պարսավել: Եվ իրոք, հապա մի պահ մեր շուրջը նայենք, համացանցում զօր ու գիշեր բազում ոգեսպառ, ունայնագործ էակներ հոգևոր պժգանք՝ գարշանք են ցրում: Իմացության ակունքները կարծես ցամաքել են, անզորության նախապաշարումի քարոզը՝ վարարել: Ամենուր խարխափանք է ու ատելավառ շփոթ. գոյիմաստ խոսքի՝ գրեթե իսպառ բացակայություն։ Հենց մի նշույլ անհամաձայնության, և մարդս պատրաստ է ի ցույց հանել մայրենի լեզվի նկուղներից գոյացող հայհոյախոսությունների ողջ զինանոցը…
– Ի՞նչ կա զարմանալու, բա ասում ես՝ ուշունց ես տալիս, բա ուշունցն ի՞նչ անի դրանց,- ասաց Խորենը՝ հայհոյախոս պատկառելի բարեկամս, ու անհասցե հայհոյեց:- Հրեն,- հանդարտ շարունակեց,- էդքան խաչեր են դնում՝ հերիք չի, էլ բարձունք չեն թողել՝ պղծել են, հիմա էլ, խելքներին աշեցեք, Քրիստոսի արձանն են ուզում դնեն: Ա՛, ձեր… խալխերն ինչ են անում, դուք՝ ինչ… Էլ աշխարհում քաղաք չեն թողել՝ եկեղեցի են կառուցել, իսկ երկի՞րը… ձեռից գնում է:
Խորենը հանրաճանաչ էր ու տարիքի հետ նաև՝ բեռով վաստակ ուներ: Հայհոյել սիրում էր, բայց ոչ երբեք՝ տանը։ Գիտեր՝ որտեղ: Ընկերներից շատերն արդեն չկային՝ կարոտ ուներ: Հաճախ էր միանում մեր ընկերախմբի կերուխումին ու… հորդում էր հայհոյանքը: Ապահովված էր ու ստեպ-ստեպ ինքն էր սեղան բացում: Մեկ-մեկ մտերմիկ զրուցում էինք:
– Անկապ երկրում են շատ ուշունց տալիս. այնտեղ, ուր շատ են տագնապն ու անորոշությունը, անարդարությունն ու զրկանքը՝ հայհոյախոսությունը ծաղկում, փթթում է: Օրինակ՝ սովետի վերջին տարիներին պաշտոնյաների խոսքում հիշոցը քիչ էր, այժմ ուրիշ է: Լսիր՝ մի տես ինչե՜ր են խոսում խորհրդարանում: Ա՛, քո տունը շինվի, սաղ աշխարհը լսում է, է՜,- ասաց ու հանդիսավոր հղեց.
– Թող ոչ ոք չհամարձակվի նախատինքով և հայհոյությամբ բացել իր բերանը որևէ մարդու պատվի ու պաշտոնի դեմ, ով էլ որ սա լինի: «Որոգայթ Փառաց», հոդված 129: Գնա՝ ստուգիր, ու նաև տես, թե էլ ինչեր է գրված մեր այդպես էլ չստեղծված երազ-պետության սահմանադրության մեջ:
Ասաց ու նստեց թևաթափ: Հանեց ցիլինդր կոչվող գլխարկը, որի վերջին կրողն էր ինքը մեր քաղաքում, սղալեց մազերը, բռնցքած ձեռքը հենեց այտին, հայացքը հառեց աչքերիս, թե՝
– Զարմանում եմ… խի՛ ես զարմանում՝ լեզուն ո՛չ ոսկոր ունի, ո՛չ էլ տակին՝ փուշ…
– Բայց ասում են՝ մեր ժողովուրդն այնքան էլ հայհոյաբերան չէ, ու հիշոցը զգալի տեղ չունի մեր մշակույթի մեջ,- հարեցի:
– Հայհոյանքը կա մարդկության մանկության արշալույսից ի վեր: Բանահյուսական գոհարներ են ծնվել հայհոյախոսության ընդերքում, փայլատակել՝ չքացել ու դեռ կան: Դա յուրօրինակ, անարյուն մարտարվեստի տեսակ էր ու մրցասպարեզ՝ նաև, ինչպես աշուղական զվարթ մենամարտերը: Հիշում եմ սա, որպես պատանեկան հիշողության պատառիկ,- ասաց ու մտասուզվեց առկայծող հուշերի դեղնահրկեզ հեռուներում: Սպասումս երկարեց:
– Հին գյուղը,- վերջապես խոսեց,- թիկնած էր կիրճի դիմակա երկու դարավանդներին: Պաղ զեփյուռի թևին մշտապես ճախրում էին մարդկանց ճիչուկանչերը: Նրանց մեղրածոր աղաղակները, զարնվելով առապարներին, մարող ղողանջների նման արձագանքում էին հեռուներում: Երկու լեռնականներ լեզվակռվի էին բռնվել՝ դիրքավորված հակադիր ձորալանջերին: Որպես երկսայրի տեգաշեղբ, սուրում էր երկուստեք հայհոյանքը բիրտ, խոցոտում անտես, անարյուն: Կողմերից մեկն աժդահա էր: Ասում էին, որ սրա մահակն այնքան ծանր է եղել, որ որտեղով քարշ է տվել՝ տեղը երեք ամիս խոտ չի բուսել: Ու սրա նյարդերը տեղի են տալիս: Երբ կատաղած նետվում է առաջ, մրցակիցն ահաբեկ գոչում է.
– Գալիս ես՝ ի՞նչ անես, հո մարդ չե՞նք սպանել, դու՝ էդտեղից, ես՝ էստեղից, կռիվներս անենք՝ պրծնի՝ գնա:- Ու կռիվը կանգնում է: Բա՜… եղել է նաև ծիսական հայհոյանք. մանուկ ժամանակ, երբ հոտաղ էի՝ լսել եմ մաճկալներից: Մեկ-մեկ, որ խոփը դեմ էր առնում քարին, տալիս էր՝ քիչ էր մնում ատամներս թափեր: Թունդ ուշունց-մաղթանք էին տալիս վարատեղը հաց բերող կանանց ու աղջիկներին: Ի դեպ՝ նրանց լսելի: Ինչպես հորովելով-ջանքով հողն էին սերմնավորում-ցանում, այնպես էլ հայհոյանքով այրական կանանց էին ցանկալի սերնդազորագործ մայրական շնորհ հղում: Դա յուրօրինակ աղոթք-հմայանք էր՝ չարխափան զորությամբ: Եվ դա նորմալ էր ընկալվում՝ հեթանոս սովորույթ էր:
Ասաց, մատներն ագուցեց իրար մեջ, հորանջելով բազուկները վեր պարզեց, ձգվեց ու թե՝
– Ա՛, ես դրանց… ասում ես՝ մեր մշակույթի մեջ: Մշակույթ ե՞ն թողել՝ հինը հիմնաքարուքանդ են արել՝ նախանձելի ջանասիրությամբ: Նոր հավատի մեջ հայհոյանքի տաբու կար: Հրապարակավ հայհոյած մարդն այդ օրը եկեղեցի մտնելու իրավունք չուներ:
– Իրո՞ք:
– Այո՛:
Եվ ի՞նչ ունենար: Իսլամի ահալից ծովում ո՞վ էր քրիստոնյա կիսաստրուկ հպատակին հանդուրժել հայհոյել: Եվ ո՞ւմ հայհոյեր: Նայեք մեր հիշոցների բառամթերքը՝ ոչ մի հայկական բան: Անգամ՝ մինչ այժմ: Նախատինքն ու լուտանքը տիրողի մենաշնորհն էին: Ջլատ էր ու տկար մեր հայրենատեր ազատանին: Մեր ոսկե հունդերը, դարեր ի վեր, անպտուղ-անսերունդ սմքել են: Սմքել են՝ մի կտոր չորթան աղաչուն ու գթամուր լեզվի տակ, մեր անառիկ բերդաշխարհում այնքա՜ն առատորեն սփռված արանց ու կուսանաց մենաստան-անապատներում: Ու ոթել է մեր ցեղի արարչական բազկերակը… անխնա…
– Բայց ի՞նչ եք կարծում, ո՞րն է հայհոյանքի բուն պատճառը,- հարցրի:
– Հայհոյանքը ծնվում է հույզից: Հույզը բխում է սրտից, ցոլանում՝ փայլատակում դեմքին, այլակերպվում, դառնում զայրույթ ու զարմանք… չքանում՝ հանգչում: Ինչե՜ր է պարտակում դեմքը բյուրդիմակ: Մարդկային կերպարանքն անեզր ու անել հույզերի ցուցասպարեզն է ու… դամբարանադաշտը,- վրա տվեց փութով, ապա՝ թե.
– Հայհոյական պոռթկումը զորավոր համադարման է: Ինչքա՜ն սրտեր կպայթեին, եթե չլիներ լարումնապարպ բալասանը: Կծնվի նա՛և զորությունից, և՛ անզորությունից, և՛ կարեկցանքից, և՛ ատելությունից… ու կհնչի հաճախ՝ ակամա: Անգամ երբևէ հայհոյանք չլսած մանուկը դա անելու հակում է դրսևորում: Ավելին՝ հորինում է: Որդիս, օրինակ, նեղացնողին «տոզնիկ», «դոզավալի», «կակոզնիկ» ու նման այլ բառերով էր պատվում: Վերջապես, ասում են, կա բուժամեթոդ՝ հայհոյաթերապիա, ու այն խնդիրներ է լուծում:
– Հա՛, բայց դա այլ խնդիր է. առնականության հետ կապված: Ի՞նչ եք կարծում՝ հասարակության ո՞ր շերտերի լեզուն էր ավելի շատ պղծալից:
– Ստորին: Նայեք՝ քննեք սլավոն ցեղի լեքսիկոնը, որը դեռ դարուկես առաջ մեծավ մասամբ ճորտ էր: Ցանկացած միտք դյուրորեն արտահայտվում է անպարկեշտ եռյակով, ու խոսքի մեջ համարյա ագրեսիա չկա: Նրանք գոյութենական սպառնանք չունեին. գեղջուկ կենցաղն էր հայհոյածին: Ի դեպ, հայհոյանքի մի տեսակ էլ կա, որ տարածված է գլխավորապես մեր լեռնաշխարհում: Այս դեպքում այն արտաբերվում է ոչ թե ցասումից, այլ, մի տեսակ, կրավորական արտահայտությամբ, բայց և, սակայն, սեփական անձն ընդգծելու մղումով և հիմքում ունի որևէ օտարամուտ անվան կամ բառի տառադարձության տարօրինակությունը: Ու հաճախ կարող ես տեսնել, թե ինչպես է մի արհեստավոր ասում հաստատապես սխալ դիրքորոշում ունեցող մյուս արհեստավորին. «Ա՜յ, Պարանապանեմաս(1) տեսնես»…
Լավ, լավ, գլուխս… հարթուկեցիր, բեր մեր էշի գնից խոսենք՝ էս երկրի վերջն ի՞նչ է լինելու,- ասաց լուրջ-լուրջ ու ոտքի կանգնեց:
– Չգիտեմ, վերջից եկողի դեռ չեմ հանդիպել. հանդիպեմ՝ կասեմ,- հեգնեցի:
– Յամա՜ն կասես. կասե՜մ: Էլ ասելու բան չկա. երգներս երգված է. քանի դեռ հույսներս խաչի վրա է: Ու ոգեթափուր թիկունքներիս խաչեր առած, մեր իսկ հոգու թափառ տենչով, աշխարհացիր, հաստատ, կլինենք, ու մի սևագիր անեծք հավերժ կխարանվի մեր ազնվածին ցեղի ճակատին: Հեռու չէ այդ օրը, եթե խելքի չգանք. ե՛ս դրանց մերը…- ասաց ու հրաժեշտ տվեց, օրեր անց, նաև՝ պատիր աշխարհին:
1. Գետ Լատինական Ամերիկայում։
Վարդան Սարգսյան
Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ, արձակագիր
Աղբյուրը՝ 22/07/2022 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
Комментариев нет:
Отправить комментарий