06.03.2016

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ /Մշակու՞յթ, թե՞ հակամշակույթ

Այժմ մշակույթի և մասնավորապես արվեստի մասին խորհելիս, հաճախ տեսիլվում է բանաստեղծի պատկերած այն ծառը, որի սաղարթում հավքերը բույն են շինում ու երգում, մինչդեռ ծառը տակից սղոցում են…
Մշակույթի կենաց ծառը փորձում են կտրել առավել «բարձր հովանավորությամբ»: Ովքե՞ր են այդ վնասատուները, զավթիչները, կեղեքիչները, բռնակալները:
Անշուշտ, նույն խմորի մարդիկ: Այս առումով իմաստունները մարդկանց բաժանում են երկու տեսակի` աշխատասեր, սթափ արարողների, և` սպառողների (սպառնացողների), ավերողների: Ծույլերը, թույլերը, ապաշնորհները, վախենալով սովից, մահից` վերածվում են բռնակալների: Ոմանք էլ համախմբվելով իրենց նմանների հետ` վերածվում են հորդաների և զանազան խմբավորումների: Դրանք են, որ մշակույթը, նույնիսկ կրոնը, օգտագործում են որպես իրենց հանցանքները քողարկելու միջոց:
Մի դասական օրինակ: 637 թվին, Քադիսիայի «սրբազան պատերազմից» հետո արաբ զորավարները որոշել էին ավարից մեծ բաժին տալ նրան, ով կկարողանար Ղուրանից գեթ մեկ սուրահ հիշել: Եվ այդքան զինվորների մեջ չգտնվեց և ոչ մեկը…
Մշակույթը, հոգևորը անհատին և ժողովրդին վեհացնող ինքնությունն է, տարբերանշանը, դեպի երկինք «տանող հրթիռն է»:
Եվ հենց այդ պատճառով է, որ մշակույթի վերացումը հանգեցնում է այն կրողների վախճանին: Եվ հակառակը` մշակույթը կրողների կամ այդ մշակույթի պահանջարկի ոչնչացումը, բնականաբար, բերում է մշակույթի անկման:
Պատմության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ բազմիցս կիրառվել է թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Կա նաև մշակույթի տապալման մեկ այլ միջոց:
Դա մշակույթի քաղաքականացում ն է, այն կցորդ դարձնելը, առևտրայնացումը, ինչպես նաև տվյալ ժողովրդին իշխելու, տարրալուծելու նպատակով խորթ մշակույթի ներմուծումը (ի հաշիվ սեփականի): Եվ դա հաճախ իրագործվում է տվյալ ժողովրդին լուսավորելու, կրթելու դիմակի տակ, ինչպես դա տեղի էր ունենում կոմունիստների օրոք: Այնուամենայնիվ, ոչնչացման ամենակարճ ճանապարհը` մշակութային «ինքնասպանությունն է», այսինքն` տվյալ ժողովրդի ներսից թիկունքին ուղղված հարվածները, որոնք հասցնում են դավաճանները: Դա տեղի է ունենում, երբ մշակույթն օգտագործում են, շահարկում հարստանալու, տնտեսական պայքարի, եսապաշտական նկրտումների իրականացման ընթացքում: Ցավոք, նման բան այսօր տեղի է ունենում նաև աշխարհի ամենամշակութային երկրներից մեկում` Հայաստանում:
Կյանքի ծայրահեղ նյութականացման, հարուստների և աղքատների աննախադեպ բևեռացման, արտագաղթի պայմաններում, անշուշտ, խաթարվում է մշակույթի բուն առաքելությունը, մարդկային դիմագիծը: Ճիշտ էր Լեոնիդ Անդրեևը, երբ ասում էր. «Որքան իրերը թանկանում են, այնքան մարդն էժանանում է»: Նյութականի և հոգևորի յուրօրինակ կապի մասին ժամանակին «Լիտերատուրնայա գազետա» թերթը կեսլուրջ, կեսկատակ գրել է. «Պահպանեցեք անտառը` մեր գրականության ապագան»…
Արկադի Ռայկինը ծաղրում էր այն օգտապաշտներին, ովքեր, օրինակ, բալետից որևէ օգուտ քաղելու համար պահանջում էին պարուհիների ոտքերին հարմարեցնել փոքրիկ սարքեր, որպեսզի գոնե էլեկտրական հոսանք ստանան… Մեզանում նյութական բարիքների թալանի կողքին տեղի է ունեցել նաև մշակութային արժեքների կողոպուտ:
«Արդյոք ովքե՞ր են»… և ինչպե՞ս են թալանում:
Դրանք մշակույթի ոլորտում պատահական կերպով հայտնված կամ հատուկ սողոսկած ճարպիկ մարդիկ են, որոնք մեզանում և արտասահմանում` որպես ազգային, ներկայացնում են միջակ արվեստը և արվեստագետին, պատճեններ, աղավաղելով հասարակական կարծիքը Հայաստանի մասին:
Մի առիթով մի կոմպոզիտոր այսպես է բնութագրել մյուսի արվեստը. «Հայկական է, ազգային է, բայց միջակ է»: Ստիպված եղա միջամտել. «Եթե միջակ է, ուրեմն ազգային չէ»:
Համատարած թալանը գայթակղիչ է և վարակիչ:
Հայնրիխ Հայնեի «Առաքինի շունը» առակի Բրուտոս անունով շունը ամեն առավոտ խանութից միս էր գնում և անկորուստ հասցնում տիրոջը: Մի օր բակի շները որոշում են իրենց ցեղի դավաճան շանը պատժել` հարձակվում և խժռում են միսը: Տեսնելով, որ միսը վերջանում է, մի պատառ էլ ինքն է ճանկում. «Դո՞ւ էլ, իմ Բրուտոս, դո՞ւ էլ ես լափում…»:
Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր. «Երբ գործը հասնում է իսկական իմացությանը, մենք երկնչում ենք»: Հիրավի, արվեստը, գիտությունը պահանջում են երկյուղածություն, խնամք: Նույնիսկ «հանճարեղ կեղծարար» իտալացի Ալչեո Դոսսենան ափսոսալ գիտեր: 20-րդ դարի մշակութային ամենաաղմկահարույց դեպքի այդ հերոսի կերտած «անտիկ» քանդակների կեղծիքը կարողացան բացահայտել միայն մի հատկանիշով: Բանն այն է, որ հնության տպավորություն ստեղծելու նպատակով, նա մուրճով, բայց ափսոսանքով կոտրում էր նորաստեղծ քանդակների որոշ մասերը: Եվ հենց այդ զգուշավորությունն էլ իրեն մատնեց: Իսկ մերօրյա կեղծարարները ավերում են բնօրինակներն իսկ: Այդպես են վարվում մեր հարևանները` հայկական միջնադարյան հուշարձանների հետ, այդպես են վարվում և մերոնք` Նարեկացու տաղերի, Կոմիտասի երգերի և այլ արժեքների հետ:
Նման պատեհապաշտները, մշակույթի «ահաբեկիչները» պարզապես չեն սիրում, չեն ըմբռնում այդ արժեքների մեծությունը:
Ինչպե՞ս են այդ «տրոյական ձիերը» հայտնվել մշակույթի ասպարեզում: Մարդիկ, որոնք առանց ցավ զգալու, գործարքի մեջ են մտնում թե՛ այն և թե՛ «այս աշխարհի ուժեղների» հետ: Դրանց մի մասը դեռ կոմունիստների ժամանակ «զբաղվել» են արվեստով, մյուս մասը նորաթուխ գործիչներ են: Երկու տեսակն էլ չեն ամաչում իրենց միջակությունից, քանի որ հիմա յուրայինները շատացել են:
Տարիներ առաջ մի թերթ վկայում էր, որ եթե Փարիզի աղբատար մեքենաների վարորդները մեկ-երկու շաբաթ գործադուլ անեն, մայրաքաղաքը կծածկվի աղբով: Մեզանում մի քանի տարի գործադուլի «մատնված» կյանքի հարվածներին տեղի տված որոշ երաժիշտներ, այսպես կոչված արվեստագետներ, հնչյունային ռեժիսորներ… կամա թե ակամա «հաշվեհարդար» տեսան, «ծախվեցին» և ծախեցին հոգևոր արժեքները: Ամբողջ Հայաստանը ծածկվեց «աղբով»` նկատի ունենք անբարո, մատաղ սերնդին այլասերող երգերի ձայնագրությունների համաճարակը: Արվեստը վերածվեց արհեստի, արհեստը` բիզնեսի, բիզնեսը` մշակութային «մարմնավաճառության…»: «Բումերանգի» էֆեկտը գործեց, և մյուս ասպարեզներում. օրինակ, մարզիկներից ոմանք` թողած Օլիմպոսի ուղին, դարձան… թիկնապահներ, ոմանք, տեսնելով իրենցից անհամեմատ թույլ և ծույլ «չինովնիկ-կաշառակերների» բարգավաճումը, սկսեցին յուրովի օգտագործել իրենց ուժը և «շնորհքը»: Միշտ հպարտացել ենք, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստավոր էր հայերի համար ստեղծագործաբար յուրացնելու թե՛ Արևմուտքի և թե՛ Արևելքի մշակութային նվաճումները: Սակայն այսօր այդ «դիրքն» էլ չարաշահվեց` Հայաստանը հեղեղվել է մի կողմից մուսուլմանական, խորթ, այն էլ ցածրորակ հակամշակույթով, մյուս կողմից` արևմտյան սանձարձակ, սեքսուալ «չարվեստով», նոր-հեթանոսական «բարքերով» և աղանդներով: Այս ամենը ժողովրդին կտրում է իր ճշմարիտ ակունքներից, խոցելի դարձնում:
Հակառակը, կարող ենք վկայակոչել հայ արվեստի առանձին փայլատակումներ: Սակայն դրանք չեն դառնում վճռորոշ համազգային գործոններ: «Չարվեստի» բիզնեսի ջատագովները, «հոգեորսորդները» մատաղ սերնդին ապակողմ նորոշելով, դարձնում են իրենց «հաճախորդը», ներարկելով արհեստական պահանջարկ, ինչպես թմրամոլների պարագայում: Բացի այդ, հաճախ, վկայակոչելով հիշյալ փայլատակումները, դրանք օգտագործում են որպես համատարած անճաշակությունը և բարգավաճման անբարենպաստ պայմանները քողարկելու միջոց:
Խոսքը, ինչպես և երաժշտական հնչյունը, մեծ ուժ է, և այսօր այդ երկուսն էլ հայտնվել են ավերիչների ձեռքում: Նշենք Լև Տոլստոյի «Կրեյցերյան սոնատը» պատմվածքից հայտնի դրվագը. «…Չինաստանում երաժշտությունը պետական գործ էր: Եվ այդպես էլ պետք է լինի: Մի՞թե կարելի է թույլ տալ, որ ամեն ոք, ով ցանկանում է հիպնոսացնի մեկ ուրիշին կամ շատերին և հետո նրանց անի այն, ինչ ուզում է: Եվ գլխավորն այն է, որ այդ հիպնոսողը լինի առաջին հանդիպած անբարոյական մարդը: Իսկ այդ ահավոր միջոցը այդ առաջին հանդիպածի ձե՞ռքը տալ»:
Խոսքն այստեղ դեռ Բեթհովենի հանճարեղ սոնատի մասին է, որը մարդուն մղում է մեծագործությունների, իսկ ի՞նչ ասենք մեզ պաշարած փողոցային, գռեհիկ, անճաշակ, պիղծ երաժշտության մասին, որը հայտնի է, թե ինչ արատավոր արարքների է մղում մարդուն, մատաղ սերնդին: Եվ մարդկանց հիպնոսացնելու այդ «պատիվն» ու մենաշնորհը պետությունը նվիրել է սրճարանների տերերին, կասկածելի ռադիոհեռուստաալիքներին և հատկապես երթուղային տաքսիների վարորդներին, որոնք էլ յուրովի «կերտում» են մեր ապագան: Նույն «երաժշտասեր» վարորդները թավջութակով մարդ չեն վերցնում, մինչդեռ այդ նվագարանից է կախված սիմֆոնիկ և օպերային արվեստի ապագան: Պատահական չէ, որ շատ դպրոցներում նվազել և վերացել են թավջութակի դասարանները: Հակամշակույթի գրոհները ունենում են երկու փուլ` նախ արմատախիլ են անում մշակութային դաշտի դարավոր ծառերը, այնուհետև այդ դաշտում ցանում չարի սերմեր: Հաճախ այս ամենը արվում է միաժամանակ:
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե զինանոցների դռները բացեն երեխաների կամ խենթերի առջև…
Այժմ մարգարեական են հնչում Կոստան Զարյանի խոսքերը. «… Եթե վայր իջնենք… մեքենայի մաս կդառնանք կամ խանութպան»: Խանութպան արդեն դարձել ենք, մնում է խուսափել բանաստեղծի մյուս մտավախությունից, թե չէ կընկնենք «արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ…»:
Ահա արդի քաղաքակրթությունն է, որ մշակութաբանները բնորոշում են որպես «նոր-հեթանոսություն», «երիտասարդների քաղաքակրթություն», որում «սեր» բառը դուրս է մղվել «սեռ»ով` «սեքսով», «սիրել»ը անվանում են «զբաղվել սիրով»: Այդպես էլ նրանք վերաբերվում են ամեն ինչին` «զբաղվում են արվեստով», «զբաղվում կյանքով»:
Քաջ գիտակցելով արվեստի զորությունը և ազգապահպան նշանակությունը, Կոմիտասն իր կյանքը նվիրել է հայ ժողովրդական երգի գրառմանը, փրկությանը, ձերբազատել հարևան ազգերի երգարվեստի ոչ բարերար ազդեցություններից:
Այսօր տեղի է ունենում հակառակը` սրբապղծում են նույն այդ երգերը, խառնելով օտարոտի տարրերին: Մի՞թե թոռը կարող է պապերի դահճի ձեռքը համբուրել…Նման մարդիկ սխալ են հասկացել պատվիրանը: «Սիրի՛ր թշնամուդ», բայց մի՛ պաշտիր, մի՛ ստրկացիր…
Ժամանակին Կոմիտասը հատուկ հոդվածով հանդես է եկել ընդդեմ Փարիզում տպագրված «Հավաքածոյ հայոց ժողովրդական երգերի» պրակի: Այս երգերից միայն մեկն էր հայկական, այն էլ խառնված մեկ այլ երգի, մյուսի եղանակն էլ տաճկական էր և այլն: Այս առիթով Կոմիտասը գրել է. «Մեր ազգի ժողովրդական երգերն այնքան բնորոշիչ են, որ չէ կարելի օտար եւ ցեղակից ազգերի հետ խառնել» (Կոմիտաս Վարդապետ., Ուսում նասիրություններ եւ յոդուածներ., գիրք Ա., Սարգիս Խաչենց., Երևան, 2005, էջ 133): Այո, չխառնել նույնիսկ ցեղակից ազգերին, ուր մնաց թուրքականին, արաբականին, պարսկականին: Սակայն մենք ապրում ենք հենց խառնուրդների դարում…
Գոնե ուրիշներից սովորենք սիրել, հարգել մեր Հայաստանը: Վերջերս հոլանդացի նկարիչ Սիթսե Բակկերը Հայաստանի Ազգային պատկերասրահին նվիրել է Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական շարքի մոտիվներով իր գրաֆիկական աշխատանքները և խոստովանել . «Որքա~ն հեշտ է սիրահարվել Հայաստանին»: Իսկ Մանդելշտամն այնքան էր ներշնչված Հայաստանով, հայոց մշակույթով, ժողովրդական երգերով… որ «Ճախարակ» երգը հաճախ մտաբերում էր նեղ օրերին, աքսորում: Այս անպաճույճ երգը նա դասում էր Գյոթեի խոսքերով գրված Շուբերտի «Մարգարիտան ճախարակի մոտ» հանճարեղ ռոմանսի և նման երգերի շարքին:
«Սևան» ակնարկում Մանդելշտամը խոստովանել է. «Մենք արժանի չենք խոսել հայերեն լեզվով»: Իսկ ի՞նչ ենք անում այսօր մեր աստվածաշունչ լեզվի, երգ ու բանի հետ, ինչպիսի՞ աղավաղումներ են տեղի ունենում: Որքանո՞վ են դրանք կարևորվում մատաղ սերնդի ձևավորման գործում:
Մեծ աղետ է Հայաստանի համար հասարակության մտահոգ և կարող ուժերի, մտավորականների մասնատվածությունը:
Ներդաշնակ հասարակությունը ռուս փիլիսոփա Լ. Կարսավինը բնորոշել է որպես «սիմֆոնիկ անձ», ահա այդ բարձրակարգ անձը չկա մեզանում: Ինչի՞ կնմանվի այն արտադրությունը, եթե մեկը արտադրի մետաղ, մյուսը` ցեմենտ, երրորդը` ապակի, և դրանք չմիավորվեն: Արդյունքում մի տունը կլինի միայն մետաղից, մյուսը` ցեմենտից, երրորդը` «թղթից» և այլն:
Նույնը տեղի է ունենում նաև մշակույթի և այլ ասպարեզներում:
Որքան էլ հանճարեղ կոթողներ ստեղծվեն այսօր, մինչև մատաղ սերունդը հայեցի, քրիստոնեաբար չդաստիարակվի, ապագա չենք ունենա, այդքան թանկ գնով ձեռք բերված մշակույթը կրող չենք ունենա: Տարիներ առաջ Սյունիքում մեկն իր հողը մշակելիս հայտնաբերել էր թաքնված գանձ, երբ դողդողալով բացել էր, պարզվել էր մեծ գումար է, բայց… Նիկոլայ ցարի ժամանակի թղթադրամ ներով: Ահա նման մի բան տեղի կունենա մեր սերունդների հետ, եթե այսպես շարունակվի: Մատենադարանի և թանգարանների արժեքները անկիրթ սերնդի համար կդառնան հնացած թղթադրամների պես անհասկանալի և անգործածելի: Ռ. Թագորը «Մեկ դար անց» քերթվածում հարցնում է իր ապագա ընթերցողին, թե հաջողվե՞լ է իրեն` բանաստեղծին, այսօրվա արշալույսի գեթ մեկ շողը` շաղախված ծաղկանց բույրով, հավքերի երգով, հղել ընթերցողին: Արդյոք իր ձիրքը բավարա՞ր էր այդ անելու:
Եթե ուզում ենք, որ սրբալույս մյուռոնի պես դարերից եկող «ողջույնը»` «գարունից` գարուն, սրտից` սիրտ» հասնի գալիքին, պիտի սթափվենք, ձեռք բերենք հմտություն, միաբանություն և, ամենակարևորը, «չուտենք» ցանքի համար նախատեսված սերմի վերջին պաշարները…

Աղբյուրը՝ www. narcis-handes.am


Комментариев нет:

Отправить комментарий