19.04.2015

Թեհմինա Մարության / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքի մեքենական ու արագընթաց վազքի մեջ մենք հաճախ չենք նկատում առօրեականության շղարշով ծածկված կենսական կարևոր երևույթները և հեռու ենք մնում մեր շրջապատի արժանավոր մարդկանց ճիշտ գնահատական տալու, իրապես արժևորելու բարեպատեհ առիթներից ու հնարավորություններից: Արդյուքնում՝ մեր սրտի խոսքերը արտահայտում ենք նրանցից հավիտենապես բաժանվելուց հետո… 
Քառասուն օր առաջ(9 մարտի, 2015թ.) մեզնից առհավետ հեռացավ Սյունիքի մտավորական ընտրանու պայծառ անուններից մեկը՝ Նինա Հովսեփյանը՝ գրականության մեծ Ուսուցիչը, սևակագիտության երդվյալ մշակը, գրի ու գրչի անխոնջ սպասարկուն, երախտավորն ու Նվիրյալը. մեկն այն քչերից, որի կյանքը իր իսկ գործն է՝ հավերժության ուղեգրով: Խոսել Նինա Հովսեփյան մարդու ու մտավորականի մասին՝ նշանակում է խորհրդածել մարդկային բարձր, նվիրական արժեքների շուրջ: Նա՝ որոնումների այդ մարդը, գերի չդարձավ ժամանակին, չապրեց ժամանակի նեղ սահմանների մեջ՝ «լուսանցքային» չափանիշներով ու ընդգրկումով: Կենսական ժամանակի մեջ նա ստեղծեց իր բարձրաթռի՛չք հոգու ժամանակը, որը լցրեց ու իմաստավորեց նվիրական աշխատանքով: Հենց դրա շնորհիվ ամենակուլ ժամանակը չի կարող մոռացնել նրա անունն ու գործը: Ստեղծումով, մտքի ու գրչի պայծառությամբ լեցուն նրա կյանքի օրերը դեռ կշարունակեն ճառագայթել…
Իր կյանքի ամեն մի վայրկյանում, ամեն մի անկյունադարձին, մեծ ու փոքր գործի առջև նա զգաց կապը մարդուն մարդ պահող հավերժական արժեքների հետ:
Նինա Հովսեփյանը աշխատեց ու ստեղծեց առանց սնափառ հավակնությունների, նրա համար ծառայասիրության առանցքը սերն էր, առաքելականությունը, մինչև վերջ այրվելու ներքին մղումը: 
Իմաստախոսությունն ասում է՝ «Մի չնչին ծառայություն՝ արված մեծ սիրով, առավել հաճելի է, քան մի մեծ աշխատանք՝ արված նվազ սիրով»: Իրապես, անկարելի է չափել գրականության հանդեպ Նինա Հովսեփյանի անձնվիրումի ու զոհաբերության զգացումը: 
Գրականությունը նրա համար ոգեղեն ձգտում էր, մտքի սլացք, սրտի զարկ, հոգու ճախրանք. հրաշալի միջոց էր՝ իր աշխարհայացքը իրականացնելու, եթե կարելի է ասել, իր գոյությունը արդարացնելու համար: Գրականության միջոցով նա արտահայտում էր իր անհատականությունը, կառուցում ի՛ր բարոյագիտությունը, կյանքի ի՛ր դասերը, որոնք խոր արմատներ են ձգել իր աշակերտների մեջ: Նրա ստեղծած բանասիրության դպրոցը, որով անցել են բազմաթիվ սերունդներ, շատերի համար դառնում էր մի տեսակ «հոգեկան աշխատանոց», սուրբ տաճար, որում կենտրոնանում էին մարդկային լավագույն ձգտումները, և մարդը, ի վերջո, գտնում էր ինքն իրեն՝ հասկանալով իր բուն կոչումը: Նա զարմանալի օժտվածությամբ պեղում, արևերես էր հանում մարդկային հոգու խորքերում եղած բարձրն ու լուսավորը: Առաջադիմող ուսանողների նկատմամբ իր ինքնամոռաց հիացումն ու նրանց սատարելու պատրաստակամությունը ավելի՛ն են ասում Նինա Հովսեփյան մարդու մասին, քան շատ բարձրագոչ խոսքեր, երկար-բարակ, ճիշտ ու սխալ պատմություններ: 
Գրականությամբ դաստիարակվելը, ինչպես Թումանյանն է ասում, մարդու «էն վեհ ու վսեմ կերպարի» կերտումն է: Հովսեփյանն իր սաներից պահանջում էր անշահախնդիր, գրեթե կրոնական պաշտամունք գրականության հանդեպ, անկեղծ ու նվիրական ծառայություն, ամբողջական հանձնվում: Սկզբունքներ, որոնք տիրականորեն մտել են մեր գիտակցության մեջ և մինչև այսօր շարունակում են իրենց ստեղծագործ դերը: Պետք է բոլո՛րը նրա գործը ճանաչեն, նաև համալսարանական նո՛ր սերունդը, որ բախտ չունեցավ աշակերտելու նրան… Իր օրինակին ու պատգամներին հետևելով՝ երբեմն պետք է փորձենք մենք մեզ զննել՝ խորապես ճանաչելու, առաջնային ու երկրորդային արժեքները տարբերակելու, օրվա փառքին ու ժամանակավորի մանր հրապույրներին չտրվելու համար…
Կյանքի բոլոր հուսահատությունների դեմ Հովսեփյանը «պայքարում էր» գրականությամբ: Արարող տեսակ էր, և արարման ոգին երբեք չլքեց նրան, ընդլայնեց ներքին տեսողությունը, լցրեց միտքը իմաստության լույսով, նաև ուժ ու կորով տվեց՝ դիմանալու կյանքի բազում հարվածներին: Եվ մնաց միշտ ազնվականորեն շիտակ…
Իր գիտական կարելիությունները միացնելով բնական տաղանդին, որով լիուլի օժտված էր, նա ամենայն խղճմտությամբ ի սպաս դրեց այն սևակագիտության զարգացման գործին:
Աննպաստ պայմաններ, հսկա ճիգ, թույլ առողջություն. այդ ամենը չխանգարեցին, որ գրվեն մեկը մյուսին հաջորդող գրքերը՝ Պարույր Սևակին նվիրված մենագրությունը, կենսամատենագիտության առաջին և երկրորդ հատորները, հոդվածների ժողովածուները, մեմուարային էջերն ու աշխատասիրած գրքերը՝ դարձյալ նվիրված իր գրական պաշտամունքին՝ Պարույր Սևակին… 
Նրա համար ընթերցելը, ընդհանրապես, գրական գործով զբաղվելը ոչ միայն ներքին, այլև, եթե կարելի է ասել, օրգանական անզուսպ պահանջ էր: Վերջին հանդիպումներից մեկի ժամանակ տխուր հառաչեց ու մանկորեն ժպտաց. «Բժիշկն արգելել է մտավոր ու ֆիզիկական ամեն տեսակի ծանրաբեռնվածություն, բայց ես չկարդալ չեմ կարող, եթե օրվա մեջ գիրք չբացեմ, կխեղդվեմ՝ ինչպես անօդ տարածությունում»… 
Նինա Հովսեփյանի համար կարդալը համազոր էր ապրելուն: Գրական աշխատանքը նրա  կյանքն էր… Եվ կարդում էր, կարդում էր անհագ, առանց հոգնության: Վերջին այցիս էլ սեղանին գրքեր ու թղթեր էին, աշխատում էր Սևակի կենսամատենագիտության 3-րդ հատորի վրա, փորձում էր ամեն գնով ավարտին հասցնել տարիների բազմաչարչար աշխատանքը… 
Գիտակցելով, որ իր երկրային օրերը հաշված են, նա հերոսական ճիգ էր անում իր առաքելությունը իրագործել և ապա հոգին ավանդել… Մաքառում էր մահի դեմ՝ հանուն վսեմ գաղափարի, օգտաշատ մի գործի, որը պիտի ապրի ու զարգանա, և որը ավելի կարևոր էր նրա համար, քան իր սեփական կյանքը… 
Նրա կյանքի թելը ընդհատվեց, երբ գրեթե ավարտել և պատրաստվում էր հրատարակել սևակագիտության զարգացմանն այնքա՜ն անհրաժեշտ այդ կոթողային աշխատությունը: Գործ, որ ամփոփում է իր բացառիկ մտաեռանդը, իր հոգեխառնությունը, իր որոնումները, գործ, որ ինքը համարում էր երկնքից իրեն հանձնված սքանչելի, թերևս ամենագլխավոր առաքելությունը... Չավարտած գործի վրա թառող մահը տասնապատիկ ավելի դաժան է... 
«Ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա»(Մատթեոս ԻԳ 12). Այդ համոզմունքով Նինա Հովսեփյանն ապրեց իր կյանքը, անցավ հավատի ի՛ր ճանապարհը և նվաճեց բարձր տեղեր մեր հոգիներում: 
Հիրավի, «մարդը այնքանով է հարստանում, ինչքանով հարստացրել է կյանքը» (Կ.Զարյան): 
Թող լույս իջնի շիրիմիդ, Ուսուցի՛չ: 

2015թ. 


Комментариев нет:

Отправить комментарий