23.10.2014

ԿՈՐՅՈՒՆ ԴԱՋՈՒՆՑ / «Մթնաձոր»-ը կարդալուց հետո...

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակին և Գորիսի տոնին նվիրված <<Մթնաձոր>>-ը կարդալուց հետո...>> խորագրով շարադրությունների մրցույթի մրցանակակիր (II տեղ), Վերիշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կորյուն Դաջունցի աշխատանքը 

<<Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զգացմունքին, երազներին…Մթնաձորի երգիչը, ինչպես անվանում էին նրան, նոր էր ոտքը դուրս դրել հայրենի անտառներից, նոր էր հայացքը դարձրել դեպի հեռուները>>:
Ռուբեն Զարյան 

Ընդամենը տասը տարի գրական կյանքով ապրեց Ակսել Բակունցը, սակայն մշտական եղավ նրա հետմահու կյանքը: Նա կարծես զգացել է, որ ստեղծածին նորից ստեղծագործորեն անդրադառնալու ժամանակ չի ունենալու, գրել է կատարյալ:
Գյազբելի նման բարձր և Մթնաձորի պես խորունկ հոգու տեր Ակսել Բակունցը գրական աշխարհ մտավ անաղմուկ, մայր Արաքսի մեջ թափվող հայրենի բնաշխարհի հորդահոս վտակների նման կյանք մտավ, սնվեց հայրենի բան ու բառով:
Մեծ գրողի ամեն մի ստեղծագործություն ու հատկապես <<Մթնաձոր>> ժողավածուն կարդալուց հետո ես նորացվում եմ, վերապրում գրողի մտահոգություններն ու տագնապները. <<… Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը>>:
Զանգեզուր լեռնաշխարհը Բակունցի ստեղծագործությունների ներշնչման աղբյուրն է: Նրա բոլոր ստեղծագործություններում կա Զանգեզուրն իր բնությամբ ու մարդկանցով: Կարդալով <<Մթնաձոր>>-ը՝ ես զանգեզուրցի եմ համարում նույնիսկ Լառ-Մարգարին, Մուրոյին: Քայլում եմ Զանգեզուրի տարածքով ու ինձ թվում է՝ ուղեկցում է ինձ Բակունցը և մատնացույց է անում իր իսկ նկարագրած մամռոտ քարերը, քարանձավները, կանաչ մթությունով պատած ծմակները, որ առաջին հայացքից միայն երգ են թվում, բայց հետո տեսնում ես, թե ինչպես այդ քնարական ու խորունկ նկարագրությունները դառնում են մարդկային բնավորություններ, հոգեբանություններ:
<<Մթնաձոր>>-ը հայ գյուղացիության ծանր անցյալն է: <<Մթնաձոր>>-ի ողբերգական պատումներից ինձ հոգեհարազատ են <<Վանդունց Բադին>>, <<Այու սարի լանջին>>, <<Աքարում>>, <<Խաղլացավ>> պատմվածքները: Ամենուր Մթնաձորի մթությունն է, անդարմանելի ցավեր, խորտակված կյանքեր, անտանելի հոգսեր… Այդ պատմվածքներն ինձ մտածել են տալիս մարդու, մարդկայինի և, ընդհանրապես, կենսական ամենատարբեր երևույթների մասին. ապրումներ, որոնք միշտ էլ արդիական են և մեզ հասունացնում են հոգեպես…
Ես ապրում եմ Վերիշենում: Բակունցի <<Մթնաձորը>>-ն ընթերցելուց հետո ես մոտակա հրաշք անտառին Բակունցի աչքերով եմ նայում ու քիչ է մնում օրվա որոշակի ժամերին ճչամ, որ բոլորը լսեն. <<Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին, որ հեռվից կարելի է համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը…>>: Իսկ երբ վերջերս գնացել էի անտառ, ակամա փնտրում էի միրհավին՝ մթին անտառի ոսկեփետուր թռչունին…
Մթնաձորյան աշխարհում ես մտերմանում եմ մարդկային բարձր արժեքներով օժտված Արթին պապի, ժողավրդական ասացող Մուրոյի, հմայիչ ու հեզ Խոնարհի, տավարած Պետու, գյուղացի Ավու հետ…, որոնք սովորեցնում են ինձ սիրել գեղեցիկը, ճշմարիտը, պարզն ու մաքուրը, ապրել բնության անբասիր օրենքներով… Հերոսներ, որոնք մարմնավորում են հեղինակի երկրորդ կյանքը՝ անմահությունը: 
Ես հպարտ եմ, որ ծնվել եմ զանգեզուրյան բնաշխարհի այն անկյունում, որի վրա աներեր ու ինքնավստահ քայլել ու իր ժողովրդին անմահացրել է իմ մեծ հայրենակիցը՝ Ակսել Բակունցը:





Комментариев нет:

Отправить комментарий