28.08.2014

ԿԱՄՍԱՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՈՐԻՍՈՒՄ

Օգոստոսի 23-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց աբստրակտ նկարչության ճանաչված վարպետներից մեկի՝ Կամսարի (Կամո Սահակյանի) անհատական ցուցահանդեսը: 
Կամո Սահակյանը ծնվել է 1961 թվականին Եղեգնաձորում: Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում(Վան Եղյանի դասարանում), այնուհետև ավարտել Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1980 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային մի շարք մրցույթների, ունեցել խմբակային ու անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ: 1989 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Նրա աշխատանքներից պահվում են Հայաստանի նկարիչների միության, Ազգային պատկերասրահի ֆոնդերում, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 
Գորիսում Կամսարի ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա  էին քաղաքապետ Վ.Ադունցը, մշակութային կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու արվեստասերներ:  
Ողջունելով և ներկայացնելով  օրվա հյուրին՝ պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ գեղանկարների այդ սքանչելի հավաքածուն ձգողական դաշտ կստեղծի  և բարձր արվեստով ոգեշնչվելու հնարավորություն կընձեռի պատկերասրահի այցելուներին: 
Կամսարի ստեղծագործական հաջողությունները ողջունեց և նրան նոր ձեռքբերումներ մաղթեց քաղաքապետ Վաչագան Ադունցը, ջերմ տպավորություններ կիսեցին Արվեստի դպրոցի տնօերն Սիլվա Ասատրյանը, գրականագետ Թեհմինա Մարությանը, բանաստեղծ Լևոն Սահակյանը: Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ցուցահանդեսի բացման արարողությունը համեմվեց <<Միրհավ>> գրական խմբակի անդամներ Նոննա Միրզոյանի, Արուս Հայրապետյանի և Մարիամ Համբարչյանի գրական ընթերցումներով: 
Գորիսի քաղաքապետի կողմից Կամսարը արժանացավ շնորհակալագրի: 


Комментариев нет:

Отправить комментарий