11.06.2014

ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ / Չարենցի գրչով Բակունցին նվիրագրված առաջին բանաստեղծությունը


Ակսել Բակունցի հետ Չարենցը անձնապես մտերմացել է 1926-ի մարտի վերջին, երբ Բակունցը բնակություն հաստատեց Երևանում: «Այդ գունատ սուբյեկտը» Բակունցին նվիրված առաջին բանաստեղծությունն է, որից հետո Բակունցին նա անդրադարձավ «Մթնաձոր» ժողովածուն լույս տեսնելուց հետո և 1927-ին գրեց «Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո» բանաստեղծությունը, որն ունի նաև «Ա-ին» վերնագրով երկրորդ մաս: 1929 թվականի հոկտեմբերի 16-ին գրեց և «Էպիքական լուսաբաց»(1930) ժողովածուում զետեղեց «Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից» ծրագրային բանաստեղծությունը: 1936-ին, երբ շատերի հետ մեկտեղ Բակունցը Երևանի բանտում կանգնած էր հավատաքննիչների առջև, Չարենցը նրան ձոնեց «Ա.Բ.-ին» («Եվ բառերի համար քո մարմարյա…». 1936.14.X) բանաստեղծությունը:
Բակունցի ու Չարենցի հարաբերությունները չմնացին այնպես, ինչպես սկսվել էին, որովհետև նրանց միջով անցավ 1937-ը նախապատրաստող և իրականացնող նոր ստալինյան վարչակարգի սև կատուն: Չարենց-Բակունց գրական ու մարդկային հարաբերությունը ժամանակի կենտրոնական և բարդ հանգույցներից է, ինչն արտահայտվել է «Մեր նոր ճորտերին»(ունի երկու թարգմանություն՝ 14.II.1935, 14.IV.1935/, և «Տխուր կարուսել»(30.XI. 1935) բանաստեղծությունների և մի քանի առանձին գրառումների ու գրությունների մեջ:

ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ

Սիրելի Ակսելին

Այդ գունատ սուբյեկտը, որ նստած է դեմըդ,-
Դու նրան ճանաչո՛ւմ ես, դու նրան գիտես:-
Նա այդպես միշտ գունատ է, և այդպես միշտ հե՛տդ է`
Թե շրջում ես կյանքո՛ւմ դու, երազում ես թե:

Այդ գունատ սուբյեկտը:- Առաջին անգամ նա
Երևաց կյանքում քո, երբ առար գրիչ:
Եվ այդպես` այդ օրը սկսվեց անկումդ -
Նա ցնցեց հոգին քո ու հանձնեց հրի: -

Այդ հիմար սուբյեկտը: - Քո ձեռքից բռնած նա
Քեզ տարավ բուլվարը և ասաց` նայի՛ր –
Քեզ թովում է գիշերը ու գունատ լուսաբացը,
Քեզ թովում է ալլեյը` այսքա՛ն ամայի:

Նա ասաց. – Տեսնո՞ւմ ես ոսկեգույն տերևները,
Որ այդպես ընկնում են ու ծածկում ուղիդ...
Աշխարհում օրե՛նք է իր ժամին մեռնելը...
Եվ այսպես` քեզ խաբե՛ց նա ու տվեց օղի:

Նա ասաց` ամբո՛ղջը, ինչ որ կա, չնչի՛ն է.
Ինչ որ կա - երա՛զ է, ու երազը` ծուխ, -
Դու սիրիր միայն երգը, տխրությունն ու կինը,
Որ քեզ պես անցողիկ է ու քեզ պես մահացո՛ւ:

Եվ այսպես – նա խաբե՛ց քեզ ու մնաց նա մոտդ
Ամենուր հետևե՛ց նա ու հսկեց նա քեզ:
Եվ անգամ չկորավ նա այն խնդուն առավոտը,
Երբ ցնդեց մառախուղը և արևը ծագեց...

Այդ գունատ սուբյեկտը:- Նա մի խեղճ կրետի՛ն է,
Նա հիվանդ երազող է, նա մելանխոլի՛կ,-
Բայց նրա հայացքի տակ, տե՛ս, ցնդում է գետինը
Եվ փոխվում է աշխարհը մանկական հոլի...

Թե չգար այդ սուբյեկտը, չբռներ թե վզիցդ`
Ախ, գուցե դառնայի՛ր դու հանճարեղ Իկար, -
Բայց նայի՛ր` քաշել է իր մթին շրջագիծը
Եվ ցմահ քեզ գերե՛լ է այդ սրիկա՛ն...

Կքամի նա ուղեղդ, կծծի եռանդդ,
Կխմե արյունդ` քեզ գերի դեռ թե -
Օ, խեղդի՛ր, քանի շուտ է, օ, խեղդի՛ր նրան դու
Քանի ինքը, քանի ինքը դեռ քեզ չի խեղդել... 




Комментариев нет:

Отправить комментарий