27.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լիլիթ Տատինցյան

Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի 

Գրքե՜ր: Որքա՜ն բան են ինձ տվել գրքերը: Ամեն ինչ, բացի չարությունից ու նախանձությունից: Ամեն տարի իմ սեղանի գրքերը փոխվում են և՛ իմաստով, և՛ ձևով: Փոքր տարիքում իմ սեղանին տեղ էին գտել հեքիաթներ, այնուհետև հանելուկներ, բանաստեղծություններ, իսկ այժմ իմ գրքերը խոր իմաստ են պարունակում: Սիրում եմ գրքեր կարդալ: Այժմ իմ ուշադրությունն է գրավել Դեյլ Քարնեգիի <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա>> գիրքը: Ես այն համարում եմ իմ սեղանի գիրքը: Դեռ մի քանի գլուխ եմ կարդացել, բայց շատ բան եմ սովորել: Ճիշտն ասած այն ինձ Ձմեռ պապն է նվիրել:
 Ես շատ էի ուրախացել, մանավանդ վերնագիրն ինձ շատ էր դուր եկել: Գիրքը պատված է դարչնագույն և դեղին կազմով: Կազմի վրա պատկերված է Դեյլ Քարնեգին: Այդ գրքում հայտնի հանցագործների սխալների հիման վրա հեղինակը մեզ դասեր է տալիս: Ես սովորեցի, որ պետք է համբերատար լինել, չխաբել, չքննադատել մարդուն, եթե չգիտես, թե դու ինչպես կվարվեիր և այդպես շարունակ: Երբ ուզում եմ որևէ գիրք կարդալ, նախ պետք է վերնագիրը ինձ գրավի, ինչ-որ բան ունենա ինձ տալու և հետաքրքիր լինի: Իմ գիրքը հենց այդպիսին է: Ճիշտ է, այժմ երեխաների ուշադրութունը համացանցն է գրավել, բայց ինձ համար միևնույն է, գիրքն անփոխարինելի է: Այն իմ առջև բացում է գիտության, հույսի և բանիմացության դռներ: Գիրքն այն ընկերն է, որ ինձ երբեք չի դավաճանի, իմ վատը չի ցանկանա, ինձ միշտ կուղեկցի և կօգնի չշեղվել ճիշտ ճանապարհներից: <<Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր>>,-ասել Չարենցը: Եվ հենց այդ անեզրության մեջ թաքնված են բազմաթիվ խորհուրդներ, և եթե գիրք կարդաս, նա քո առջև կբացի այդ խորհուրդները: Գիրք կարդացող մարդը գրագետ է լինում, հիմար բաներ չի խոսում և շատ հաճելի է լինում խոսել այդ մարդու հետ: Ես զվարթ աղջիկ եմ, բայց շատ եմ սիրում հուզիչ պատմություններ կարդալ: Եվ հենց այդ պատմություններից էլ թե՛ շնչավոր և թե՛ անշունչ առարկաներից դասեր եմ քաղում: Փոքր տարիքում ես շատ էի սիրում կարդալ Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Հաճախ էի հեռուստացույցով տեսել <<Գիգորը>>, բայց երբ կարդացի, այն մի այլ զգացում առաջացրեց իմ մեջ: Ես մեր տան մի փոքր անկյունում բազմաթիվ գրքեր ունեմ և հիմնականում երեկոյան եմ սիրում կարդալ դրանք: Գիրք կարդալիս մի պահ փորձում եմ ինձ դնել տվյալ հերոսի տեղը, քննում եմ նրա քայլերը, մտածում` ինչպես կվարվեի նրա փոխարեն: Իսկ Աստվածաշունչը միշտ իմ դաշնամուրի վրա է, և մինչև հիմա կարդում եմ նրա ոսկե կանոնները: Մեծանալովես ավելի շատ եմ զգում գրքի անհրաժեշտությունը: Իզուր չէ, որ մեր մեծերն ասել են. <<Որտեղ չի մահացել խոսքը, այնտեղ չի մահացել գիրքը>>: Այդ խոսքերը մարդիկ օդից չեն վերցրել, այլ գիրք կարդալով են այդ կարծիքը կազմել: Գրքերի մասին կարող եմ անդադար խոսել, բայց մտքերս կամփոփեմ Շեքսպիրի խոսքով՝ <<Գիրքը ինձ համար գահից էլ թանկ է>>:


Комментариев нет:

Отправить комментарий