10.02.2014

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ / Գրելու արվեստի մասին


Ամերիկացի հայտնի գրող Է.Հեմինգուեյը գրելու արվեստի մասին արժեքավոր խորհուրդներ է թողել երիտասարդ սկսնակ գրողներին
1935 թվականի հոկտեմբերին «Esquire»  (Էսքուայըր) ամսագրում տպագրվել է Հեմինգուեյի հետ մի հետաքրքիր հարցազրույց, որում նա ներկայացված է «Ձեր թղթակից» անվանումով: 

Մայս.- Ի՞նչ ի նկատի ունեք լավ կամ վատ գրական ստեղծագործություն ասելով:
Ձեր թղթակից (Հեմինգուեյ).- Լավ գրական  երկը ճշմարիտ ստեղծագործությունն է: Պատմվածքի ճշմարիտ լինելը կախված է նրանից, թե որքան լավ է հեղինակը ճանաչում կյանքը և որքան ջանք է գործադրում, որպեսզի նույնիսկ հնարելու դեպքում այն լինի իրական:Եթե նա չգիտի՝ ինչպես կվարվեն և ինչ կմտածեն մարդիկ նման հանգամանքներում, ապա որոշ ժամանակ կզրկվի գրելու հնարավորությունից կամ կկենտրոնանա հնարելու վրա: Բայց, եթե շարունակի գրել մի բան, որի մասին չգիտի, ապա միմիայն հորինվածք կստացվի: Մի քանի անգամ այդպես կեղծելով` այլևս չի կարողանա ազնվորեն գրել:

Մայս.- Իսկ ի՞նչ կասեք երևակայության մասին:
Ձ.Թ.- Ոչ ոք չգիտի, թե ինչ է երևակայությունը, բացի նրանիցոր այն տրված է ի վերուստ: Միգուցե այն մեր ժառանգական փորձառությունն է: Կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է: Ազնվությունից հետո սա միակ բանն է, որ անհրաժեշտ է գրողին: Որքան շատ է փորձը, այնքան ճշմարիտ կլինի երևակայությունը: Եթե կարող է այդքան ճշմարիտ երևակայել, ապա մարդիկ կհավատան, որ նրա պատմածը իրականում կատարվել է, և նա ուղղակի վերապատմում է այն:
Մայս.- Իսկ  ինչո՞վ կարող է այն տարբերվել լուրից:

Ձ.Թ.- Լուրը մարդիկ չեն մտապահում: Երբ նկարագրում ես այդ օրը կատարված ինչ-որ բան, ժամկետները ստիպում են ընթերցողին տեսնել այն իր սեփական երևակայությամբ: Մեկ ամիս անց ժամանակի այդ գործոնն անհետանում է, և ձեր խնդիրն այլևս անհասկանալի է դառնում, քանի որ նրանք արդեն չեն հիշում դրա մասին: Իսկ, եթե  նկարագրելու փոխարեն այն պատկերեք, կդարձնեք ամբողջական, հաստատուն և կենսունակ: Լավ, թե վատ ստեղծում ես: Ճշմարտացի կհամարվի այն, թե ոչ կախված է երևակայել կարողանալուց և ձեր ներդրած գիտելիքների չափից: Հասկանո՞ւմ եք ինձ:
Մայս.- Մասամբ:
Ձ.Թ. ( խոժոռված )- Այդ դեպքում եկեք այլ բաներից խոսենք:
Մայս.- (շփոթված) Պատմեք ինձ գրելու տեխնիկայի մասին:
Ձ.Թ.- Ի՞նչ նկատի ունեք. գրամեքենա՞ն, թե մատի՞տը: Խոսքը դրա՞նց մասին է:
Մայս.- Այո:
Ձ.Թ.- Սկսնակ գրողը  բավականություն է ստանում գրելիս, մինչդեռ ընթերցողը` ոչինչ: Կարող ես նաև օգտագործել գրամեքենան, քանի որ դրանով ավելի հեշտ է ու ավելի մեծ հաճույք կստանաս: Գրելն ավարտելուց հետո ողջ անելիքդ յուրաքանչյուր տեսարան, զգացողություն, վայր և զգացմունք ընթերցողին հասցնելն է: Այդ իսկ պատճառով  պետք է շատ աշխատել: Մատիտով գրելու դեպքում  կարող ես մի քանի ձևով ստուգել՝ կստանա արդյոք ընթերցողն այն, ինչ ցանկացել ես  հաղորդել նրան: Նախ` կարդում ես ձեռագիրը, հետո, երբ մեքենագրում ես տեքստը, հնարավորություն ես ստանում ուղղելու գրածդ և վերջնական կարդում այն: Այնպես որ մատիտը հավելյալ, երրորդ հնարավորություն է տալիս տեքստը բարելավելու համար:
Մայս.- Ինչքա՞ն կարելի է գրել օրվա ընթացքում:
Ձ.Թ.- Քանի դեռ գործը լավ է առաջ գնում, և գիտես, թե ինչ պետք  կատարվի հետո, լավագույն տարբերակը կանգ առնելն է: Վեպ գրելիս, եթե ամեն օր այդպես շարունակես, ապա երբեք տեղում չես դոփի: Ահա ամենաարժեքավոր խորհուրդը. փորձեք այն մտապահել:
Մայս.- Շատ լավ:
Ձ.Թ.- Միշտ դադար տվեք, երբ գրելը արդյունավետ է առաջ գնում, մի մտածեք այդ մասին և մի անհանգստացեք, մինչև հաջորդ օրը նորից կսկսեք գրել: Այս ձևով  ձեր ենթագիտակցությունը ողջ ժամանակ կաշխատի այդ ուղղությամբ: Բայց, եթե շարունակ մտածեք կամ մտահոգվեք, ապա կսպանեք այդ հնարավորությունը, և ձեր ուղեղը կհոգնի, նախքան գործին անցնելը: Եթե արդեն սկսել եք վեպը, բայց մտավախություն ունեք արդյոք վաղը գործն առաջ կգնա թե ոչ, դա նույնքան վախկոտ քայլ է, որքան նման անխուսափելի գործից ետ կանգնելը: Պետք է շարունակել. անհանգստանալն անիմաստ է: Դա հատկապես պետք է իմանալ վեպ գրելու համար, քանի որ վեպի դեպքում  ամենադժվար պահն այն ավարտելն է:
Մայս.- Ինչպե՞ս կարելի է չանհանգստանալ:
Ձ.Թ.- Չմտածելով աշխատանքի մասին: Հենց սկսեք մտածել այդ մասին, անմիջապես վերջ տվեք: Մտածեք այլ բանի մասին: Պետք է սովորել դա:
Մայս.- Ամեն օր ինչքա՞ն եք գրածն ընթերցում նախքան այն շարունակելը:
Ձեր թղթակից.- Լավ կլիներ ամեն օր վերընթերցել սկզբից և հիմնովին ուղղել, իսկ հետո  շարունակել այնտեղից, որտեղ օր առաջ դադար էիք տվել: Եթե այնքան երկար է գրված, որ ամեն օր չես կարող կարդալ, ապա կարդում ես միայն վերջին երկու-երեք գլուխները, իսկ շաբաթը մեկ անգամ ամբողջությամբ ես կարդում: Ահա, թե ինչպես կարելի է այն ամբողջացնել: Եվ մի մոռացեք կանգ առնել, քանի դեռ շարունակում եք արդյունավետ գրել: Դա կպահպանի ընթացքը և թույլ չի տա ձեզ աշխատել հարկադրաբար: Այլապես  կհամոզվեք, որ հաջորդ օրը սպառվել եք, և աշխատանքը շարունակելն անհնար է:
Մայս.- Նույնը վերաբերո՞ւմ է արդյոք պատվածքին:

Ձ.Թ.- Այո, բայց պատմվածքը երբեմն կարելի է գրել նաև մեկ օրում:
Մայս.- Երբ գրում եք պատմվածքը, դուք նախօրոք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենալու:
Ձ.Թ.- Համարյա՝ երբեք: Ես այն սկսում եմ, և պատահում է այն, ինչ պետք է պատահի` կախված զարգացման ընթացքից:
Մայս.- Սա այն մեթոդը չէ, երբ քոլեջում սովորեցնում են, թե ինչպես պետք է գրել:
Ձ.Թ.- Այդ մասին չգիտեմ. ես երբեք քոլեջ չեմ գնացել: Եթե ինչ-որ մեկը կարողանում է գրել, քոլեջը ի՞նչ պետք է սովորեցնի նրան:
Մայս.- Բայց դուք սովորեցնում եք ինձ:
Ձ.Թ.- Ես խելագար եմ: Բացի դրանից, մենք նավակում  ենք ոչ թե քոլեջում:
Մայս.- Ի՞նչ գրքեր պետք է գրողը անպայմանորեն կարդա:
Ձ.Թ.- Նա պետք է կարդա ամբողջը իմանալու համար, թե ինչ պետք է հաղթահարի:
Մայս.- Բայց նա չի կարող բոլորը կարդալ:
Ձեր թղթակից.- Ես չեմ ասում, թե ինչ կարող է կարդալ , այլ, թե ինչ է հարկավոր: Իսկ բոլորը կարդալ, իհարկե, չի կարող:
Մայս.- Բայց, ի վերջո, ո՞ր գրքերը պետք է գրողը անհրաժեշտաբար ընթերցի:
Ձ.Թ.- Նա պետք է կարդա Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը, Կապիտան Մարետիի «Ծովային ենթասպա» և «Ֆրենք Մայլդմեյ» գրքերը, Ֆլոբերի «Տիկին Բովարին» և «Զգացմունքների դաստիարակությունը», Թոմաս Մաննի «Բուդենբրոքը», Ջոյսի «Դուբլինցիները», «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը», «Ուլիսեսը», Ֆիլդինգի «Թոմ Ջոնսը» և «Ջոզեֆ Էնդրյուսը», Ստենդալի «Պարմի մենաստանը», «Կարմիրն ու սևը», Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» և ևս ցանկացած երկու գիրք, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննը», Սթիվեն Քրեյնի «Կապույտ հյուրանոցը» և «Նավակը», Ջորջ Մուրի «Ողջույն և ցտեսություն» ստեղծագործությունը, Յեթսի ինքնակենսագրականները, Մոպասանի և Քիպլինգի բոլոր լավագույն ստեղծագործությունները, Տուրգենևի բոլոր գործերը, Հաթսոնի «Հեռավորի և անցյալի մասին»-ը, Հենրի Ջեյմսի պատմվածքները և հատկապես` «Տիկին դը Մով»-ը, «Պտուտակի շրջապտույտը», «Մի տիկնոջ դիմանկար», «Ամերիկացիները» և այլն:
Մայս.- Ես չեմ կարող սղագրել այսքան արագ: Դեռ շա՞տ կան:
Ձ.Թ.- Մնացածը կասեմ հաջորդ անգամ: Դրանք մոտավորապես թվարկածից երեք անգամ ավելի շատ են:
Մայս.- Գրողը պետք է այս բոլոր գրքերը կարդա՞:
Ձ.Թ.- Բոլորը և էլի շատ ու շատ գրքեր, այլապես նա չի իմանա, թե ինչ պետք է հաղթահարի:
Մայս.- Ի՞նչ ի նկատի ունեք «հաղթահարել»  ասելով:
Ձեր թղթակից.- Ի՞նչ իմաստ ունի  գրել արդեն իսկ գրվածի մասին, եթե հույս չունես, որ ավելի լավ կգրես: Մեր օրերում գրողը պետք է կամ գրի այն, ինչի մասին դեռ չեն գրել կամ «հաղթահարի» անցյալի գրողներին: Վերջիններիս հետ մրցակցությունը միակ միջոցն է հասկանալու, թե ինչի ես ընդունակ: Շատ կենդանի գրողներ կան, որոնք գոյություն չունեն: Նրանք հռչակ են ձեռք բերել քննադատների միջոցով, որոնց մշտապես անհրաժեշտ է հերթական  մի հանճար, ում ամբողջովին կարելի է հասկանալ և հանգիստ գովաբանել: Բայց, երբ այս «կեղծ» հանճարները մահանում են, նրանցից ոչինչ չի մնում: Լուրջ գրողի համար միակ ընդունելի մրցակիցները համարվում են մահացած գրողները: Նա կարծես վազորդի նման ժամացույցին հակառակ պարզապես փորձում է հաղթահարել, ով էլ որ լինի իր հետ այդ մրցավազքում: Այլապես նա  երբեք չի իմանա, թե իրականում ինչի է ընդունակ:
Մայս.-   Բոլոր  այս հիանալի գրողներին ընթերցելը կարող է քաջալերել մարդուն:
Ձ.Թ.- Ուրեմն պետք է քաջալերվել:
Մայս.- Սկսնակ գրողի համար լավագույն դպրոցը ո՞րն է ըստ Ձեզ:
Ձ.Թ.- Դժբախտ մանկությունը:
Մայս.- Իսկ Ձեր կարծիքով Թոմաս Մաննը մեծ գրո՞ղ է:
Ձ.Թ.- Նա մեծ գրող կլիներ, եթե «Բուտենբրոկներ» -ից բացի ոչինչ չգրեր:
Մայս.- Գրողն ինչպե՞ս  կարող է ինքն իրեն մարզել:
Ձ.Թ.- Ուշադիր հետևեք, թե ինչ է կատարվում շուրջը: Եթե մենք հիմա հարձակվենք ձկան վրա, ապա կտեսնենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կանի: Եթե ձեզ հաճույք է պատճառում այն երևույթը, թե ինչպես է ձուկը դուրս ցատկում ջրից, փորձեք վերլուծել ու հասկանալ, թե ինչն է իրականում ուրախություն պարգևել ձեզ: Կամ, թե ինչպես է ջրից  դուրս գալիս կարթաթելը, ձգվում ջութակի լարի նման, այնպես որ վրան անգամ ջրի կաթիլներ են երևում: Կամ` ինչպես է ձուկը ցատկոտում ջրի մեջ: Մտապահեք բոլոր ձայները և փորձեք հասկանալ, թե այդ զգացմունքները ինչ առաջացրին ձեր մեջ, հատկապես ո՞ր գործողությունները հուզեցին: Այնուհետև` գրեք այնքան պարզ ու հասկանալի ձևով, որպեսզի ընթերցողն էլ կարողանա տեսնել ու զգալ այն, ինչ դուք եք զգացել: Սա հինգ մատների համար նախնական վարժություն է:
Մայս.- Լավ:
Ձ.Թ.- Այնուհետև` պատկերացրեք, թե ինչ է կատարվում մեկ ուրիշի  գլխում: Օրինակ, եթե ես ձեզ մի կողմ եմ հրում-գցում, փորձեք պատկերացնել, թե ես ինչ եմ  այդ պահին մտածում և ոչ թե մտածեք այն մասին, թե ինչպես դուք կարձագանքեիք: Եթե Կարլոսը անիծում է Խուանին, փորձեք երկուսին էլ հասկանալ ` չմտածելով, թե նրանցից ով է ճիշտ: Որպես մարդ պատկերացրեք՝ որն է լավ, իսկ որը` վատ: Դուք հստակ գիտեք՝ ով է ճիշտ, և ով ` մեղավոր: Ճիշտ է, ստիպված եք որոշումներ կայացնել և ի կատար ածել դրանք: Բայց որպես գրող դուք  ոչ թե պետք է դատեք, այլ հասկանաք:
Մայս.- Լավ:
Ձ.Թ.- Երբ մարդիկ խոսում են, ամբողջությամբ լսեք: Մի մտածեք այն մասին, թե դուք ինչ եք պատրաստվում ասել: Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում և ոչ էլ դատում է: Մտնելով սենյակ և միաժամանակ դուրս գալով այնտեղից` պետք է մտապահեք այն ամենը, ինչ տեսել եք  և ոչ միայն: Եթե այդ սենյակը ինչ-որ զգացմունք է առաջացրել, ապա պետք է ճիշտ կողմնորոշվեք, թե ինչ զգացմունք է դա: Փորձեք այս տարբերակը: Քաղաքում` թատրոնի մոտակայքում կանգնած, նայեք, թե ինչ տարբերությամբ են մարդիկ դուրս գալիս տաքսիներից ու մարդատար մեքենաներից: Բազմաթիվ եղանակներ կան մարզվելու համարՄիշտ մտածեք ուրիշների մասին:
Մայս.- Ի՞նչ եք կարծում ես գրող կդառնա՞մ:
Ձ.Թ.- Ինչպե՞ս կարող եմ  իմանալ: Միգուցե դուք տաղանդ  չունեք և  չեք կարող ուրիշների փոխարեն զգալ: Դուք լավ պատմվածքների նյութ ունեք, եթե կարողանաք գրել:
Մայս.- Բայց ինչպե՞ս  կարող եմ պատմել:
Ձ.Թ.- Գրեք և, եթե  հինգ տարի աշխատեք ու հասկանաք, որ ոչինչ չի ստացվում, միշտ էլ կարող եք ինքնասպան  լինել:
Մայս.- Ես ինքնասպան չեմ լինի:
Ձ.Թ.- Այդ դեպքում, ես ձեզ կսպանեմ:
Մայս.- Շնորհակալ եմ:
Ձ.Թ.- Շնորհակալություն հայտնելու կարիք չկա, Մայս: Հիմա, միգուցե այլ բաների՞ց խոսենք:

                                                                                                                                                                                                                                                             Թարգմանությունը՝ Անի Հակոբյանի

Комментариев нет:

Отправить комментарий