2018թ. նշվում է «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի» հիմնադրման 15-ամյակը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակը: Երկու կազմակերպություններն էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում մեծ դեր են խաղացել թանգարանային ոլորտի արդիականացման և զարգացման գործում:
ԻԿՕՄ Հայաստանը և Թանգարանների ասոցիացիան ՀԲԸՄ-ի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը Երևանում կազմակերպեցին «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագրով միջոցառումների շարքը, որը եզակի հնարավորություն ընձեռեց Հայաստանի թանգարաններին, տուրիստական ընկերություններին և կրթական կազմակերպություններին՝ քննարկելու նոր համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
«Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ մարզային ինը թանգարաններ, որոնց թվում նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանը, մասնակցեցին «Թանգարանային շաբաթ»-ին՝ ներկայացնելով իրենց մշակութային ժառանգությունը:
Միջոցառումները ներառում էին թանգարանային էքսպո-ցուցադրություն (MUSExpo2018) և հանրային ֆորում:
MUSExpo-ի նպատակն էր ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման կարևորագույն մի հարթակ, որտեղ քննարկվեցին թանգարանները զբոսաշրջության երթուղիներում ներառելու հնարավորություններն ու դրանք ճիշտ օգտագործելու գործիքները:
Հանրային ֆորումի շրջանակներում միջազգային փորձագետների օգնությամբ համախմբվեցին թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների ներկայացուցիչներ ու մասնագետներ: Քննարկվեցին և կառուցվածքային լուծումներ առաջարկվեցին յուրաքանչյուր ոլորտի զարգացման, առկա խոչընդոտների հաղթահարման և մարտահրավերները կանխարգելելու խնդիրների վերաբերյալ:
Շաբաթվա ընթացքում արտասահմանից ժամանած փորձագետները վարեցին դասընթացներ՝ «Թանգարանների համար ֆոնդահայթաթում» և «Թանգարանների զարգացումը որպես տուրիստական փորձառություն» թեմաներով:
Ծրագրում ներառված միջոցառումները մեծապես նպաստեցին թանգարանների միջև փորձի փոխանակմանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի՝ որպես մշակութային բարձրագույն արժեքներից մեկի հանրայնացմանը, տարաբնույթ համագործակցությունների ձևավորմանը:
Մարգարիտա Իվանյան
Ա.Բակունցի տուն-թանգարանի գիտաշխատող
Комментариев нет:
Отправить комментарий