Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ մայրաքաղաքից, Արցախից ու Հայաստանի տարբեր մարզերից գրողի ծննդավայր էին ժամանել բազմաթիվ հյուրեր՝ գրական աշխարհի ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, պաշտոնական անձինք՝ արժանին մատուցելու մեծ գրողի անվանն ու <<մյուռոնի նման սրբազնագույն>> գործին:
Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին Ակսել Բակունցի կիսանդրու և ապա՝ խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով, այնուհետև շարունակվեցին գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի կրթամշակութային կառույցների համատեղ ստեղծագործական ուժերով կազմակերպվել էր ցերեկույթ:
Ա.Բակունցի տուն-թանգարանը, հանձն առնելով հոբելյանական հանդիսության կազմակերպման հիմնական պատասխանատվությունը, հոգացել էր, որ գրողի ծննդյան օրն անցնի տոնական պատշաճ մակարդակով և մնայուն տպավորություններ պարգևի բակունցասերներին:
Ցերեկույթը, որ վարում էին թանգարանում գործող <<Միրհավ>> գրական խմբակի անդամներ Մարիամ Բարխուդարյանն ու Արուս Հայրապետյանը, բացվեց սրտառուչ ասմունքով, այնուհետև բացման ու ողջույնի տպավորիչ խոսք ասաց տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը՝ կարևորելով Մեծ գորիսեցուն ըստ արժանվույն մեծարելու, մշտապես նրա գրական աշխարհում լինելու անհրաժեշտությունը: Բակունցի ապրող-հարատևող հիշատակը ոգեկոչող հոբելյանական ելույթներով հանդես եկան ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Ս.Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Ն.Ոսկանյանը, ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, ԼՂՀ Գրողների միության նախագահ Վ.Հակոբյանը, Ե.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ.Վարդանյանը, գրողի թոռնուհին՝ Ալլա Բակունցը, ՀՀ Մշակույթի նախարարության հրատարակչական բաժնի պետ Արմեն Ավանեսյանը, գրականագետ Թեհմինա Մարությանը, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ա.Ծատուրյանը և ուրիշներ:
Ցերեկույթի ընթացքում բակունցյան ընթերցումներով, քնարական ու երաժշտական առանձին կատարումներով հանդիսականներին ներկայացան Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները, <<Միրհավ>> գրական խմբակի ասմունքողները, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի երգչուհիները, Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը՝ գրական հարուստ ներշնչանքներ ու մշակութային հուզապրումներ փոխանցելով ներկաներին:
Միջոցառումը եզրափակվեց Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի պատրաստած փոքրիկ բեմականացումով, որ օրվա խճանկարի մեջ վերստեղծեց մթնաձորյան կոլորիտը՝ Բակունցի հանրածանոթ կերպարների նախնական նիստուկացով, բնաշխարհիկ հոգեբանությամբ, գունեղ միջավայրով ու լեզվամտածողությամբ:
Բակունցով, նրա գրարվեստի պայծառությամբ ու հմայքով լցված օրը համեմվեց ավանդական հյուրասիրությամբ՝ գրողի հայրենի տան գեղատեսիլ այգում կառուցված տաղավարում:
ՀԳՄ նախագահ՝ Էդուարդ Միլիտոնյան |
ՄԻՐՀԱՎ գրական խմբակ |
Ե.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Կարո Վարդանյան |
Ակսել Բակունցի թոռնուհին՝ Ալլա Բակունցը |
Комментариев нет:
Отправить комментарий