24.02.2018

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

28.01.1964թ.
Իմ լավ բարեկամուհի,
                      սիրելի' Նինա
Շատ շնորհակալ եմ Ձեր անկեղծ, ջերմ ու մաքուր նամակի համար: Ես, ինչպես կարող եք Դուք ենթադրել, քիչ նամակներ չէ, որ ստանում եմ: Ձերը այն քչերից է (դժբախտաբար, քչերից), որոնց մեջ առկա է առաջին նախապայմանը՝ գրագիտությունը: Չնեղանաք, խնդրում եմ, այս բառիս համար: Ցավալի է, բայց իրողություն է: Գրագետներին օրը ցերեկով էլ պիտի ճրագով (ճիշտ կլիներ ավելի՝ էլեկտրական լամպարով) որոնենք...
Եվ իմ խոսքը միայն սովորական գրագիտության մասին չէ, այլև գրական գրագիտության (եթե կարելի է այսպես ասել): 
Գիտե՞ք ինչ, Նինա' սիրելի, հաճախ մարդ ամոթ է զգում անհարկի և չպատճառաբանված գովասանքից: Ձերը այդ «հաճախ»-ից չէ: Ես հեռվից հեռու էլ զգացի, որ Դուք իսկապես հասկանում ու սիրում եք բանաստեղծություն: Իսկ դա (բանաստեղծությունն իսկապես հասկանալն ու սիրելը) նույնպես տաղանդ է, որ քչերին է տրված: 

Երբևէ Գորիսում լինելիս կփնտրեմ Ձեզ, որպեսզի սեղմեմ Ձեր ջերմ, մաքուր ու նրբին ձեռքը: 
Երևանում լինելիս համեցե'ք իմ տուն: Շատ ուրախ կլինեմ անձամբ ծանոթանալու Ձեզ հետ, սիրելի' բարեկամուհի: 
Ես էլ Ձեր երկրպագուն եմ, Ձեր նմանների, մաքուր ու խորունկ հոգիների: 

Ձեր՝ Պարույր Սևակ.
Երևան, Կասյան 3, բն. 21: 

Комментариев нет:

Отправить комментарий