24.01.2018

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ / Սևակասիրությունից սևակագիտություն

Ե., «Զանգակ-97», 2006թ.
Վերջին տարիներին Պարույր Սևակի ժառանգության ուսումնասիրությունը նոր ճյուղավորումներ է ստացել: Գրականագիտական միտքը գեղարվեստի աշխարհից փորձում է իրեն հուզող հարցերի պատասխանը որոնել: Այդ որոնման ճանապարհը դյուրին չէ. տեսական-փիլիսոփայական բարձր խտացումնեի բաղձանքը երբեմն մնում է պարզ նկարագրականության, տարբեր գրքերից ժողոված մտքերի ու մեջբերումների իջևանատներում: Դրա համար կա մեկ վստահելի ճանապարհ` իմացություններով զինված գնալ դեպի սկզբնաղբյուրը, դեպի ակունքը: Նույնն է` ըստ որի ոչ թե պիտի քահանայի աջը համբուրես, այլ Եկեղեցի մտնես և Աստծու առջև քո մոմը վառես և քո աղոթքն ասես: Իսկ դեպի Տաճար տանող ճանապարհը, նորություն չէ այլևս, որ ոչ թե հոգու կանչ է, այլ ծես, դրա համար էլ, անկախ գնացողների քանակից, այդ ճանապարհը չի դառնում ոգու ճանապարհ: Ակունքը, Սկիզբը, Աստվածը մնում են մի կողմ` չկարդացված, չըմբռնված, չբացահայտված, կամ կարդացված, ըմբռնված ու բացահայտված այնքանով, որքանով ինչ-որ մեկն արել է, երբեմն նաև չտալով անգամ այդ մեկի անունը, իբր իրենք են, որ կան: 
Նույնը մեր աչքի առջև կատարվեց Պ.Սևակի ստեղծագործության հետ: Սևակագիտությունը պատսպարվեց սևակասիրության սահմաններում, գրողի խոսքի արտասանությունը դարձավ սոսկ ծես և ոչ թե էության մեջ թափանցելու, էությունը բացահայտելու անհրաժեշտություն:
Իսկ նա, ով գիտության անունից է ճառում, այսօր էլ, ինչպես կես դար առաջ շարունակում է Սևակ սպանել` նրա անունը նորից դնելով արդեն իսկ վաղուց մոռացված գրական պատահականությունների կողքին, այսինքն` գիտակցված ձևով արժեզրկելով նրան և հրապարակավ հայտարարելով` Սևակը հետևորդներ չի' ստեղծել, և դա այն դեպքում, երբ այդ հետևորդնեի անունը գրական դպրոց է: Ոգու ցեցն այսպես ներսից շարունակում է ուտել առողջ միջուկը: 
Եվ ահա այս պայմաններում լույս են տեսնում գրքեր, որոնց հեղինակները փորձում են հասնել ակունքին և ազնիվ գիտությամբ բարբառել գրական ճշմարտությունը, այս կերպ հոգևոր հաղորդակցման խողովակները մաքրելով ժանգից ու խցանումից: 
Ահա այդպիսի գրքերից մեկն էլ Թեհմինա Մարությանի «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական անդրադարձները» ուսումնասիրությունն է: Ուսումնասիրություն բառն այստեղ ոչ թե հպանցիկ արտահայտություն է, այլ գրքի էությունը բացահայտող գիտական դիրքորոշում, որովհետև առանց այդ ուսումնասիրության այս գիրքը այս ձևով չէր ստեղծվի: 
Ընդհանրապես` գրողը և նրա գրաքննադատական անդրադարձները հարցադրումն ինքնին կարևոր է և լրացնում է գրողը և իր ժամանակը նյութի շրջանակը: Գրողը իր ինքնությունից դուրս իր ժամանակի մեջ կա այնքանով, որքանով կա այդ անդրադարձը: Բացառիկ դեպքերում է այդ անդրադարձը համահունչ էությանը, մեծ մասամբ մոտավոր է, շատ դեպքերում` անձնավորված, իսկ մեր իրականության մեջ` շատ հաճախ` միտումնավոր: Պ.Սևակի դեպքում անդրադարձի այս չորս բեկումներն էլ եղել են` և' համահունչ, և' մոտավոր, և' անձնավորված, և' միտումնավոր: Մեծով և' հիացողն է շատ, և' պահանջողը: 
Երիտասարդ գրականագետը հարցադրումն ընդգրկել է ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի, այսինքն` աչքի առջև ունենալով ոչ թե Պ.Սևակի ստեղծագործութան տեսականին որպես համակարգ, այլ միայն պոեմները: Նյութի լրիվ ընդգրկումն առաջիկա ծրագիր է: 
Առաջաբան-ներածութանը հաջորդում է երկու գլուխ` ա)պատմական պոեմների, բ)սիրային պոեմների գրաքննադատական անդրադարձները: 
Սևակագիտության թեկուզև թռուցիկ ու սեղմ ակնարկն արդեն իսկ ցույց է տալիս հարցադրումների այն լայն շրջանակը, որով փորձ է արվել համապարփակ ըն‎գրկման ենթարկել գրողի վաստակը: Սա արդեն գրականագիտություն է` գրականության պատմության տեսքով: Բայց Թ.Մարությանի ուսումնասիրության նյութը ոչ թե գրականագիտությունն է, այլ քննադատությունը` արտահայտված հիմնականում մամուլի էջերում, հազվադեպ միայն գրաքննադատական ժողովածուներում: Այս ամենն անհրաժեշտ էր գտնել, հավաքել դասդասել և տիպաբանական ու ժամանակագրական ընդհանրացումներով դնել շրջանառության մեջ: Սա, որպես ժամանակի ձայն, ունի իր ազդեցությունը, որովհետև արդեն իսկ պատմություն է, որին իր հերթին գրքի հեղինակը պետք է բերի իր հակազդեցությունը` որպես արդիականության պահանջ: 
Ինչպե՞ս է գնահատվել գրողի տվյալ պոեմը, ժամանակն ի՞նչ չափանիշներով է մոտեցել դրանց, գրողն ընկալվե՞լ է ամբողջությամբ, թե՞ ոչ, բացահայտվե՞լ է նրա արվեստը, ավանդույթի և արդիականության մեջ նրա տեղն ու դերը: Հիշենք միայն, թե ի՜նչ ամոթալի անդրադարձներ ունեցավ Սևակի «Ուշացած իմ սեր» պոեմը համամիութենական քննադատության մեջ: Ահա այստեղ է, որ ուսումնասիրողը բերում է ի'ր հայացքը, ճշտում ի'ր դիրքորոշումը և, եղածն արժեքվորելով ու համադրելով, հանգում անհրաժեշտ հետևությունների: Դա այդպե'ս պետք է լիներ, որովհետև ժամանակի անդրադարձները միանշանակ չեն: Հիշենք թեկուզ «Անլռելի զանգակատունը», որ ոմանք ընկալեցին սոսկ որպես «հանգաբանական մաներա» և սկսեցին խորհուրդներ տալ բանաստեղծին, մինչդեռ այն ամբողջությամբ մի զրնգուն համանվագ էր: 
Ժամանակն առավել չափով դժվար ընկալեց Պ.Սևակի արվեստը` լեզուն իր բոլոր շերտերով, պատկերավորման միջոցները, լեզվական արտահայտչաձևերը և այլն: Իսկ համանվագայնությունն այդպես էլ ժամանակին չընկալվեց ու չբացահայտվեց իր ամբողջ տարողությամբ: Սևակը նույնքան ավանդույթից եկող բանաստեղծ էր, որքան արդիականությանը միտվող: Հայ և համաշխարհային գրականության հին ու նոր արժեքների հետ նրա կապերն ու հանգույցները շատ են: Դա' էլ ժամանակի քննադատությունը ընկալեց ու չբացահայտեց ինչպես հարկն է: Այդ օրերից մնացած բրածո քննադատին նույնիսկ սարսափ է պատում, երբ Սևակին քննաբանում ես ոչ թե իր գրող Սարմենի, այլ աշխարհի գրող Շեքսպիրի տեսադաշտում: 
Այս գիրքը յուրովի քննադատական մտքի պատմություն է, որ վերաբերում է մեկ առանձին հեղինակի և նրա առանձին գործերին: Դժբախտաբար, Սևակին ուղեկցող քննադատությունն առավել չափով եղել է գրական հավելվածի դերում` չգիտակցելով իր ինքնուրույնության լիարժեքությունը: Հակառակ դեպքում այդ քննադատությունից կծնվեր գեղագիտություն, տեսություն, փիլիսոփայություն, ինչն ավելին է, քան որոշակի գրական երկ մացառախեղդ արած հոդվածների շարքը, որի մեջ մեկը մյուսին պետք է համոզեր իր իրավացիությունը, և երկուսն էլ իրար չպետք է լսեին: 
Թ.Մարությանի այս գիրքը հայելի է ժամանակի առջև, որի մեջ պարզ արտացոլված է և' այսօր ապրող բանաստեղծութունը, և' այսօրվա համար վաղուց մեռած քննադատությունը: Ուրեմն ապրող բանաստեղծության կողքին պետք է ծնվի նաև ապրող քննադատությունը, որովհետև, առանց առաջնայնության երևութականության, երկուսն էլ խոսք են` ուղղված ժամանակին, որ պատմություն դառնալով պիտի հիշվի ապագայի մեջ: 

Դ.Գասպարյան, բ.գ.դ., պրոֆեսոր
     23.05.2006թ.  



Комментариев нет:

Отправить комментарий