02.03.2014

ԱՆԹՈԼՈԳԻԱ / Երիտասարդ ստեղծագործողներ

ԵՐԱԽԱՅՐԻՔՆԵՐ: Ստեղծագործում է Սյունիքի երիտասարդությունը, Ե., Վան Արյան, 2013.-48 էջ: 

Անթոլոգիան ներառում է սյունեցի տասնհինգ երիտասարդների ստեղծագործություններ՝ Աղավնի Նավասարդյան, Անահիտ Մարգարյան, Քրիստինե Դինգչյան, Վահան Հակոբջանյան, Հասմիկ Գրիգորյան, Գարիկ Հովակիմյան, Նունե Մաթևոսյան, Արման Մինասյան, Հասմիկ Գրիգորյան, Նելլի Հարությունյան, Անի Բաղդասարյան, Նելլի Բալասանյան, Լյուսի Բոլյան, Արման Խաչատրյան, Ամալյա Թովմասյան:
Անթոլոգիան կազմել և խմբագրել է ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանը: Այն նոր շունչ է բերում մեր գրականություն՝ սյունեցի շնորհալի երիտասարդների համար ևս նոր հարթակ ստեղծելով: 

ԿԱԶՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի գրողների միության և ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ և խնդիր ունի ներկայացնել նոր սերնդի գրական առաջին փորձերը, նրա ստեղծագործական կարողությունները: 
Հայտարարվեց մրցանակաբաշխություն, և տեսանելի դարձավ մարզի երիտասարդության գրական դիմագիծը, որտեղ գերիշխողը սերն է, զգայական այն թրթիռները, որոնք պարուրված են լուսավոր տխրությամբ, հավատով, հույսով, բնությունն իր անապական մաքրությամբ: Նրա ուղղորդող սլաքը հայրենիքն է՝ լույսի և ստվերի հարափոխությամբ: Ժամանակի ռիթմերին համահունչ՝ նոր սերունդը փորձում է թարմ շունչ բերել և աշխարհաստեղծման այս հոլովույթի մեջ իր տեղը գտնել: Նոր հուների բացումը նրա առաքելությունն է, անցնելիք ճանապարհի կենսաձևը, դարաշրջանի հայելին, որտեղ առանց ավելցուկի ու պակասի կա անդրադարձը ճշգրիտ պատկերի: Մեր խոսքը փորձենք հիմնավորել մի քանի շնորհալիների օրինակով: 
Աղավնի Նավասարդյանը գրում է և՛ չափածո, և՛ արձակ: Անկաշկանդ է իր նախընտրած ձևերի մեջ: Խորաթափանց է: Ասելիքի մեջ չկա ճիգ: Բերածը հուսադրող է, մատուցումը՝ ներդաշնակ իր տեսակին: Եթե Աղավնու ստեղծագործություններում գերիշխում է երազայինը, նրբագեղը, զգայականը, ապա Քրիստինե Դինգչյանի ընդգրկումներն ավելի ծավալային են: Նրան տխրեցնում են բացասական երևույթները: Նրա գործերում տագնապ կա, անհանգստություն, պատերազմի վախ և սեր հայրենիքի ու բնության հանդեպ: 
Հասմիկ Գրիգորյանի ստեղծագործական աշխարհը մաքուր է իր պատկերացումների չափով, փորձում է  սուր անկյուններ բերել և երբեմն դուրս գալ ներաշխարհի իր ներդաշնակ, ռոմանտիկ ընթացքից: Նրա գրվածքներում կեցվածք չկա, այն է՝ ինչ որ կա: Կանացիությունը նրա պոեզիային տալիս է առանձնակի հմայք ու գույն: 
Գարիկ Հովակիմյանն առանձնանում է հայացքի լավատեսությամբ: Նա հեռու է միատոնությունից, որոնումների մեջ է, և ժամանակը Գարիկին ասելու շատ բան ունի: 
Նունե Մաթևոսյանը սիրո և հավատի իր պոեզիան է բերում: Գրավիչ է անկեղծության մեջ: Նրա թախիծը պայծառ է և հուսահատության չի հասնում: Նունեն որոնող տեսակ է և կարող է իր հունը միշտ ընդլայնել ներսից, գտնել նոր ելակետեր: Հուսանք ու սպասենք: 
Նոր մտածողությամբ, ինքնահաստատման իր ոճով առանձնանում է Վահան Հակոբջանյանը: Նա ապագայի աչքերի մեջ է փորձում նայել: Իրականն ու տեսլականը, շոշափելին ու միֆականը ագուցվում են իրար և ստեղծում ինքնատիպ մի տարածք, որտեղ շնչելի թթվածինը շատ է: Երևակայական պատկերացումներում անգամ Վահանը փորձում է լինել իրատես, համոզիչ ու հաստատուն: Նրա ճանապարհը տանում է դեպի գրականություն:
Չեմ կարող չխոսել նաև Անահիտ Մարգարյանի մասին: Նրա համար հաճախ <<լույս է կախվում երկնքի փեշից>>: Այս պոեզիան տաք թրթիռներ է բերում, զուլալ է, անմիջական: Զգայական իր որոնումներում Անահիտը փորձում է իր թռիչքը սահմանել առօրեականից վեր... Չի ուզում, որ թախիծը հաղթի իրեն: Գնում է դեպի մեծ Սերը:
Այո՛, Սյունիքը շարունակում է իր գրական երթը նոր սերնդի հետ: Նրանք գալիս են իրենց պատկերացումների սանդղակով, տեսակետների խաչաձևումով, անկեղծությամբ, անդիմակ խաղով և հրամայաբար ասում.
-Տե՛ղ տվեք մեզ... Եկանք:
Ես իմ ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ հղում նրանց...

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ 

Комментариев нет:

Отправить комментарий