03.03.2014

ՉԱՐԵՆՑԸ՝ ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՈՒ


1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, համաձայն որի Երևանի հանրային գրադարանը ստացավ պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Դա այն օրերին խոշոր իրադարձություն էր: Երկրի կարևորագույն մշակութային օջախներից մեկի կայացման գործին ձեռնամուխ եղան բոլորը` Հայաստանում և սփյուռքում ապրող մտավորականներ, գործարարներ, պետական այրեր, հասարակ քաղաքացիներ: Արձագանքելով սկիզբ առած նախաձեռնությանը` մարդիկ մեծաքանակ նվիրատվություններ էին կատարում նորաբաց գրադարանին։ Քիչ չէր նաև նրանց թիվը, ովքեր առաջարկում էին գնել իրենց մոտ եղած գրքեր:

Եղիշե Չարենցը, ով այդ օրերին աշխատում էր Լուսավորության նախարարությունում, նույնպես իր նշանակալի ավանդն է ունեցել պետական հանրային գրադարանի կայացման գործում: Այս մասին է վկայում Հայաստանի ազգային արխիվում պահվող մի վավերագիր: Խոսքը գրադարանի հաշվեմատյանի մասին է, որը նախատեսված էր ստացված ու առաքված գրությունների, ինչպես նաև նվիրաբերված գրքերի ու ձեռագրերի գրանցման համար։ Կոչվել էր «Օրամատյան»: Ահա այս մատյանում էլ 1920 թ. մայիսի 24-ին կատարվել է թիվ 841 գրառումը։ Այնտեղ ասված է. «Ստացվել է Խ. Խաչատրյանից Եղ. Սողոմոնյանի գրքերը փոխադրող երկու մշակի վարկը ըստ հաշվի 24. 5. 20 թ.»:
Ի՞նչ է սա նշանակում: Նախ այն, որ Չարենցի նվիրաբերած գրականությունը եղել է բավականին շատ, ինչի համար երկու մշակ վարձելու անհրաժեշտություն է ծագել: Գրառման մեջ հիշատակված Խ. Խաչատրյանը գրադարանի աշխատակիցներից էր` Խաչատուր Խաչատրյանը: Այն փաստը, որ մշակների աշխատանքի դիմաց վճարումը գրադարանն է կատարել, թույլ է տալիս հաստատապես պնդելու, որ Չարենցն իր գրքերը ոչ թե վաճառել, այլ հանձնել է անհատույց։ Հակառակ պարագայում գրադարանը հազիվ թե ստանձներ նաև փոխադրման գումարը վճարելու պարտականությունը: Իսկ եթե այս ամենին էլ հավելենք այն իրողությունը, որ մեծ բանաստեղծն այդ  օրերին գտնվում էր նյութական ծանր վիճակում և նաև չմոռանանք նրա մեծ սերը գրքերի նկատմամբ, ապա Չարենցի նվիրատվությունը կրկնակի արժեք է ձեռք բերում:

Աղբյուր՝ hovikcharkhchyan.wordpress.com


Комментариев нет:

Отправить комментарий