27.06.2019

ՏԱԹԵՎԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ձեզ ենք ներկայացնում Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ Սյունիքի ու Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի երկրորդ տեղի մրցանակակիր, Մարտակերտի Վ.Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի աշխատանքը:                                                                        
Ես էլ Կաքավաբերդ եկած ճամփորդներից էի, բայց իմ ուղեկիցների նման գնացել էի այնտեղ ո՛չ հետազոտելու, ո՛չ էլ գանձեր փնտրելու նպատակով, ես եկել էի զրուցելու ալպիական մանուշակի հետ, նա էր իմ որոնելի գանձը: Ահա նստել եմ քարերի վրա՝ նրա կողքին, և ինձ էլ նրա ծաղկափոշին վայելող բզեզի նման աշխարհը թվում է ծիրանագույն հսկայական բուրաստան, ալպիական մանուշակ: Ես սկսում եմ իմ զրույցը ալպիական մանուշակի հետ... Հիշում եմ իմ ճանապարհը նրան հասնելուց առաջ և անհագ ցանկությամբ ուզում եմ պատմել նրան, որ իմ ուղեկիցները մարդիկ էին, ովքեր ընկալում էին աշխարհը յուրովի, ամեն մեկը տեսնում, զգում էր այդ աշխարհն իր հոգու աչքերով: Նա է՝ ալպիական մանուշակը: Երկնամուխ բուրգերի և պարիսպների հնության շնչով օծված ավերակներին տիրում է նրա թարմ շնչառությունը: Ամպերը ցրող քամին օդի թարմ քուլաները տանում է հեռուները՝ Բասուտա գետից մինչև Կաքավաբերդի անմատչելի բարձունք։ Գորշ ավերակների ու պարիսպների ամայության մեջ կենդանություն բերող Բասուտա գետի ալիքներից բացի կա ևս մեկ մխիթարություն՝ բնաշխարհի միակ ծաղկունքը՝ ալպիական մանուշակը։ Հետաքրքիր է՝ ինչպես է բուրում քարերի վրա բուսած այդ ծիրանագույն ծաղիկը։ Լուռ է, լուռ են պարիսպների՝ երկնքից կառչած ավերակները, որոնք իրենց երբեմնի հզորության տարիներին այնպե՜ս կանգուն էին, իսկ անգղերն իրենց սուր կռինչներով լցնում են օդը համատարած աղմուկով, որ իրենց արձագանքներն են գտնում Կաքավաբերդի բարձունքին: Ինձ լսելի չեն այդ ձայները, և ո՛չ էլ Բասուտա ալիքների ահագնացող ճիչն է գրավում իմ ուշադրությունը, ալիքները վիրավոր առյուծի պես թարմ վերքի ցավից մռնչում են, ափ դուրս գալիս, բայց ես չեմ զգում նրանց հորձանքները, բնաշխարհն ուզում է կլանել ինձ ամբողջությամբ, մինչ ես հայացքս չեմ կարողանում կտրել նրանից, որ իր խոսուն լռությամբ թաքնված է քարերի հետևում: Իմ ուղեկիցներից մեկը՝ հնագետը, աշխարհին նայում էր այնպես, ինչպես ձկնորսը՝ օվկիանոսին, նա չէր տեսնում օվկիանոսի բազմահատակ խորությունը, ալիքների ներդաշնակ պարային համադրությունը, և զարմանալի չէր, որ նա իր որոնումների ճանապարհին քեզ էլ կոխկռտել է: Այն մյուսը նայում էր շուրջը մարգարիտ որոնողի աչքերով, սուզվում էր բնաշխարհի անձեռակերտ գեղեցկության մեջ, թափանցում նրանց խորքը և աչքերով որսում մարգարիտները: Կաքավաբերդի հին տեղանքն ինձ դարձյալ խորհելու առիթ է տալիս, և ես դառնում եմ իմ զրուցակցին, թե որքա՜ն սերունդներ են ապրել Բասուտա գետի մոտ, և դեռ որքան սերունդներ են ապրելու այնտեղ՝ ամեն մեկն այս ընդհանրական աշխարհի իրենց աշխարհընկալումով: Մի պահ երկուսս էլ լռեցինք, թեև նա չէր էլ խոսում, բայց ես զգում էի նրա ձայնը, ծիրանավառ թերթիկների խորքում պահվող իմաստությունը...Իսկ քարաժայռերի տների որդաներից երևացող ծուխն ամբողջացնում էր գյուղացու միապաղաղ կյանքի ողջ հովվերգականությունը։ Եվ մտածում եմ՝ ինչպե՜ս կապրեին այդ արարող մարդիկ այս խուլ ու մենավոր լեռներից, ձորերից հեռու՝ աշխարհի կենտրոնում: Եվ ակամա հիշելով մեզ հյուրընկալած կնոջը՝ շարունակում եմ իմ խոհերով կիսվել ալպիական մանուշակի հետ, թե ինչպես լեռների կանայք չեն զգում բնությունից տրված իրենց ողջ հմայքը, աչքերի փայլը, այնինչ նրանք մեծ քաղաքներում բարեկեցիկ կյանք կվայելեին: Եթե նա էլ այլ պայմաններում ապրեր, երևի չմտածեր ո՛չ աթարով կրակ վառելու, ո՛չ էլ գեղեցկությունն աշխատանքի մեջ մաշելու համար: Նա կվայելեր ծովից փչող քամիների ջերմ հպումը, մատները, անփութորեն վառելու փոխարեն, ավազի վրա իր ապրումները կարտացոլեին, պարզ ու հեքիաթային ապրումները: Նրանք չքմեղացան կոխկռտվելուց, ինչպես Կաքավաբերդի դուստրը, որ չընդդիմացավ անհիմն ծեծի դեմ: Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա, միգուցե նա էլ զգաց այն, ինչ ես զգացի այդ պահին, և անկարող եղավ արցունքները զսպելու: Անդորրը խախտվեց բզեզի արծաթե թևերի զնգոցով, նա, ձայներ արձակելով, մեղմիվ իջավ ալպիական մանուշակի վրա, և ո՞վ կարող էր նրան արգելել, որ աշխարհը նրան հոտավետ բուրաստան թվա, ալպիակա՜ն մանուշակ: 
Ես շոյում եմ նրա թավշյա փոքրիկ թերթիկները, դրանք շոյանքի պակաս ունեին, սիրո ու խանդաղատանքի կարոտ էին: Կաքավաբերդի բնության լեզուն փշեր չունի, նրա բնաշխարհի ամեն մի մասնիկին նախախնամությունը գնահատելու շնորհ է պարգևել: Մարգագետնի կանաչ ցողունների վրա հավաքված անձրևի կաթիլները միմյանց մեջ են տեսնում իրենց պարզությունն ու մաքրությունը, սարյակներն իրար ականջի ուրախ-ուրախ սիրո քաղցրիկ խոսքեր են շշնջում, գովում են միմյանց, փառաբանում մեկմեկու, և այդ տեսարանը դառնում է սիրո գեղեցիկ պատկեր: Ցողն էլ պարզությամբ հիանալ գիտե, սարյակն էլ՝ սիրել, բայց մարդն այստեղ բիրտ է, սիրո կաթիլ անգամ չունի իր հոգում, ոչ էլ գորովանքի պերճ խոսքեր գիտի: Աշխարհից մեկուսացած սիրունատես մինաձնուհու նման ծաղկում է ալպիական մանուշակը գորշ ու բիրտ իրականության մեջ: Նրա ծաղկափոշին չի հոգնում՝ ամեն անգամ քամու թևին ելնել ու տարածվել ամենուր: Լուռ է ալպիական մանուշակը, բայց նրա լռության մեջ աշխարհն է խոսում, բոլոր անտեսված մանուշակներն իրենց գլուխն են ծածուկ բարձրացնում: Մարդիկ չունեն չասված խոսքերի հաճախականություն, բայց կարծես ես դառնում եմ այն մեկը, ով անգամ այդ խոսքերի շշուկն է լսում ու դառնում նրա լուռ տառապանքներն ընկալողը: Այս պահին ես էլ անկեղծանում եմ, գիտե՞ս: Միշտ փորձում էի լավը լինել բոլորի համար, բայց հայտնվեցին նրանք ու հնագետի աչքերով նայեցին իմ աշխարհին: Ների՛ր, «ընկե՛րս», ների՛ր նրանց, քանզի ես էլ ներում եմ, իսկ դու չէ՞ որ կուսական, մաքուր ու անկողոպտելի աշխարհ ես, երջանկության անձրևներն էլ քո պատճառով են թափվում աշխարհի վրա, արևն անգամ քեզ համար է ժպտում, որ գեթ մի քիչ ուրախացնի ցաված հոգիդ: Բայց ի՞նչ արած, չէ՞ որ դու ալպիական ես, ալպիական թախծո~տ մանուշակ՝ բնության այդ գողտրիկ անկյունում, աշխարհից մեկուսացած: 



Комментариев нет:

Отправить комментарий