23.06.2019

ԱԼԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ / Զրույց Ալպիական մանուշակի հետ

Ներկայացնում ենք Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին ընդառաջ Սյունիքի և Արցախի ավագ դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի մասնակից, Արցախի Հանրապետության Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալեն Ղահրամանյանի աշխատանքը: 
* * * 
Դու յոթնապատիկ անմեղ նահատակ, 
Անհուն ու անեղծ այս երկնքի տակ 
Որտե՞ղ որոնեմ հանգրվանը քո, 
Որ գամ, խոնարհվեմ մի ուշ երեկո, 
Գրկեմ շիրիմը քո նվիրական 
Եվ այն լվանամ ես ալպիական 
Մանուշակների անարատ ցողով, 
Կորուստդ ողբամ ծիրանի փողով: 

Ակսել Բակունցը նորագույն հայ արձակի ամենախոստումնալի ներկայացուցիչներից է, գրականության անմշակ ցելերի սերմնացանը, ով ընդամենը երեսունութ տարեկան էր, երբ դարձավ ստալինյան բռնա-պետության զոհը:Այդ մութ ձորերի լուսավոր հանճարը Լոր գյուղում որպես վարժապետ աշխատելու տարիներին հաճախակի հանդիպեց հայ գյուղացուն, տեսավ նրա չարքաշ աշխատանքն ու ընչազրկության տառապանքը: Գյուղացու տանջանքը, զօր ու գիշեր կատարած դժվարին աշխատանքը, Բակունցը գրել է «Մթնաձոր» պատմվածքների ժողովածուում: Այդ շարքի ստեղծագործություններից է «Ալպիական մանուշակը», որը նվիրված է Արփենիկ Չարենցին: Ստեղծագործությունը սկսվում է Կաքավաբերդի նկարագրությամբ, որտեղ տարին բոլոր ամպ էր, կուտակված նրա դիմացի ձորում աղմկում է Բասուտա գետը: Կաքավաբերդի պարիսպների արանքում բուսնում էր ալպիական մանուշակը, որը «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:
Խորհուրդը հետևյալն է՝ ինչպես ծաղկափոշու մեջ թաթախված բզեզը, այնպես էլ պատմվածքում հանդես եկող հերոսներից յուրաքանչյուրը, իրենց թվացյալ փակ աշխարհն ունեն ու ապրում են այդ տպավորիչ պատրանքների աշխարհում: Ինչպիսի ներդաշնակ ու հիանալի համեմատություն էր, զուր չէր Իսահակյանի հետևյալ խոսքերը «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում Սարյանի կտավների գույներով»:
Տասնվեց տարեկան պատանի եմ և անհագ ծարավով եմ ընթերցում Բակունցի ստեղծագործությունները, առավել ևս նրա «Մթնաձորը» պատմվածաշարը: Չգիտեմ՝ նրա ապրած ժամանակաշրջանն ու ապրած կյա՞նքը ստիպեցին գրողին ու նրա ստեղծագործությունները սիրել, թե՞ հենց խեղճ ու անճարակ գյուղացու կերպարը: Երկուսն էլ հոգեհարազատ են՝ մեկը ստալինյան բռնապետության զոհ դարձած գրողը, ով եթե ապրեր ու ստեղծագործեր, ինչքա՜ն «պտուղ» կտար մեր ազգի գրականությանը, մյուսն էլ այն, որ ես ինքս գյուղից եմ և կարդալով «Ալպիական մանուշակը»՝ պատկերացրեցի այն ժամանականրի գյուղացու վիճակը: Ունենք բաղ ու բոստան, աճեցնում ենք ծառեր ու բույսեր, ունենք տարածքներ հացահատիկի համար նախատեսված, որոնք ժամանակին տարբեր տեսակի տրակտորներով հերկում ենք, տարատեսակ դեղերով մշակում ու անհամբեր սպասում բերքահավաքին: Ինչքան էր դժվար, հոգնեցուցիչ Մթնաձորում, երբ ամեն ինչ՝ վար ու ցանք, իր ձեռքով էր կատարում: Ու միայն մի նպատակի համար՝ «Պետք է աշխատի, որ ուտի»: Ինչպես ասվում էր հայկական առածում՝ «Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ»: 
Ինչպես Բասուտա գետի դերն ու նշանակությունը «Ալպիական մանուշակ»-ում, այնպես էլ Քարաղբյուրի դերը աստղաշենցիների համար: Այդտեղից երևում է մի բլուր, որտեղից աստղեր են թափվում և, ի տարբերություն Կաքավաբերդի, Սանգարում երևկող է և բոլորի համար էլ հասանելի վայր: Եվ հենց այդտեղ է, որ տարին բոլոր զբոսաշրջիկներ են հավաքվում ու պարկերով տանում այդ աստղերից: Ինչքա՜ն ցավ եմ ապրում ու նորից վերադառնում «Ալպիական մանուշակի» այդ հողագործին, ով տեսնում է Կաքավաբերդ բարձրացող երեք ձիավորներին, պահակից հարց ու փորձ է անում այդ եկվորներից, ով ճիշտ պատասխանի փոխարեն (Դամբարան էին փնտրում) ստում է ասելով, թե իբր ոսկի են գտել և պարկերով տանում են: Իսկ խեղճ գյուղացին ինքնին մտածում էր, թե եթե ինքը գտած լիներ, ապա ինչքան կով կգներ այդքան ոսկով: 
Այդ խեղճ գյուղացուն ստել են, բայց իմ պարագայում, եթե դա մեր գյուղն է, ապա ոչ ոք իրավունք չունի պակերով թալանել մեր աստղերը, որպես նմուշ՝ երկու-երեք վերցնեն և վերջ: 
Այս պարագայում ես համամիտ եմ այդ խեղճ գյուղացու հետ: Մեր դասական գրողը ապրող գրող է, այսինքն՝ նրա ստեղծագործությունները իրական են բոլոր ժամանակների համար: 
Չնայած իմ տարիքին՝ գիտեմ մեզ շրջապատող թույլ էակներին, և պարտավոր ենք հարգել ու մեծարել նրանց: 
«Ալպիական մանուշակ»-ում երեք ձիավորներից մեկը՝ նկարիչը, կնոջը համեմատում է մանուշակի հետ և անտարբեր չի անցնում ոչ մի գեղեցկության կողքով: Հայի կերպարն է միշտ հյուրասեր ու բարի, բայց ինչ կատարվեց պատմվածքի հերոսուհու հետ, օտար տղամարդկանց հյուրասիրելու համար, և նկարչի գեղեցիկ նկարած նկարի հետևանքով, ով չէր կարող անտեսել սևաչյա հայուհու գեղեցկությունը: Մթնաձորյան մտածելակերպով չոր ու կոպիտ տղամարդը, երեխայի պատմածից իմանալով ամենի մասին, խանդից ձեռքի տակ ընկած փայտը կոտրեց կնոջ՝ այդ նուրբ ու քնքուշ էակի մեջքին, ինչի հետևանքով էլ ցող կաթեց ալպիական մանուշակի թերթերին: 
Նա այդ պահին չէր հասկանում, որ կինը մի ծաղիկ է, ով իր ողջ հմայնքով ծաղկում է միայն հոգատար ու ուշադիր տղամարդու ձեռքերի մեջ: Այո´, մենք՝ արցախցիներս, հոգատար ենք նուրբ ու քնքուշ էակների նկատմամբ, նրանց հարգում ու գնահատում ենք: Մեզ համար մեր ընտանիքը առաջնային է, բայց և այնպես Արցախի մանուշակների թերթերին հաճախակի է ցող կաթում, ինչքա՜ն որդեկորույս մայրեր և որբևայրի կանայք ունենք, որոնց թերթերին գրեթե ամեն օր ցող է կաթում: Գուցե դրանից է, որ արցախցու համար միշտ առաջնայինն ընտանիքն է, քանի որ չգիտի, թե ինչպիսին կլինի իր վաղվա օրը և արդյոք առաջնագծից ո՞ղջ կգա իր օջախ, թե՞ կբերեն: 
Ամեն դեպքում, թող մթնաձորյան բարքերը ոչ մի ընտանիքում չլինեն: Ոչ մեկը չզգա տղամարդու բռունցքի թափը իր մեջքին, ուստի խորհուրդ կտամ բոլորին, որ էմացիաներով չառաջնորդվեն, պահեն, պահպանեն եղածը և մեկընդմիշտ հասկանան, որ կինը լուսավորում է տունը, տղամարդը՝ ջերմացնում, երեխան՝ ուրախացնում:
Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր տներում լինի լույս, ջերմություն և ուրախություն: 



























Комментариев нет:

Отправить комментарий