31.05.2018

ՔԱՋԻԿ ԴՈՐՈՒՆՑ / Վերադարձի վայելք

Մահից մեկ տարի անց լույս է տեսել Քաջիկ Դորունցի(Միքայելյան) բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Վերադարձի վայելք» խորագրով: Գրքի խմբագիր Խաչատուր Հայրապետյանը ջանք չի խնայել երախտաշատ իր գործը լավագույն կերպով իրագործելու համար: Բանաստեղծ Դորունցը ընթերցողի առաջ բացվում է լեզվի, ոճի ու ճաշակի շքեղությամբ, կյանքի ըմբռնումի ու մտածումի խորությամբ, այնպիսին, ինչպիսին իրական կյանքում էր` խոսքի ու գործի, մարդկային ու գրական կապերի մեջ: Հոգևոր անկեղծ հաղորդկացման մղող գիրք է սա, որ բանաստեղծի ստեղծագործական կենսադարձն է խորհրդանշում, ինչպես ինքն էր կանխազգացել՝ «Եղել եմ և դեռ կամ ու կգամ/Երկնաշող իմ աստղը վկա»...
Հայրենի եզերքի գրական ընտանիքում Քաջիկ Դորունցը պիտի գրավի այն տեղը, որ իրեն է վերապահված: Այս իմաստով նրա ստեղծագործության վերագնահատումն անխուսափելի է ու հրատապ: 
Դորունցի բանաստեղծական ժառանգությունը մի ինքնօրինակ հիշատակարան է, որ հնարավորություն է տալիս ըմբռնելու ու զգալու նրա հոգին` խորունկ մտասուզումների ու նրբահյուս բառապատկերների հանդիսարանը:  Ամեն տողի տակ բացվող հիշատակ կա, քնած կարոտ. դժվար չէ հիշողությունների թնջուկից վերակազմել Քաջիկի կենդանի ու մարդկային կերպարը, շարունակել հանկարծակի ընդհատված տաք ու սրտագրավ զրույցը գրականության մասին, ստեղծագործական ծրագրերի ու իղձերի մասին և, վերջապես, իր կյանքի գերագույն արժեքի, իր «արթմնի երազի»՝ Ակսել Բակունցի մասին...
Հիացք ու խանդավառություն, հիասթափություն ու հուսահատություն, կյանք ու մահ, իրականություն ու ժամանակ, սեր ու կորուստ, վերհուշ ու կարոտ, գավառական միջավայր ու հանճարեղ անհատ, ինքնաորոնման ընթացք ու ինքնաճանաչման վայելք. այս հանգույցների շուրջ են հյուսվում Քաջիկ Դորունցի բանաստեղծական խոհերը...
Կհարատևեն, անշուշտ, իր ստեղծած գրական արժեքները, իսկ մեզ` ժամանակակիցներիս համար` իր ինքնատիպ նկարագրի հիշողությունը...
Թ.Մարության
/Շարունակելի/
ՎԱՅԵԼՔ

Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Չկան էլ չկա ինձ համար,
Ամբողջ են, իմն են լիուլի
Եվ անցյալ, և ներկա, և գալիք…
Եղել եմ և դեռ կամ ու կգամ՝
Անգամ, երբ ձեզ հետ չեմ լինի՝
Երկնաշող իմ աստղը վկա՝
Չլինելս չի լինի, կգամ,
Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Բարությունս ինքնակա ու համառ:


***
Չի մնացել էլ ոչինչ,
Բոլորն ասել են,
Մնացել է մեն մի ճիչ,
-Բոլորն ասել են:
Դարսդարսել են դարերով,
Ինչ եղել է կլինի,
Եվ թողել քեզ մեն մի ճիչ,
-Բոլորն ասել են:
Ճիչդ ճչա ու անցիր
Ծիր-Կաթինի քո ճամփով,
Չէ որ այդ նույն խաբկանքով
Դարերն են անցել:

ՀԱՅՐԵՆԻՔ

Հասկացա, որ քեզ հետ եմ,
Անանուն մի պոետ եմ,
Քո մեջ եմ, քոնն եմ:
Տեսնում եմ շվարումդ
Եվ ծածուկ դալարումդ,
Հավերժիդ երգեհոնն եմ,
Հայրենի՛ք:

Աղետյալ զավակներիդ,
Անարատ զինվորիդ հետ,
Ահին ու մահին անգետ
Ընկել եմ, բայց հառնում եմ
Դառնում եմ ոգուդ շողը,
Հավելում մի բուռ հողդ,
Արարչիդ արարողն եմ,
Հայրենի՛ք:

Հասկացա, որ քո մեջ եմ,
Անսկիզբ ու անվերջ եմ,
Տարերքիս հետ եմ,
Ավետող քո պոետն եմ,
Բախտն ինձ հետ ինչ էլ անի,
Գիտեմ, որ մերվելու եմ
Գալիքիդ ծիածանին,
Հայրենի՛ք:

*** 
Ափսոսալու բան չմնաց,
Անցիր քո ճամփան,
Մեկը եկավ, մեկը գնաց,
Անցիր քո ճամփան:
Առանց Նրա չէիր կարող
Շնչել անգամ,
Անցածները՝ սուտ ու մարող
Անցիր քո ճամփան:
Նույնն է եղել քեզնից առաջ,
Նույնն էլ կմնա,
Խոսքեր սուտ և սուտ շուրթեր,
Անցիր քո ճամփան:
Ով եկել է և ով կգա,
Բարի ողջունիր,
Տխրություններդ անթեղիր,
Անցիր քո ճամփան

ԻՄ ԹՌՉՈՂ ԱՓՍԵ

Մնացել ես փոքրիկ այս հովտում,
Լեռների ստվերոտ ստորոտում,
Իմ թռչող ափսե, իմ քաղաք:

Ինչ որ սարք խաթարվել, խափանվել է,
Բախտորոշ էր այս հովտին կառանվելդ,
Իմ թռչող ափսե, իմ քաղաք:

Ձեռքերդ ծնոտիդ սպասում,
Աստղաբիբ երկնքին աղերսում,
Իմ թռչող ափսե, իմ քաղաք:

Առկայծում, թարթում ես լույսերդ,
Կանչում ես, լեռներն են ձեռքերդ,
Իմ թռչող ափսե, իմ քաղաք:

Հուսաբեր գիսավորն հեռանում է,
Այս հովտում քեզ հետ ծերանում եմ,
Թևաթափ իմ թռչուն, իմ քաղաք:

ԱՅԳԵՐԳ

Ե՞րբ ես եղել այսքան բարի,
Ե՞րբ ես գերող եղել այսքան՝
Առավո՛տ իմ լեռնաշխարհի,
Լուսապսակ իմ բարեկա՛մ:

Աչքս շոյվեց ստեպների
Անպարագիծ շամանդաղում,
Սակայն սիրտս լեռնապարի
Լուսերգությամբ է բաբախում:

Լեռնաուսին՝ զանգակաձայն
Մանկությունս է ինձ կանչում,
Ջահելությունս՝ ծիածան,
Կենաց սիրով է ղողանջում:

Ե՞րբ եմ եղել այսքան բարի,
Ե՞րբ եմ գերվող եղել այսքան
Առավո՛տ իմ լեռնաշխարհի,
Լուսապսակ իմ բարեկամ:

ՔՇԱԹՈԽՊՆ ԵԿԱՎ

Քշաթոխպն եկավ, քշաթոխպն եկավ,
Տե՛ր Աստված, սիրտս սևացրեց,
Գթառատն էլի միտքս էր, հարկավ,
Որ պայծառ այս շշին տիրացրեց.
Խմեցի մրգօղի՝ հանուն Հոր և Որդվո
Եվ ապա Սուրբ Հոգվո համար,
Շշի մոտ ամառ էր,
Սատանան համառ էր՝
Մեկն էլ կոնծեցի իր համար:
Քշաթոխպն եկավ, վրե՛ն գա, թո՛ղ գա.
Իմ հոգում արև է ու երգ,
Ու՞մ քածն է խխմած այց քշաթոխպը,
Որ ցնկնում է սևություն ու մեգ:
Իմ հոգում ծնծղան է արևի,
Իմ հոգում «Յար խուշտա» ու «Բերդ» ,
Ո՞վ երկնեց բաժակն այս չքնաղ՝
Է՞դ, թե՞ չէդ՝ սատանան այն կաղ…
Բայց գալի՜ս է, գալի՜ս է, գալի՛ս,
Քշաթոխպն այդ սև ու պաղ,
Մանրամաղ սողոսկում է, թազնում
Եվ մնում սնարիս առկախ:
Տե՛ր Աստված, էլ ինչքա՜ն կոնծեմ
Քո,
Որդուդ,
Սուրբ Հոգվո
համար,
սատանան տանի, որ այսքան համառ է՝
եվ քանի՞ բաժակ իր համր…
Տե՛ր Աստված, ես երգել եմ սիրում,
Ես սիրում եմ արև ու ամառ,
Կկոտրեմ բաժակս, միայն թե տանես
Քշաթոխպն այս՝ սևկամ ու չար:

ՇՈՒՆՍ

Ինձ սահմանված ճամփան դեռ չմտած՝
Դեմս ելավ անտեր, սովալլուկ մի շուն.
Թաթ ու մռութը սև, մնացյալը՝ ճերմակ:
Վերուստ ինձ պարգևած գթությանս ծոցից
Ես տվեցի նրան հոգեհացի փշուր.
Իզու՜ր, իզու՜ր, իզու՜ր…

Շունն այդ պոչ խախացրեց, փարվեց ոտքիս,
Փեշերն իմ հույզերի սև թաթերով շոյեց,
Սև մռութով լիզեց ցուպը տհաս մտքիս
Եվ սկսեց տիվ ու գիշեր ինձ հետևել:

Ցարդ տիրացել ճամփիս, շու՞ն է, թե՞ ձեռնածու,
Անվերջ ու անդադար հոգեհաց է ուզում,
Ընդվզում է հոգիս՝ իզու՜ր, իզու՜ր, իզու՜ր…
Շունն այդ տեր է գտել, գտել տաքուկ մի բույն…

Քսու՛, շողոմ իմ շուն, ուշ է արդեն,
Տիրասեր ես, տնվոր, հավատարիմ…
Քեզ ի՞նչ, թե հատնում է ուղին իմ երկրային…


***
Տխուր է, տխուր երբ ծերանում ես
Գրքեր կարդալով,
Ուրիշ հույզերի, ուրիշ խոհերի
Բեռան տակ կքած,
Ուրիշ լույսերի պայծառությունից
Շլացած, շլմոր՝
«Ես» -ս թողեցի ինքնաուրացման
Ժանգոտ ու ժահրոտ փշալարերին:
Երգս կորցրի ինքնամոռացման
Գուլ կածաններում
Եվ հիմա տխուր, հիմա ծերացած՝
Հորանջում եմ ես գրքեր կարդալով:
Պետք չէ ոչ մեկին իմ հավաստումը,
Թե որոնել եմ, շատ եմ որոնել,
Թե այլ երգերում իմ լավը չկար,
Թե այլ վերքերում իմ ցավը չկար,
Թե ուրիշների խնջույքների մեջ
Սիրտ ու սեր այրող անապակ գինու
Իմ գավը չկար:
Միայն ուզում եմ մի քիչ հավատալ,
Թե նման էի այն խեղ ու տկար,
Հիշողությունը կորցրած մարդուն,
Որ մոռացել է իր միամորիկ որդու անունը:
Տխուր է, տխուր:

ՍԵՐԸ
                         Ալբերտին

Թող մի պուտ լիներ,
Թող այդ էլ սուտ լիներ
Եվ ստին անտեղյակ լինեիր,
Հավատայիր…
Ատեիր սարերի սրսուռ ձյուներից,
Շուրթերին ձմռան
Սարսուռ դրած այս քամիներին:
Անտարբեր չնայեիր
Գույներով գինովցած անտառներին,
Մրսեիր ծառերից կաթող աշնան
Աղեկտուր հոգեվարքից:
Սիրեիր կենսասերի մշտանորոգ
Հույսերը
Եվ անտարբեր չսպասեիր
Մայրամուտիդ:
Թող մի պուտ լիներ,
Թող այդ էլ սուտ լիներ
Եվ ստին անտեղյակ լինեիր,
Հավատայիր…

ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ

Ապրում էինք հաշտ ու խաղաղ՝
Ես և ընկերն իմ հնօրյա,
Ասել է, թե ես, էլի ես…
Ելնում էինք լուսաբացին,
Մեկսմեկու մաղթում բարին՝
Քնաթաթախ լույսին ի տես…
Բայց թթօղին կանչում էր ինձ,
Նախատում էր ընկերն իմ հին,
Սաստում՝ «Բավ է անվերջ դյութվես,
Վաթսունն արդեն վաղուց անցել,
Սատանայի ըմպելիքից չես կշտացել,
Խելքի արի, ամոթ է քեզ»:
Արդ, նեղսրտել, խռովել ենք
Ես և ընկերն իմ հնօրյա,
Ասել է, թե ես, էլի ես…


ՄԱՅՐ ԻՄ

Օրերն անցնում են անսեր, անգույն,
Հեռվից կանչում ես քնքույշ ձեռքով,
Տարվել եմ ինչ-որ չերգաց երգով,
Օրերն անցնում են անսեր, անգույն:
Արածս քիչ է, անելքիը՝ շատ,
Հեռվից կանչում ես քնքույշ ձեռքով,
Գերվել եմ գարնան գուրգուրող ծաղկով,
Արածս քիչ է, անելքիը՝ շատ:
Մայր իմ, կանչում ես թովիչ հեռվից,
Գուցե զգում ես օրերս անգույն,
Հալչում եմ մարխի, մոմի հանգույն,
Մայր իմ, կանչում ես թովիչ հեռվից:
Մայր իմ, կարոտս թևեր է առնում,
Չերգած երգերս չեմ տա քամուն,
Հույզերիս վերջին գինին եմ քամում,
Մայր իմ, կարոտս առնում է թևեր:
Իրիկնամուտիս զանգերն են հնչում,
Ընդունիր վերջին ղողանջս սիրո,
Դարձյալ հոգնե՞լ ես ինձ սպասելով.
Իրիկնամուտիս զանգերն են հնչում…


ՎԵՐՀՈՒՇ

Երազ դարձար, Գուսան Աշոտ,
Երազում էլ քեզ չեմ տեսնում...
Բայց արթմնի, այս առավոտ
Երգը շուրթիդ՝ եկար ինձ մոտ,
Ասիր՝ «Տաղն այս չեմ ասելու,
Չեմ երգելու և ոչ մեկիդ,
Լուսնի շողը բռնեք եկեք,
Թե կարոտեք իմ նոր երգին»:
Գուսան, իրավ, հասկանում եմ.
Նեղսրտել ես ու նեղացել,
Բայց երկրային հրաժեշտիդ
Մրմուռը մեր չենք ուրացել,
Օրերը մառ ու միգապատ,
Օրերը հիմա գեշ են այնքան,
Ընկել ենք գորշ մի անապատ,
Ուր մեռնում են հուշերն անգամ:
Բայց որ եկար, Գուսան Աշոտ,
Թող որ հիշեմ երանելին,
Երբ տանդ մեջ հյուրակարոտ
Մեղրանում էր երգդ ու գինիդ,
Երբ ժպտերես տեր ու տիկին՝
Կիրասասեր, երգամեծար,
Բացում էին սիրո սինին,
Կապում հույզի մի ծիածան,
Որ սիրո յոթ գույներն ուներ,
Յոթնախորհուրդ, յոթնապատգամ.
Դառնում էինք մերձերգուներ,
Մերձամեծար ու բարեկամ:
Վառարանից տաքն էր ծորում,
Բլբլում էր յուղը թանի,
Չոր լավաշն էր դաշնավորվում,
Մերվում սադափ պզկաթանին:
Օղու բաժակն էր ծեքծեքում,
Խուտուտ տալիս լուռ տհալին,
Սափորի մեջ գինին փքվում՝
Քրքում-փրփուր շրթնածալին...
Խմում էինք տիրավայել,
Բացվում պարզկա երկնքի պես,
Արևկայի բույրն ենք առնում
Հիբուն Սաշիկն, Ապետը, ես...
Հետո խոսքի տոնահանդես,
Բարձրավորիկ բաժակաճառ,
Ամեն պարպվող բաժակի հետ
Մտնում մտքի մի նոր կաճառ...
Հետո... հետո լռություն էր
Մի պահ մտնում խնջույքի մեջ,
Երբ Գուսանիդ ձեռքն էր դիպչում
Քամանչային ոսկեառէջք:
Հետո երգն էր թևավորվում,
Թևավորում Կիրասին, քեզ,
Ինչպես էինք փառավորվում,
Ու՞մ չար աչքը մեզ նախանձեց...
Հիմա լուռ է քո քամանչան,
Էլ հուր չկա վառարանում
Քամին է լոկ գգվում անքուն
Մահարձանիդ քառոտանուն:
Երազ դարձար, Գուսան Աշոտ,
Երազի հետ քեֆ չեն անում,
Երազային երգ ու գինուց
Ցավի ցուրտ ծուխ է բարձրանում,
Հասնում անմիտ այդ բարձունքին,
Ուր հանգչում են սեր ու կարոտ,
Լռության հե՞տ ընկերացավ
«Կենաց թասը», Գուսան Աշոտ:

Комментариев нет:

Отправить комментарий