14.02.2016

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ / «Հայ Մտածումի եւ Զգացումի բոլոր ճամբաների վրայ նրան առաջնորդեց Ցեղի Ոգին...»

ՑԵՂԻ ՈԳՈՒ ՇԱՐԺԸ
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Ի՞նչ արժէ հանճարը, երբ նրան կը պակասէ մեծ սիրտը, երբ իր ողիմպիական մեծութեան մէջ նա անկարեկիր է, անխռով, պաղ: Անարժէք չէ՞ դա, երբ իր խօսքն իշխանութիւն չունի հոգիների վրայ եւ չի նպաստեր իր ժողովրդի հոգեւոր ինքնակառուցումին, երբ իր ցեղի ճակատագրի գերզգացողութիւնը չունի, եւ չի սնուցաներ իր ցեղի յաւիտենականութեան ձգտումը:
Միեւնոյն չէ՞, կայ թէ չկայ նմանը, երբ իր շրթունքներին ցեղի խօսքը չէ, եւ չգիտէ վերադաստիարակել, արիացնել ու վարել զանգուածները. երբ անզօր է ինձ, ձեզ եւ հազարներին զինուորագրել տալ մի մեծ ու արդար դատի եւ կարիքի դէպքում, իր ժողովրդի ծոցէն շանթանման հերոսներ քամել:
Արդարեւ, ի՞նչ արժէ հայ հանճարը, եթէ նա հոգետոհմութիւն չունի իր ցեղի անցեալ առաջնորդների հետ, երբ չունի եօթնիցս երջանկալի գիտակցութիւնը, թէ ինքը եղբայրն ու ցեղակիցն է Մեծն Տիգրանի եւ Աւարայրի անմահ Սպարապետի:
Ի՞նչ շահ նմանէն, թէկուզ նա մեծ արուեստագէտ լինի եւ արդար հպարտանքով կարողանայ ասել իր մասին. Արուեստը` դա ես եմ:
Արդեօք օրհնաբե՞ր է դա, չգիտեմ. քաջ գիտեմ, սակայն, որ նմանը պիտի չդառնար Ահարոնեան` հոգեւոր առաջնորդը, տրիբունը եւ մարգարէն իր ժողովրդի:
Ամէն անգամ, ե՛րբ մտածումս կը դառնայ հայ մեծագոյն գրագէտի շուրջը, կը մղուեմ մտապատկերել մեծահանճար Միքէլ Անջէլօն, որը կուրանալուց իսկ յետոյ, կը շարունակէր ստեղծագործ քաղցրութեամբ շօշափել իր մարմարիոնէ կոճղը:
Ահարոնեանն էլ իր մարմարիոնն ունեցաւ - մեր ցեղի ճակատագիրը:
Մե՛ծ արուեստ եւ վիրաւոր Հայրենիք: Այդ վերջինի վէրքերն սպիացնելու զօրութիւն պիտի ունենար առաջինը: Նա սպասաւորեց երկուսին էլ, առաջինի միջոցաւ` երկրորդին: Մէկը, որպէս միջոց-գրականութի՛ւնը, միւսը, որպէս գերագոյն նպատակ – ա՛զգը: Նա սիրեց երկուսն էլ եւ եղաւ աննախընթացօրէն մեծ իր սիրոյ մէջ: Մեծ արուեստագէտ եւ մեծ վշտակիր: Հայութեան այդ սիրաշատ հանճարը գիտցաւ իրեն տրուած աստուածային շնորհքը ծառայեցնել մեր ցեղի անհատականութեան թարմացումին, եւ ապա նրա վերածնունդի եւ ազատագրութեան սրբազան գործին: Եւ հէնց սրանում է Ահարոնեանի մեծութիւնը որպէս Հայ եւ գրչի մարդ:
Ամէն արուեստագէտ ստեղծագործութեան իր ճամբան ունի, որի վրայ նա - յաճախ իր առաջին իսկ քայլափոխերին - հանդիպում է աներեւոյթ մէկին, որին եւ դարձնում է իր անբաժան ուղեկիցը: Ներշնչող Ոգին է դա:
Այդ ճամբի վրայ մէկը հանդիպում է իր սեփական Եսին եւ դառնում երգիչը իր փոքրիկ կարօտների: Միւսը հանդիպում է յաղթական մեղքին եւ ծնունդ տալիս սիրէնայի իր երգերին: Երրորդը – դասալի՛ք գրող, որը վիպական աշխարհ է փնտռում` մարդկային կեանքի անիծեալ հարցերից այնտեղ փախչելու համար: Անցողականից դէպի յաւիտենականը տանող ճամբի վրայ՝ Ահարոնեանը հանդիպեց իր Ցեղի Ոգուն, եւ նրա հետ իջաւ արցունքի հովիտը, ուր նա ներքին հաղորդակցութեամբ իր ճակատագիրը կապեց Հայութեան ճակատագրին եւ սիրեց զայն մի նոր ու մեծ սիրո՛վ, յաւերժ անսպառելի եւ կենարար սիրով:
Ու այնուհետեւ Հայ Մտածումի եւ Զգացումի բոլոր ճամբաների վրայ նրան առաջնորդեց Ցեղի Ոգին:
Այսպէս, նա յետ մղեց անձնակեդրոն իմաստասիրութիւնը, որը փոքրիկ պատասխաններ ունի մեծ հարցերի համար, նա խորշեց Հեգէլէն, որը անդորրապէս կը փիլիսոփայէր Իենայի մէջ, թնդանօթների բոմբիւնների տակ, երբ իր շուրջը գերման հայրենիքը կը կործանուէր: Նա դարձաւ հայութեան Ֆիխտէն, որպէսզի հրեղէն խօսքով իր ժողովրդի սիրտը վառէ ու սրբէ: Ցեղը կռուի էր բռնուած մահուան հետ, եւ Ահարոնեանը մի նոր հոգեւոր ակորդ մտցրեց մեր կեանքի մէջ - սէր դէպ տիտանականը` պայքարի եւ զոհաբերութեան մէջ: Ժողովուրդը կը պատրաստուէր նոր ճակատագիր կռել իրեն համար, եւ Ահարոնեանը չուշացաւ հայ հոգեբանութեան պատուաստել հիացումը պայքարի եւ քաղցրութիւնը յաղթանակի: Նա մարգարէացաւ գալիքը եւ երիցս զանգահարեց հայութեան վարած վերջին ճակատամարտերի մասին: Նա երգեց մեր ցեղին յատուկ Վահէվահեան քաջութիւնը եւ հայ ռազմիկները մշակեցին արուեստից արուեստը` ժպտադէմ մեռնելու հոգեբանական արուեստը:
Նա բորբոքեց ինքնազօրութեան ծարաւը երկու սերունդների հոգում, եւ գիտցաւ ներշնչել, թէ Հայաստան Երկիրը միայն ցանկալի որսավայր չէ իր գայլ հարեւանների համար, ո՛չ էլ յարմար վայր միայն անփառունակ գերեզմաններ փորելու, այլ, որ դա յարմար է նաեւ անկախութեան ու փառքի տաճարներ բարձրացնելու համար:
Արիադաւան եւ արի ժողովուրդ. փոքրաթիւ ազգ – մե՛ծ հոգի: Այսպիսին նա ուզեց տեսնել հայութիւնը, այնպիսի՛ն, որ կարողանար սեփական ձեռքով վարել իր ճակատագրի` նաւը, որն այլապէս պիտի չկարողանար անվտանգ անցնել պատմութեան Սքիլա Քարիբդիսէն: Եւ այդ իսկ պատճառով, իր ցեղի կամքն աճեցնելու համար, նա քարոզեց ազգայնօրէն բացարձակապէս անհրաժեշտը: Նա գրել գիտցաւ սրտերի եւ խղճմտանքների մէջ, եւ գերազանցօրէն հոգենորոգ եղաւ նրա ցեղաշունչ խօսքը:
Նրա համար, գրականութիւնը, նախքան զամենայն, եղաւ մարգարէացումների միջոց, անյայտութեան մթնշաղի միջից իր ցեղի ապագան նշմարելու մի գերագոյն ճիգ: Գրականութեան մասին ունեցած այդ վսեմ ըմբռնումն էր, որ իր կեանքը վերածեց անվերջ հսկումների, որոնց ընթացքին Հայ Ճակատագրի հոգը տանող արուեստագէտը պիտի փորձէր երկիւղածօրէն բարձրացնել ապագան ներկայի աչքէն ծածկող վարագոյրը, եւ այսպիսով որոշ գաղտնիքներ կորզել ժամանակի ծոցէն: Բա՛րձր գրականութիւն. որի մէջ ճշմարտօրէն մեծ են միայն նրանք, որոնց յաջողւում է ներքին կապի եւ հաղորդակցութեան մէջ դնել անհատը ցեղի հետ, եւ այդ վերջինները` յաւիտենականութեան հետ: Ճշմարի՛տ գրականութիւն, որի մէջ մեծ են միայն նրանք, որոնք իրենց տաղանդի զօրութեամբ հարկադրում են մտածումի քրտինքը թափել այնպիսի խնդիրների վրայ, որոնց առջեւ ծիծաղելի են ե՛ւ ինքնաμաւ գեղարուեստը, ե՛ւ գեղարուեստական հաճոյքը: Ահարոնեանի եւ նմանների համար` ազգերի հոգեւոր կեանքի պատասխանատուն գրականութիւնն է, նաե՛ւ մղիչ ոյժը ցեղի կեանքի: Դա զօրաւոր ազդակն է մարդկային ցեղի թէ բարոյական շինարարութեան եւ թէ եղծութեան: Ահա թէ ինչու որքան սուրբ է գրագէտի կոչումը, այնքան էլ մեծ է նրա պատասխանատուութիւնը ազգի եւ մարդկութեան առջեւ: Ազգային գրականութիւն - դա մեր հոգեւոր ծովն է, ուր գալիս թափւում են ցեղի ոգու վարար գետերը:
Միաժամանակ, մեր նաւն է դա, որ մեզ դուրս է բերում լուսաւոր ազգայնականութեան ջրերէն` դէպի համամարդկայնութեան ովկեանը, դէպի «տիեզերական թախծ»ի ջրերը, եթէ կ'ուզէք…
Մովսէսը երկընտրանքի առջեւ…
Ո՞ւր գնալ: Դէպի ժողովուրդը եւ նրա հետ դէպի Անապա՞տ, թէ՞ մնալ Փարաւոնի անդորրաւէտ ապարանքում:
Մարգարէն,- ասում է Բիբլիան,- միացաւ ժողովրդին եւ դիմեց դէպի մեծ Տառապանքը:
Այնուհետեւ 40 տարի ժողովրդի հետ եւ անապատում:
Ահա՛ այդտեղ մարդս ապրում է մէկէ աւելի կեանք եւ մեռնում մէկէ աւելի մահով:
Ահարոնեանը մնաց միշտ էլ ժողովուրդի ու նրա ճակատագրի հետ, եւ նրա մէջ արթնցուց ցեղը, քանզի գիտէր հայոց աշխարհի իմաստունը, թէ այնտեղ, այն ճակատամարտերում, ուր ցեղը չի բերում իր մասնակցութիւնը, ժողովուրդների համար անխուսափելի են պարտութիւնն ու կորուստը:
Ինքն իր խօսքն է Ահարոնեանը:
Եւ որովհետեւ «զօրութեամբ բանի» պիտի ծառայէր իր ցեղին` նա դարձաւ դարբինը Հայ զօրաւոր խօսքի, եւ այսօր ազատ է կրկնելու Ֆիզուլիի խօսքը իր մասին. «Ես վեհապետն եմ խօսքի թագաւորութեան»:
Չկայ, չգիտեմ, պիտի լինի՞ հայ գրող, որ այնքան հարազատ լինէր մեր ժողովրդին, որքան Ահարոնեանը, որի խօսքի համար աննախընթացօրէն կարճ եղան դէպի հայ սիրտը տանող բոլոր ճամμաները: Եւ հասկանալի է դա: Չէ՞ որ նրա խօսքը ծնում է ցեղի ցաւէն եւ սնւում տառապանքի կաթով:
Հայ ոսկեբերանն է նա:
Նա խօսքեր ունի, որոնք եւ պուրպուրի բազմերանգութիւն ունին:
Խօսքե՛ր, որպէս վառուող կերոններ. Խօսքե՛ր, որոնցից արիւն կը կաթի, խօսքեր, որոնք կը շնչեն, հոգի կու տան: Երբ կը խօսի Մասիսի եւ Արազի, հայ հողի եւ նրա վրայ քրտնող շինականի մասին, նրա հայրենաշունչ երկի մէջ ընթերցողը հայրենի խնկաւէտ սար ու դաշտերի բոյրը կ’առնէ եւ Հայաստանի սրտի տրոփիւնը կը զգայ:
Երբ Հայրենիքի մասին է իր խօսքը` չի խօսիր, այլ կը խօսեցնէ, եւ կը մղուէք ընդունելու, թէ կայ մի գերագոյն հեղինակութիւն – ցե՛ղը - որ նրա շրթունքներով կը խօսէ: Կը խօսէ ցեղի մասին եւ կը թուայ, թէ նրա ամէն մի հայեացքը հարցնում է ձեզ. Ի՞նչ, չզգացի՞ք ցեղի շունչը, որ ահա անցաւ:
Մե՛ծ տրիբուն, որի հոգին քաղել է այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ ու հերոսական Հայոց պատմութեան մէջ. եւ այդ իսկ պատճառով, որքան ուժեղ է իր ցեղասիրութիւնը, այնքան կատաղի է իր բարոյական զայրոյթը, որ սակայն, իր սիրաշատ սրտէն կը բղխէ:
Նա խօսքի կայծակներ ունի եւ գիտէ շանթել տկարն ու տգեղը, անփառն ու աննուէրը, հակառակայորդորն ու թունաւորիչը մեր ցեղի կեանքում:
Հանգոյն դասական մարգարէների` նա նզովել գիտէ, բայց իրեն յատուկ մեծ սիրով գիտէ եւ դափնեպսակել:
Գիտէ կանչել, - այն էլ ինչպէ՛ս:
Մեր Երկրագնդի վրայ, նրա նման, քիչերն են կանչել:
Խօսքի կանչողական ոյժը, միացած կանչողի հերոսական պաթոսին,Ահարոնեանին պիտի դարձնէր մեր Մացցինին, որն այսպէս կը կանչէր.
«Ելէ՛ք, ոտքի՛, ոտքի՛, ինչպէս փոթորիկը ձեր կլիմայի, զարհուրելի եւ արագահաս»… «Կանչէ՛ք մահը, եւ դա պիտի փախչի ձեզնից»:
Այսպէս կանչեց նա տարիներով, եւ անասելիօրէն տիրական եղաւ մեծ Կանչողի հոգեւոր իշխանութիւնը հայ սրտի ու մտածումի վրայ:
Այո՛, փառքով մեռնողն իր փառքէն, ամէն նահատակ իր սրբութենէն, հերոսն իր սրբազան խոյանքէն - այդ ամէնը մի բան կը պարտին Ահարոնեանի խօսքի արբեցուցիչ ազդեցութեան:
Նա գրել գիտէ խղճմտանքների մէջ եւ իր էջերը Լամընէի խօսքի իմաստն ունին. «Եթէ չարչարուէք, ձեզ հետ կը չարչարուեմ եւ ես. եթէ ճակատամարտում էք, ձեր կողքին կը կռուեմ եւ ես. անտեսանելի մի շունչ ձեզնից ինձ եւ ինձմէ ձեզ կ’անցնի»:
Ահեղ է նրա խօսքը - որոտմունք ու փայլատակում, երբ դա հայութեան կէսի ֆիզիքական եւ մտաւոր սպանիչներին է ուղղուած:
Նոյնն է դա, երբ նկարագրելով հայ աւեր գիւղն ու աւանը, կը սպառնայ կարծէք. չէ՛, օտարը չի կարող այդ անհանգիստ հողերի վրայ իր տունը շինել: Մարգարէաշունչ է, երբ ճակատագրին կ’ուղղէ իր հարցը.
Ի՞նչ, արարչագործութեան տարագի՞րն է Հայը. անհանգիստ հարց, որի պատասխանը օրուայ եւ վաղուայ մեր սերունդներէն կը սպասուի:
Մեծ լաւատես է նա` հակառակ որ իր խօսքը Հայաստանի աստուածազարդ բնութեան թախծութիւնն ունի: Նրա համար հայութիւնը դեռ ընդունակ է Հայկազեան արքայացեղի անօրինակ քաջութեան, Բագրատունիների աշխարհաշէն ոգուն եւ Մամիկոնեանների սրտառուչ արիասիրութեան - առաքինութիւններ, որոնց համադրութիւնը միայն կարելի պիտի դարձնէ մեր ժողովրդի ինքնիշխան գոյութիւնը: Նրա համար, իր ոյժերի մեծութեան դեռ անծանօթ Հերակլէսն է Հայութիւնը: Նա համոզուած է, թէ հայ մարդու «կաւ»էն կարելի է հոգեւոր գլուխ գործոցներ կերտել:
Մեծ հաւատաւոր է:
Քրիստոնէական նահատակներէն Վերոնսկին է նա, որ սպանուելիս կ’աղաղակէր միայն. «Հաւատո՛ւմ եմ». որը դաշունահար եւ այլեւս անկարող խօսելու, մատն իր արեան մէջ թաթախած կը գրէր գետնի վրայ. «Ես հաւատում եմ»:
Այս յաղթական հաւատով, ահա՛ նա, տասնամեակներ շարունակ, ուխտի, պայքարի ու կռուի տարաւ հայ ընտրանին:
Եւ իր օրով եւ օրհնութեամբ Հայ Աննիբաղը` ցեղի ընտրանին բերեց իր յաւիտենագիր ուխտը - նոր ճակատագիր կռել Հայ Հայրենիքի համար:
Եւ այդ սրբազան ուխտին ի խնդիր` դեռ լսւում է նրա ձայնը – հպատակութի՛ւն ցեղին, քանզի դա է միակ ճշմարտութիւնը:
Հնազանդութի՛ւն ցեղին, առանց որի փտութիւն ու անցաւորութիւն ենք ես, դու, բոլորս: Դեռ` որպէս բարձր զանգակատներէն իջնող ղօղանջ, լսւում է մեծ տրիբունի կանչը. Թո՛ղ, հա՛յ ժողովուրդ, թո՛ղ քո սրբազան զայրոյթի գրքի մէջ գրուած մնայ թուրք անունը:
Զայրոյթը, հաւատա՛, միշտ էլ գտնում է իր զէնքը: Ի՞նչ եմ ասում. դա գտնում է աւելի հատու եւ մեծ թուով զէնքեր, քան պէտք են արդարութեան գործը տեսնելու համար:
Եւ հաւատում է Հայը:
Ահա՛ այսպէս սպասաւորեց իր ցեղին Մեծ արուեստի անմահը, եւ այսօր ազատ է կրկնելու Միցկէվիչի խօսքերն իր մասին. «Ես եւ Հայրենիքս նոյնն ենք»:
Համբո՛յր, ջերմ համբոյր Հայ Հայրենիքին եւ իր մեծ վշտակրին, որի Արարատեան արեւով օծուն ճակատը այնքա՛ն սիրով հանճարի ձեռք շօշափեց:

Գարեգին Նժդեհ
Սոֆիա, 1932



Комментариев нет:

Отправить комментарий