19.08.2014

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ / Ու՞ր է արդի բանաստեղծությունը

Հարցազրույցը վարել է գրող Կարապետ Փոլադյանը

-Ի՞նչ է արվեստը ձեզի համար:

Արվեստը ճակատագիր է…

-Ճակատագի՞ր… Այո՛, կհասկնամ. Իսկ հայ բանաստեղծությու՞նը… Ի՞նչ կմտածեք հայ բանաստեղծության մասին: 

Մեր հին գրականությունը, մեջն առնելով նաև այսպես կոչված պատմագիրները, մանավանդ բանաստեղծական է: 

-Եղիշե՜ն, Խորենացի՜ն, Նարեկացի՜ն…

Այո՛, այդ բանաստեղծության պատմությունը դեռ չէ գրված և բաղդատական կերպով չէ ուսումնասիրված: Չէ բնորոշված նրա հիմնական շեշտը և հայ ոգու առանձնահատուկ բնույթը: 

-Բայց ընդհանուր բնորոշումով մը ի՞նչ է այդ բանաստեղծությունը:

 Ըստ իս, նա մանավանդ ներքին լույս է, հող, արյուն և ճրագ: 

-Շատ լավ, պարոն Զարյան, բայց կընդունիք, թե այդ բանաստեղծությունը հառաջացած է հայ ժողովուրդին հետ, հեղաշրջած է ան դարերու ընթացքին: Մեկդի ձգելով մեր հին շրջանը, կրնայիք ինծի ըսել, թե ի՞նչ է տարբերությունը ասկե 40-50 տարի առաջ գրված մեկ քերթվածի և այսօրվանին միջև: 

Դժվար հարց է, կարելի չէ մի քանի նախադասությամբ ճշտել, լուրջ ուսումնասիրության է կարոտ: Որովհետև բանաստեղծությունը ձևից, թեքնիկից և նույնիսկ բովանդակությունից չէ կախված միայն, այլ այն անորոշ մթնոլորտից, այն բառերի տակ թաքնված լույսի ու զգացման հոսանքներից, որոնց կարելի չէ ձևակերպել, այլ կարելի է միայն ներքնապես հաղորդվել: 

-Բայց և այնպես կարելի է ընդհանուր հատկանիշները գտնել: 

Լա՛վ, ընդհանուր ձևով կարելի է ըսել մեր նոր շրջանի բանաստեղծության մասին, թե՝ Պոլսում մշակվել է մանավանդ լեզվի գեղեցկությունների վրա հիմնված քերթողական արվեստ, իսկ Կովկասում՝ լեզու չկա՜… Աբովյանը, որ մեծ բանաստեղծ է, էպիկական վեպը կառուցել է հայ տան նման աղքատ, ոտքերը գետնի տակ մխրճած, ցեխով, քարով և թրիքով շինված նյութով: Բայց ներսը հրաբուխ է, իսկական դյուցազներգական թափ ու թռիչք: Կարևորը ա՛յդ է: 

-Իսկ 1915-են ի վեր…

Հայ բանաստեղծությունը շատ նվաճումներ է արել անկասկած, բայց ոչ մեկ հրաբուխ չէ ծնվել: Պետք է հիշել այն դժոխային շրջանը, ուրկից անցանք: 1910-1914-ը ոգևորության մեծ տարիներ էին: Այն, ինչ որ կար այն օրերին, և ինչ-որ չկա այսօր, հավատքի և ինքնավստահության ա՛յն հուրն էր, ապագան հաղթահարելու ա՛յն կամքը, ստեղծագործության միջոցով կերտելու և կերտվելու ա՛յն պահանջը, առանց որոնց ո՛չ մի իսկական գրական շարժում չի կարող գոյություն ունենալ: 

-Այո՛, թե Պոլսո և թե Կովկասի մեջ, առաջին համաշխարհային պատերազմը նախորդող տարիներուն, իրապես գոյություն ունեին գրական շարժումներ: 

Գրականություն մշակելը մի բան է, գրական շարժումը՝ հավաքական ենթագիտակցության այդ անդիմադրելի պոռթկումը՝ ուրիշ բան: Այսօր մենք ունենք հարյուրավոր տաղանդավոր գրագետներ, որ գրում են ամեն լեզվով, մշակում են գրական բոլոր սեռերը, որոնց մեջ և բանաստեղծությունը, բայց հայ գրականություն չունենք: Այդպես նաև նկարչության մեջ: Միայն երաժշտությունն է, որ բացառություն է կազմում: 

-Կուզե՞ք ավելի բնորոշել այդ երկու շրջանները, ըսենք ձեր շրջանը, և մե՛րը, այսօրվանը: 

Այն շարժումը, որ ստեղծած էինք, մնում է հիշատակելի: Վարուժան, Թեքեյան, Սիամանթո, Ահարոն, Թումանյան, Տերյան, մինչև Չարենց: Սա՛ հայ բանաստեղծության նորագույն ոսկե շրջանն է… Հետո եկան պատերազմներ, կոտորածներ, փլուզում, փոշիացում: Փոշիների ու մոխրի միջից իրենց գլուխները դուրս ցցեցին Խորենացիներին, Դավիթ Անհաղթներին, Աբովյաններին հալածող տիրացուները: Նախանձով, չարությամբ, տգիտությամբ լեցված վարժապետները, լրագրողները, կուսակցականները: 

-Որտեղի՞ մասին է ձեր ըսածը, Սփյուռքի՞, թե Հայաստանի…

Երկուսն էլ… Քաղաքականը տիրեց մշակութայինի վրա, թեպետ և ամեն մի միջատ մշակույթի մասին է բարբառում: Այդ պայմաններում, ես հասկանում եմ, որ նոր սերունդը, չնայած իր ճիգերին ու տաղանդին, հասակ չի կարողանում նետել: 

-Ի՞նչ ընել ուրեմն, սիրելի պարոն Զարյան, գիտենք, որ դժվարին են պայմանները, թե՛ այստեղ և թե՛ մեր Հայրենիքին մեջ, պե՞տ ք է հուսահատիլ: 

Երբե՛ք: Այստեղ տարագիրներ ենք, բայց չմոռնանք, որ Դանտեն ալ տարագիր էր… Հայ երիտասարդ բանաստեղծները, եթե արտաքին և նեղ մտահոգությունները մի կողմ նետեն, և, քաջաբար, լսեն իկրենց մեջ բոցկլտացող հուրի ձայնին, կարող են մեր գրականության մի նոր և լուսավոր շրջան ստեղծել: Արտահայաստանի ազատ պայմաններում, անկաշկանդ, նրանք կարող են ստեղծել նոր արժեքներ, նոր ձևերով և նոր մոտեցումներով արտահայտված և նոր աշխարհազգացումով լեցված: Դրա համար նախ և առաջ պետք է հավատք, խոնարհություն, պաշտամունք: Այն երկիրներում, ուր չկա պաշտամունք մեծերին, ուր չկա գուրգուրանք և սեր, չկա ստեղծագործություն: Պետք է հրաժարվել նեղմտությունից, մեկը մյուսին նախանձելու հայկական բնածին թերությունից: Պետք է լինել լայնախոհ, վեհանձն, և, մանավանդ, թռչել, ճախրել իմանալ:  Պետք է համախմբվել, խոլաբար ոգևորվել, իմանալ և հանդգնել:

Տպագրվել է <<Անդաստան գրականութեան և արուեստի>> պարբերաթերթում (Փարիզ, 1957, թիվ 6-7), զետեղվել Կ.Զարյանի <<Դեպի Արարատ>> գրքում (Կազմ.՝ Յու. Խաչատրյան), Ե., 2001:

Комментариев нет:

Отправить комментарий