Երևան, Գրիգոր Տաթևացի հրատ., 2013թ. 262 էջ:
Ընթերցողի սեղանին է Լևոն Սահակյանի բանաստեղծությունների հատընտիրը: Հրատարակել է նաև <<Հանուն հավատի>>(1991), <<Կատակում է Գորիսը>>(1994), <<Հավատի խորան>>(1996), <<Ակների պատմությունը>>(2000), <<Գորիսյան ժպիտներ>>(2002), <<Թռիչքներ>>(2003), <<Գրամատյան>>(2006), <<Ուղեծիր>>(2010) գրքերը:
ՀԳՄ անդամ է:
ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ
Չէ՛, ես վերջին պոետդ չեմ
Եվ զինվորը անել,
Ի՛մ հայրենիք, ապրի՛ր հավետ
Ու երջանիկ դարեր:
Քո վեհ անվան պահնորդն եմ մի,
Նվիրյալդ անշեղ,
Արեգակիդ մի շողիկն եմ,
Պողիդ համար անթեղ:
Պատմությանդ մի տողն եմ ես,
Հոգսակիրդ հոժար,
Ամենուրեք քո դեսպանը,
Սիրահարը խոնարհ:
Քո հասարակ զինվորն եմ ես՝
Անկանչ ելած մարտի,
Ու չի գնում նա մեռնելու,
Այլ գնում է՝ հաղթի:
Ի վեր պարզած բռունցք եմ մի՝
Արդարության տենչով,
Քո ցասումի մի ալիքը՝
Անզիջում ու ցնցող:
Արյունատար մազանոթն եմ
Քո ամրակուռ բազկի,
Հաղթանակիդ մի գոչյունը
Ցնծության մեջ ազգի...
Չէ՛, ես վերջին պոետդ չեմ,
Նեռն իզուր է ջանում,
Քո հերթական երգիչն եմ ես
Ու իմ խաչն եմ տանում:
***
Արդարությունը պիտի գա մի օր,
Անհնար է, որ այսքան ուշանա,
Կբախտավորվի Նաիրին իմ հեգ,
<<Էրգիրը>> հային կվերադառնա:
Տերը աշխարհիս այլ կերպ կնայի,
Կմիավորվեն հոգիները մեծ,
Խաղաղ երգերով ասպարեզ կիջնի
Արդեն երջանիկ մի հայ բանաստեղծ:
Արդարությունը կհասնի մի օր,
Արդարությունը՝ որպես մանանա...
Եվ կյանք կստանա սպասումից հոգնած
Տառապած երկրիս երազը ոսկյա:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ
Ու գնում է, գնում անխոնջ
Քարավանը տարիների,
Հնձանի մեջ շիրան եփվում
Եվ դառնում է հրայրք գինի:
Արբենում է բզեզը դեռ
Զմայլելի բուրմունքներից,
Վերցնում է խանդը մահակ,
Գալարվում է մեջքը ցավից:
Խոնարհն էլի ծիկրակում
Ու չի թվում հասանելի,
Սոնան հուր է, Սոնան՝ կրակ,
Սոնան՝ ծաղկած մի մասրենի:
Ջրածիտը կորչում է ժիր
Խենթ ջրվեժի փոշու խորքում,
Տղան կապտած ելնում ջրից,
Թափառում է անուրջներում:
Ու գնում է մտքի հեռուն՝
Ձեռքին ծաղիկ ալպիական,
Հույս փայելով, որ Ձորում էլ
Դեռ օրերը կտաքանան...
***
Ես նկատում եմ, որ հետզհետե
Ավելի շատ եմ ուզում լուռ մնալ,
Կյանքն ամբողջովին բացվել է իմ դեմ
Եվ էլ չեմ ուզում հեռուներ գնալ:
Իմ փոքրիկ գյուղը երկիր է մի մեծ,
Թե կենտրոն, և թե ծայր է աշխարհի,
Ուր եթե փնտրես, կգտնես Աստծուն
Կամ ցանցը կընկնես խև սատանայի:
Արև ու լուսին ընկեր են ինձ հետ,
Երազ են շաղում աստղերն ամեն օր,
Արա, թե կուզես, դաշտը անկողին
Եվ բարձ դարձրու ամպը փետրավոր:
Ցորենի հասած հասկը ծանրաբեռ
Հույսեր օրորող մի կին է հղի,
գետը երակ է, ջաղացը՝ խորան,
Օդը՝ թանկարժեք, հիացքը՝ ձրի:
Ու միանգամայն տեղին է ասված,
Որ կա ամեն ինչ՝ ամեն ինչ մեջ,-
Դարն ակնթարթ է, օրը՝ լրիվ կյանք,
Սերը՝ բռնակալ, լռությունը՝ վեճ...
- See more at: http://mirhav.blogspot.com/p/blog-page_8068.html#sthash.71LLiwL8.dpuf
Комментариев нет:
Отправить комментарий