Կարևորագու՛յնը արվեստի մեջ. սիրել խանդագին, բացարձակ, անսահման սիրով: Սիրել օրերի և երևույթների ամբողջությունը իրենց իսկության և խորհուրդի մեջ, և միաձայն թրթռալ տարրերի, ծաղիկների, ջուրերի, բուրումների հետ: Ու սիրո ժամին լսել իր հոգին, և խառնիխուռն ձայների մեջ կարողանալ նշմարել սկիզբնասկիզբ հնչյունները, նշանաբան դաշնակությունները և ամբողջական երաժշտությունը: Կարողանալ ղեկավարել իր հոգու խմբերգը և ծնծղաների դղրդոցի մեջ քաղել լռությունները, - այդ է արվեստը:
Մշակույթը … հոգեկան արկածախնդրություն է, վսեմ մի խենթություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է:
Իսկական արվեստը ստեղծում է` բնավորություններից և հոգիներից գաղտնի գիծերով առած, նոր բարոյական մթնոլորտ, նոր իրականություն, որին հավատում ենք ու ընդունում իբրև ճշմարտություն, որովհետև նա հոգեղինացած, բյուրեղացած, աստվածային շունչով օծված մի իրականություն է, որ մեզ ավելի մոտ է ու սիրելի, քան մեզ շրջապատող կյանքն իսկ:
Արվեստը կյանքի առջևից է քայլում և լուսավորում ապագան: Այն գերազանցորեն գիտություն է ու գերագույն իրականություն:
Ուժական արվեստը պետք է որ ամենեն ավելի ուղղակի արտահայտությունը ըլլա իրականի շարժումին, պետք է որ ոգեկոչե հոգվույն խորհուրդները, և տիեզերական համերգությունը, և զգայնացնելով ամեն ինչ, պետք է որ հայտնատեսության միջոցով թափանցե Ապագայի պատրանքներու վսեմ կրկներևույթներուն մեջ:
Գրականության շուրջ ապրող կատաղած մլուկներ կան, որոնց մարդ չի ուզում ձեռք տալ օդը չապականելու համար:
Դիմենք ժողովրդին: Նա ունի թաքնված գանձեր, չհայտնատեսված հանճար, հարուստ շտեմարան, ուր կարելի է ջոկել արվեստի լավագույն գոհարները:
Արևելյան արվեստը անմիջական է, տարերային, նա ազատ է և համադրական իր գոյացման ձևի մեջ նա զերծ է նախապաշարումներից և դպրոցական ֆորմուլաներից:
Եթե հայ գրականությունը անհրաժեշտ է, որ ապրի` նա պետք է նյութապես ապահովվի: Ո՛չ մարդը, այլ գործը, արտադրությունը, գիրքը: Այդ նպատակին հասնելու համար պետք է ստեղծել և կազմակերպել ընթերցողները, տարածել թե գրադարանների և թե վաճառումների միջոցով գիրքը, ստեղծել հետաքրքրություն և համակրանք նոր արտադրությունների շուրջը ևն. այդպիսի մի մշակութային կազմակերպություն անհրաժեշտ է, որ ունենա համազգային բնույթ զանազան քաղաքական և կրոնական հոսանքներից վեր, լայն մտքով օժտված անհատների ղեկավարությամբ: Միացնել բոլոր հայերը հայ ոգու և հայ մտքի շուրջը:
Գիրք կարդալու համար պետք է որոշ մտավոր պատրաստություն, մինչ ռադիոն և կինեման ամեն ինչ մատուցանում են դյուրին կերպով, առանց որ ուղեղը որևէ հոգնության մատնվի: Մարդը մնում է կրավորական դիրքի մեջ, ստանում է վայրկենական տպավորություններ, որ մի ժամ հետո մոռանում է:
Մեծ գրողների մոտորոշ բառեր բանալի են ամբողջ մի աշխարհի, որովհետև նրանք գալիս են ստեղծագործողի արյունի միջից` այնտեղից, ուր տիեզերքը ներկա է իր ուրույն թաքնաթաքուր թափով:
Հանճարը այն է, որը ազատագրող ծնունդի մեջ գտնում է իր եսի կայուն հավասարակշռությունը: Եվ արվեստը ուրիշ բան չէ, եթե ոչ տիեզերական ոգու գերագույն ճարտարապետությունը:
Սնանկացած վաճառականներ, անգործ քաղաքագետներ, բժիշկներ, ատամնաբույժներ, գորգի և ադամանդի միջնորդներ, նախկին թաղական կամ նախարար, նախկին եպիսկոպոս կամ ժամկոչ, նախկին վարժապետ կամ սպա, մեկ էլ, առանց պատճառի, հանկարծ իրենց իրավունք են համարում,- և ի՜նչ ամբարտավան և վճռական ձևով,- խոսել հայ լեզվի և հայ արվեստի մասին:
Պրպտել ինքնուրույն մեր ոճը մեզ շրջապատող բնության գծավորումների և գունավորումների մեջ, բույսերի, ծաղիկների, կենդանիների և զանազան զգեստավորումների մեջ ու այդ ոճով դարբնել երկաթը, հղկել փայտը, քանդակել արծաթը, ստեղծելով գեղեցիկ, դյուրամատչելի և անհրաժեշտ առարկաներ` ահա արվեստի համար առայժմ հարվածային մի նպատակ:
Հայ ժողովրդական արվեստը կարող է բանալ ահագին կարելիություններ հայ հանճարը երևան բերելու համար: Նա ցույց կտա ուղիներ, որոնք փակ են անհատ արվեստագետների համար, նա կզարգացնի ճաշակը և կդրսևորե վերջապես մեր ազգային դեմքը:
Ամեն արվեստագետ երգում է ըստ իր ձայնի ծավալին, ըստ իր ստեղնաշարի մեծության: Նկարիչի համար գունակալը այն երաժշտական գործիքն է, որի վրա ծիածանը հորինում է հանկաձայնություններ և ներդաշնակություններ: Նկարիչի համար ունենալ սեփական գունակալը` գոյացման անհրաժեշտ պայմանն է: Գունակալը նրա <<եսն>> է, նրա անհատական տեսողության չափանիշն է, նրա հոգեկան ձգտումների և ապրումների հիմնական միջոցն է:
Չկա ավելի բախտավոր վայրկյան, քան այն վայրկյանը, երբ արվեստագետը ճանաչում է ինքն իրեն` իրեն շրջապատող իրականության մեջ:
Իսկական ռեալիզմը նշանակում է ըմբռնել իրականության էությունը, բաբախել երևույթների սրտի հետ համատրոփ, տալ կյանքի ոգին, ոչ միայն ձևը, առաջ բերել այն բախտավոր միացումը, որը լինելության հիմնական տոնն է: իսկական ռեալիզմը կյանքն է, ոչ միայն կշռի ու չափի ենթարկված կյնաքը, ոչ միայն սահմանափակ գիտակցության ներկայացող երևույթը, այլ այն կյանքը, որը անսահման է, ապրում է մեր ենթագիտակցության մեջ, իր չէ, այլ երաժշտական դինամիկա է, հոսուն, երբեք կանգ չառնող տևականություն է:
Ամեն մի հանճարի կյանքը դաս է:
Արվեստը պետք է սովորեցնի կամ ընդարձակի մեր գիտության հորիզոնը: Մեծ արվեստը մտածել է տալիս, բաց է անում մեր առջև իրերի կյանքը և նրանց խորհուրդը: Մեզ մասնակցել է տալիս բովանդակ իրականության: Ընդլայնում է մեր կամք-զորությունը և մեր հոգու խորությունը: Արվեստը վարժապետի դասավանդություն չէ, այլ իմաստունի թելադրանք:
Լեզուն արգելք չէ իսկական հանճարը համաշխարհային դարձնելու համար: Ուժեղ և ինքնուրույն միտքը պեղում է հորիզոնները և, ուշ կամ կանուխ, գտնում է հոգիների արձագանքը:
Գրական մեծ դարաշրջանները պաշտամունքի դարաշրջաններ են: Ու ազգերի համար, թուրքից էլ վտանգավոր, կիսակիրթ և նախանձամիտ մտավորականներն են:
Իսկական գրագետի համար ավելի դյուրին բան չկա, քան լինել դժվար, և ավելի դժվար բան չկա, քան լինել դյուրին:
Ամեն մի մեծ արվեստ խոստովանանք է:
Ոգին անկարելի է կաշկանդել: Ո՛չ չարությունը, ո՛չ բռնությունը, սուրը կամ կրակը կարող են կանգնեցնել ոգու ստեղծագործական թափը:
Բանաստեղծությունը աշխարհաստեղծման արարողության մի մասն է:
Պետք է դիմադրել արվեստի գործը զուտ հաճույք համարելուն: Արվեստագետը պետք է կարողանա իր ստեղծագործությունը համարի նախ և առաջ առաքելություն և իր կյանքը խորապես արտահայտված ճակատագիր: Պետք է լինել ավելի քան արվեստագետ:
Իսկական գրվածքները մաքրվում են և պայծառանում ժամանակի և իրադարձությունների ազդեցության տակ, ինչպես գինին մառանում:
Պետք է գրվածքը, հոգեկան խոյանքներին մտերմաբար ձուլված, շնչի քո շունչ իսկ:
Արվեստի կոչումը չէ աշխարհը ներկայացնել, այլ նրա նշանակությունը և մեծությունը տալ:
Գրքերը բաժանվում են հեղինակից և կարծրանում են: Այն կապը, պորտը, որի միջոցով կարելի է նրան թարմ կյանք սրսկել, մնում է որոշ ժամանակ, ապա բոլորովին անջատվում է և ինքնակալ կյանք վարում:
Բանաստեղծը տեսնում է ներքին աչքերով, իսկ ներքին աչքերը մասն են տիեզերքի, որը միշտ ներկա է նրա մեջ:մԻնչ որ կա տիեզերքում, կա մեր մեջ:
Արվեստագետը իսկական ստեղծագործ միակն է, որ կը համարձակի հանդիպադրել իր լինելու կամքը` մեքենայնության բռնության վրա: Վասնզի ան միակն է, որ ներուժորեն կը զգա բանտի ծանրաբեռն ճնշումը և կը բաղձա ազատությունը: Ժամանակի և տարածության դեմ ան կը ճակատի տևականությամբ. մեքենայնության դեմ` ստեղծագործությամբ:
Բանաստեղծությունը պետք չէ համարվի ոգու, մտքի շեղան, այլ հայտնություն, որ վերադարձնում է անհատին իր մտերիմ պատիվը և իր խոր ճշմարտությունը: Դնել անհատը իր իսկ մաքրամաքուր լույսի մեջ:
Գտնել տպավորությունների այն թարմությունը, որ գոյություն ուներ լեզվից առաջ - ահա բանաստեղծի շնորհքը:
Մեծ բանաստեղծի մեջ առաքյալը միշտ ներկա է:
Ինքնատիպ թատրոն չունեցող ժողովուրդները դիմագծից և ստեղծագործական թափից զուրկ են: Քաղաքական ստրուկ լինելուց ավելի վատ է ուրիշների մշակույթի ստրուկը լինել ու խորտակել իր հոգին մակաբույծ ձևերի ու գաղափարների տակ:
Առհասարակ, հայ գրականության դժբախտությունը անոր մեջն է, որ ամեն երևույթի վրա վարժապետի մտայնությամբ կը նայվի, և վարժապետի սահմանափակ մտային կարողությամբ և տափակ երևակայությամբ կը ստեղծագործվի: Վարժապետը ամենուրեք թշնամին է արվեստի, և ապագա պայքարը այդպիսիններու դեմ է, որ պիտի մղվի:
Մենք կը խորհինք, որ արվեստը և ազատ գրականությունը, հոյակապ և հանդուգն փնտռումներուն միակ ճամբան է, որ ազգ մը միայն արվեստով կրնա բարձրանալ, միայն արվեստով կրնա իր տեղը ունենալ տևականության մեջ:
Ազնվացնել հայ կյանքը խորհուրդով և արվեստով, հզորացնել և հիմնավորել հայ խորհուրդը և արվեստը կյանքով:
Արվեստին մեջ` որքան կրոնքին` կը պատրաստվին հոգիները:
Հայերեն լեզվով գրել օտարի պարտադրած գաղափարները, դա հայ գրականություն չէ:
Գրականությունը իբրև կյանքի բարձրագույն արտահայտություն, ամեն մեկ շրջանի մեջ կփնտրե իր նոր ձևը, և ամեն մեկ ձգտում, որ կկարողանա հարազատորեն արտահայտել կյանքը` արժեք է:
Բանաստեղծը միշտ հավատարիմ է ինքը իրեն: Այդ հավատարմությունը կրկնություն չէ, մակերեսային արտացոլում չէ, այլ վերանորոգում, վերածնունդ, հարստացում:
Բանաստեղծը անկարգ պայքարի մեջ է իր Հրեշտակի հետ: Նրա պատմությունը այդ հրեշտակի հետ ունեցած իր փոխհարաբերությունների, իր պարտությունների և հաղթանակների պատմությունն է:
Մարդկային ստեղծագործ անհատը մանրաշխարհ է, որ իր մեջ պարունակում է տիեզերքը:
Սխալվում են նրանք, որոնք կարծում են, որ գաղութահայ գրականությունը կարող էր զարգանալ համայն հայությունից անջատված: Հայությունը մի է: Չի կարելի բաժան-բաժան անել ո՛չ նրա ոգին, ո՛չ նրա թափը և ո՛չ այն հավաքական ենթագիտակցականը, որ աղբյուրն է աղբյուրների և պատճառը պատճառների: Հայաստանը, մեր աստվածների ձեռքով կերտված, աշխարհագրական բնորոշ միավոր է, ինչպես միավոր է մեր ցեղը և մեր լեզուն: Հայ գրականության գերագույն նպատակն է այդ միությունը պահել և հասցնել իր բյուրեղացման վիճակին:
Ասում են` բանաստեղծությունը պետք է ծառայի իրականության: Մոռանում են, որ իրականությունը սկսվում է այստեղ և վերջանում է աստղերի ետև տարածվող հավիտենականության մեջ: Այդ մեծղիության զգացումն է, որ բնորոշում է իսկական բանաստեղծը: Անցողականին տալ հավիտենական բնույթ, ահա ա՛յդ: Փոքրագույն երևույթը կապել ամբողջականին: Զետեղել ոսկե կամուրջը:
Ամեն մի արվեստագետ կարող է փորձել, ի միջի այլոց, նաև գրել օտար լեզվով: Ես ինքս գրած եմ ոտանավորներ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, և, վաստակելու համար, շատ լեզուներով հոդվածներ: Բայց դրանք մնայուն գործի հետ ոչ մի կապ չունեն: Էպիզոդներ են: Լեզուն արյուն է, արդ` արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով հայ եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի, այնտեղ չի աղոթի: Իսկ նրանք, որ ուզում են օտարանալ` բարի ճանապարհ, թող օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է:
Комментариев нет:
Отправить комментарий