26.01.2015

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ / Շնորհակալ եմ օրերիս համար...

ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԸ

<<Միրհավ>> գրական ակումբը շնորհավորում է սիրելի բանաստեղծին հոբելյանի կապակցությամբ և մաղթում արգասավոր ու առողջ տարիներ: 

<<Իմ ստեղծագործության առանցքը կյանքն է: Եթե նկատել են իմ ընթերցողները, ես առանձնակի թեքում չունեմ որևէ կոնկրետ ուղղության: Ինչ կյանքը ունի՝ լավ թե վատ, իմն է: Լավի համար գոհանում եմ, փառք տալիս Աստծուն, վատի դեմ պայքարում, մարտնչում եմ, որ այն նաև ի՛մ միջամտությամբ քչանա>>: 

***
Կյանքս հալվում է աննկատելի
Ու նկատելի տարիք եմ առնում,
Չնայած հոգիս թարմ է մնացել,
Մարմինս այն չէ, ինչ առաջներում:

Էլի իշխում են պարտք ու երազանք,
Անհնարին է շատ բան կռահել,
Գունեղ հուշերի, վայելքների մոտ
Գորշությունն էլ իր տարածքն է պահել:

Մեր վաղվա մասին լոկ Տե'րը գիտի,
Ճակատագիրը մութ է և անառ ...
Դժգոհությունը իմ տարերքը չէ,
Շնորհակալ եմ օրերիս համար:

***
Մենության ժամին ես միայնակ չեմ,
Լիքը լցված եմ մենության ժամին,
Ինձ հետ աշխարհն է` ժպիտ ու լացով
Եվ երկինք հանող խենթության քամին.

Այդժամ է, որ ես ինձանից ելնում,
Պեղում եմ հոգուս խորքը անճանաչ,
Սուզվում եմ ծովը անհայտ-անհունի
Ու հաշիվ տալիս իմ խղճի առաջ.

Մարգարեներին հարցերով տանջում
Եվ Տիրոջ գործն եմ դնում նժարին ...
Չէ', բարեկա'մս, ես միայնակ չեմ,
Լիքը լցված եմ մենության ժամին:

ԱՌԱՋ...

Առաջ այնքան ուժեղ էի,
Հորդում էի վարար,
Իմն էր կյանքը ամեն ինչով
Եվ աշխարհը արար:

Երազներս թիվ չունեին,
Գունեղ էին, թեթև,
Գայթակղում, շոյում էին
Եվ թռցնում եթեր:

Առջևում էր ամեն լավ բան,
Կար նպատակ, փարոս,
Եվ անուրջը կյանք էր դառնում
Իմ աշխարհում հայոց...

Առաջ եռում, ճախրում էի,
Շռայլ էի ու քաջ...
Հնար լիներ մեկ էլ ապրել
Կյանքը՝ ինչպես առաջ:

***
Հայաստան երկրում զինվորի պակաս
Եվ ավելցուկ կա բանաստեղծների,
Սրանից է, որ որոշ պոետներ
Ընկերանում են ինքնաձիգներին:

Գրելու ձիրքը անթեղած հոգում՝
Զենքով են շարում տողերը իրենց
Եվ ճանաչվում են նախ որպես զինվոր
Ու հետո միայն որպես բանաստեղծ...

Իսկ թե զինվորի պակաս չլիներ
Ու միշտ ելնեինք սրտանց կռվելու,
Հայաստան երկիրն ու երգը հայոց
Ծովից ծով էին հավետ լինելու:

ԱՍԱ

Տե'ր, փրկիր ինձ այս աղմուկից,
Խաղաղ կյանք եմ ուզում,
Ես հոգնել եմ բախումներից,
Կախումներից բազում:

Հոգնել եմ սին մտմտանքից
Ու տքնանքից իզուր,
Երազում եմ շիտակ մի կյանք
Եվ մի աշխարհ մաքուր:

Երազում եմ, բայց հանց երեկ,
Հույսս քիչ է դարձյալ ...
Ասա', ինչո՞վ օգնեմ ես քեզ,
Իմ հոգնատանջ Բարձրյալ:

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Եկա, տեսա, չհաղթեցի
Ու գնում եմ չպարտված,
Ես օրերն իմ իզուր տեղը
Չվատնեցի', Տե'ր-Աստված:

Հարկավ, գոհ եմ քո տվածից,
Կարող էիր աչք փակել,
Եվ կարող էր աստղը բախտիս
Դեռ չծագած` խավարել:

Դու, երևի, սիրում ես ինձ
Եվ ուժ տալիս քնարիս,
Թե չէ` վաղուց մամուռը մունջ
Գիրն էր կերել շիրիմիս:

Շատ բաներ եմ ես հասկանում,
Ավելի շատ` չգիտեմ,
Իսկ աշխարհը, օ՜, իսկապես,
Ե՛վ դժոխք է, և՛ եդեմ.

Չէ', իզուր չէր կյանքս, թեև
Կորուստն էլ է չափազանց,
Ընդունիր իմ երախտիքի
Անկեղծ խոսքը, Տե'ր-Աստված:

ՄՈՐՍ

Մայր իմ սիրելի,
Գեղեցիկ բառեր ես չեմ որոնի,
Քանզի շատ երկար խորհելուց հետո
Հանկարծ հասկացա,
Որ մեր իսկ միջև եղող ամենը
Վերածել խոսքի,
Հարկավ, չեմ կարող
Եվ չեմ էլ ուզի...
Իզուր չէ ասված`
Թե լռություն կա, որ արժե ոսկի:

***
Այս ի՞նչ արև է,
Տե'ր իմ, մրսում եմ,
Մեջն եմ աշխարհի,
բայց և դրսում եմ:

Մերթ վանող խենթ եմ,
մերթ ձգող ճաճանչ,
Մերթ այնպես թանկ եմ,
մերթ եղած-չեղած:

Կյանքս երազ է
ու երազս` կյանք,
Շարունակ կուշտ եմ,
մշտապես` անհագ...

Օ', Տե'ր, փրկիր ինձ
այս տառապանքից,
Սարսում եմ ես քեզ
կորցնելու մտքից:


ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Լաց է լինում դուդուկն էլի,
Մղկտում է սրտառուչ,
Ազգս դարձած մի ձիգ թափոր`
Ընթանում է անմռունչ.

Գնում է նա նահատակաց
Հիշատակը հարգելու...
Մինչ կուզեի` ըմբոստանար,
Ելներ թմբուկ զարկելու.

Լիահավատ շեփոր առներ,
Հնչեցներ բարձրագոչ,
Զենքն ունենար որպես ընկեր,
Միտքը` ճկուն և առողջ...

Լաց է լինում դուդուկն էլի
Ու նեղվում է իմ հոգին,-
Ճեղքի'ր, ա՛զգ իմ, ժայռն Ագռավա,
Հերի'ք քնի քո որդին:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Իմ ծննդյան օրն է այսօր
Ու խորհում եմ տխրամած,
Մերթ անդուր է, մերթ մտերիմ
Տխրությունն այս քմահաճ.

Վերհիշում եմ անցած ուղիս,
Հին օրերը անմոռաց,
Տարիներս` գորշ ու գունեղ,
Արևոտ ու ամպամած.

Որքա՜ն բան եմ տեսել կյանքում`
Առեղծական, ակնհայտ
Եվ մնացել իմ հավատին
Նվիրյալ ու հարազատ.

Տեսել եմ մութ, լուսե հրաշք,
Կույս բարձունքներ նվաճել,
Ծառացել եմ հանուն մարդու,
Խղճի կամոք նահանջել:

Սիրել, սիրվել, գոհացել եմ
Տեր-Աստըծո տվածով,
Բարին է ինձ առաջնորդել,
Հանց համակիր մերձավոր.

Չէ', ապրել եմ կարծես պատվով,
Ամաչելու տեղ չունեմ,
Գինի լցրե'ք, բարեկամնե'ր,
Էլ տխրելու միտք չունեմ:

Ուրախանանք ողջանվեր,
Թող մեր քեֆը ծովանա...
Գոհ եմ, մայրս, որ չես ծնել
Մի ազգուրաց ավարա:

ԵԹԵ...

Եթե կողքից պիտի ասեն,
Թե մենք ինչ ենք անելու
Եվ ուրիշի հուշումով ու
Նվագով ենք պարելու,
Էլ ի՞նչ ազատ, անկախություն,
Ինքնիշխան կամ գլխի տեր,
Մեզ իշխում են ու հոժար ենք,
Այսպես ճորտ ենք, ոչ ընկեր:

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաստ ձյունաշերտը առել գլխներին,
Նայում են ծառերն հաշտ ու սառնորեն,
Ծառերը` տրտում, անպաշտպան և հեգ
Ու ես նեղվում եմ նրանց փոխարեն:

Ցուրտը թափանցել երակներիս մեջ,
Իրեն դրության տեր է հռչակել,
Պաղում են շուրջս ժպիտ ու հուզում,
Գոնե երազը չսառցակալեր:

Ձյուների միջով գնում եմ մոլոր,
Կողքից շներն են ալարկոտ հաչում,
Քայլերս դանդաղ, ընդարմացած են
Եվ հեռուներից... գարունն է կանչում...

Քանի՜ ձմեռ եմ հալել իմ հոգում,
Նվիրվել մարդուն ջերմ ու լիահույս.
Աստվա'ծ իմ, ես դեռ տալու բան ունեմ,
Պահապան եղիր դու ամենեցուս:

ՁՄԵՌ

Ձյան տակ կքած տանիքի վրա
Ծուխն էսքիզներ է անում եռանդուն,
Փաթիլը նազով պարում է, ասես,
Վստահ, որ ունի իր երկրպագուն.

Վառարանի մոտ և պատուհանի
Նստել, ճերմակն եմ շոյում հայացքով,
Ճարճատող փայտը մեռնում է մարմանդ,
Հեռվում ննջում է անտառն անխռով.

Ամեն ինչ` առկա, ամեն բան` երազ,
Կարճ երջանկություն, տևական մորմոք,
Կրկին ճռռում է ճախարակը հին
Եվ ժամանակը նիրհում է անհոգ...

ՄՈԼՈՐՅԱԼԸ

Մի՞թե այդպես էլ մարդկությունն ապրել
Բանականությամբ չի կարողանա,
Բյուր-հազար ուսմունք, հեղափոխություն,
Ավաղ, չբերին դրախտը նրա:

Ոչ ոք չգիտի` ինչու է ծնվում
Եվ գոյությունն իր ում է հարկավոր,
Մենք կյանքը գիտենք մեզ հասու չափով
Ու այդ չափում էլ ապրում ենք այսօր:

Անանձնապատկան պանդուխտներ ենք մենք,
Մեր արյան մեջ էլ շիճուկ կա չարի,
Մեկը խաղում է, ասես, մեզանով,
Չգիտենք` որքան պիտի չարչարի.

Մարդը` միայնակ ու տագնապալի,
Հայացքը հառած անհայտին այն ծով,
Հանց մոլորյալը մեծ անապատում`
Քանի չի մեռել, գնում է հույսով.

Գնում է` լեզվին, թևերին շղթա
Եվ ծանրածանր ոտնակապերով ...
Տե'ր, ծուռ աշխարհը շտկելու համար
Քանի՞ սերունդ ու դար է հարկավոր:

***
Այս ի՜նչ մարդիկ են, ի՜նչ ժամանակներ,
Մարդ վախենում է մի անգամ գայթել,
Առերես ցավում,
հրճվում են թաքուն
Եվ պահ են որսում, որպեսզի խայթեն...

***
Աշուն է խոր, անձրև ու ցեխ,
Մառախուղը` ձորին տեր,
Մի անտերունչ, թրջված շուն է
Մայթի վրա ծվարել:

Խեղճ ու սոված և կարեվեր,
Կյանք ասվածի հատակում,
Ասես հաշտ է իր բախտի հետ
Ու ոչ մի տեղ չի շտապում:

Տե'ր իմ Աստված, ախր նման,
Շա՜տ եմ նման ես նրան,-
Անձրևածեծ, դյուրահավատ,
Արհամարհված, ձեռնունայն:

Կուչ են եկել համակերպված
Երկու մարդ կամ երկու շուն,
Ամենեցին անտարբեր է,
Լռությունը` զրնգուն ...

Խոր աշուն է, անձրև ու ցուրտ,
Մառախուղը` ձորին տեր,
Մեկը կանչեր ինձ ու շանը
Ու մեր հաչը գեթ լսեր:

***
Օ', համբույրդ քաղցր է այնպես,
Մնա, մնա իմ գրկում,
Թող երկարի այս հրաշքը
Առավոտից իրիկուն:

Գաղտնածածուկ իրենց լեզվով
Մեր սրտերը թող խոսեն,
Շատ խութեր են հարթել մեկտեղ`
Մնալով հաշտ ու վսեմ:

Ուշացումով իրար գտած
Տատրակներ են սիրավոր,
Թող վայելեն ինքնամոռաց,
Թող վայելեն մեղավոր:

Մնա, մնա դու իմ գրկում,
Երանություն սիրահյուս
Ու թող ձգվի այս հրաշքը
Երեկոյից մինչև լույս...

***
Գոնե մի օր,
Գոնե մի օր
Չլիներ մահ ու սգավոր,
Չլիներ ահ, զենք ու արյուն
Ու մեղավոր...

ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆԱ

Տխուր օրերի երթ է ծանրընթաց,
Խառնակ օրեր են իմ Հայաստանում,
Երկիրն ազատ է, երկիրը` անկախ,
Սակայն հոգսերն են անվերջ խտանում:

Ու այդ հոգսերի բեռը ուսերիս`
Մինչև վերջ պիտի գնամ ես համառ,
Աչքերիս առջև` մարտը երեկվա
Եվ հուշերիս մեջ` Հայկ ու Ավարայր...

Ա'խ, հայրենիքիս վիճակը թշվառ
Սեղմում, ճնշում է սիրտս անխնա,
Իմ քաղցրի՛կ երկի'ր, հոգու՛ օթևան,
Քեզ մենակ թողնել չեմ կարողանա:

ՀԱՎԱՏ

Դեռ ՄԱՐԴԸ կա, սև մի ներկիր,
Գտնում եմ դեռ իմ նմանին,
Ագռավների ֆոնի վրա
Երևում է դեռ աղավնին.

Ամենաթավ մութի միջից
Արևն էլի դուրս է գալիս,
Գրավում է վարդը երգված
Ու թիթեռը թև է տալիս.

Համակիրներ ունեմ ազնիվ
Եվ ընկերներ ամենահաս,
Ու ապրում եմ Աստծու կամոք,
Մի օր` ավել, մի օր` պակաս.

Ապրում, հույս եմ աճեցնում
Եվ գույներ եմ շաղում, ահա,
Վստահ, որ իմ ջանքերով էլ
Բարին մի քիչ կավելանա...




Комментариев нет:

Отправить комментарий