16.11.2017

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՆ Է

Հոկտեմբերի 19-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց բուհի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկօրյա հանրապետական գիտաժողովը, որին մասնակացում էին Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Սպահանի համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, ԼՂՀ պետական արխիվի, ՀՀ Մշակույթի նախարարության բազմաթիվ անվանի գիտնականներ ու մշակույթի գործիչներ: Գիտաժողովի աշխատանքներում ներգրավված էր նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը:
Գիտաժողովը նվիրված էր Սյունիքի պատմամշակութային ժառանգության, կրթական գործի ձեռքբերումների համակողմանի ուսումնասիրություններին:
Գիտաժողովի բացման արարողությանն ու լիագումար նիստին ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, շնորհավորեց Գորիսի պետական համալսարանի 50-ամյա տարեդարձի առթիվ, որը ոչ միայն համազգային ու կրթամշակութային հոբելյան է, այլև գիտակրթական ասպարեզում կրթօջախի ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում: Խոսելով գիտաժողովի օրակարգի, թեմատիկ բազմազանության, գիտագործնական նշանակության ու առաքելության մասին՝ ռեկտորը հավելեց, որ գիտաժողովը յուրատեսակ հարթակ է՝ ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում: Նա շնորհակալություն հայտնեց գիտակրթական այն բոլոր կառույցներին, որոնց ներկայացուցչական կազմերը մասնակցում են գիտաժողովի աշխատանքներին՝ իրենց գիտական ներուժը ներդնելով Սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման, կրթության ու մշակույթի զարգացման գործում:
50-ամյա հոբելյանի առթիվ կրթօջախում առաջին անգամ հնչեց նորաստեղծ օրհներգը, որի խոսքերի հեղինակը մերօրյա տաղանդաշատ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ պրոֆեսոր, մեր հայրենակից Արկադի Շեկունցը:
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի օրհնությունից ու բարեմաղթանքներից հետո ողջույնի խոսք ասաց Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը՝ հավաստելով, որ ստեղծման օրից բուհը մեծ դեր է խաղացել մարզի կրթամշակութային կյանքում և նվաճել հաստատուն տեղ հանրապետության բուհերի շարքում: «Համալսարանի անցած ճանապարհի արդյունավետության վկայությունը բազմաթիվ նվաճումներն են, հաստատության հեղինակության շարունակական բարձրացումը, աշխատաշուկայում բուհի շրջանավարտների մրցունակությունը»,-նշեց փոխմարզպետը:
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորանքի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ բարձր գնահատելով Գորիսի պետական համալսարանի դերը տարածաշրջանում և Արցախի հետ կապի ամրապնդման գործում: «Կրթօջախի շնորհիվ երիտասարդ սյունեցին իր տանն է` կապված իր հող ու ջրին, իր ազգային ու մշակութային ակունքներին»: Նա կարևորեց երկու համալսարանների փոխգործակցության շարունակականությունը՝ բազմաթիվ կենսաշահ ծրագրերի իրականացման հեռանկարներով:
Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ուղերձ էր հղել ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ուղերձը ներկայացրեց ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը («Գորիսի պետական համալսարանի անցած ուղին. ձեռքբերումները և զարգացման հեռանկարները»), ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը («Սյունյաց Մեծ անապատը և հայ հոգևոր կյանքի վերածնունդը») և պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Կրթական գործի սկզբնավորումը Գորիսում. Սբ Հռիփսիմեի եկեղեցական-ծխական դպրոցի պատմությունից»):
Լիագումար նիստից հետո գիտական նստաշրջանի երկօրյա աշխատանքը ծավալվեց չորս մասնախմբերում՝ ա) պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ, բ) բանասիրական ուսումնասիրություններ, գ) կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները, դ) բնագիտական ուսումնասիրություններ:
Գիտաժողովին ներկայացված 100-ից ավելի հայտերից զեկուցման էին երաշխավորվել 80-ը: Ծրագրում ընդգրկված զեկուցումները վերաբերում էին Սյունիքի պատմության և մշակույթի ողջ լայնույթի (հնագիտություն, ազգագրություն,բանագիտություն, լեզու, արվեստ և այլն) հիմնահարցերին: Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում էր բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:
Պատմության, հնագիտության, ազգագրության և արվեստի մասնախմբի երեք նիստերում (համանախագահներ՝ Ալբերտ Խառատյան, Գևորգ Ստեփանյան, Թամար Հայրապետյան) լսվեցին 30 զեկուցումներ, որոնց թվում՝ «Գաղթը Սյունիքից Զմյուռնիա (17-18-րդ դարեր)»(Ալբերտ Խառատյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ), «Ստեփանոս Օրբելյանը և Խաչատուր Կեչառեցին որպես ընկեր ու համախոհ» (Սարգիս Մխիթարյան, ԵՊՀ, բ.գ.դ.), «Զանգեզուրի գավառի առաջին պարբերական մամուլը. «Գավառ» շաբաթաթերթը» (Գևորգ Ստեփանյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., պրոֆեսոր), «Բանահյուսական նյութերի հավաքման և հրատարակման պատկերը Զանգեզուրում (ըստ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի գրառումների)» (Թամար Հայրապետյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ԵՊՀ, բ.գ.դ.), «Գորիսի «Սասուն» տպարանի գրահրատարակչական գործունեությունը (1909-1921թթ.)» (Համո Սուքիասյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.թ., դոցենտ), «Արցախը Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում» (Լեռնիկ Հակոբյան, ԼՂՀ պետական արխիվի տնօրեն,բ.գ.թ.), «Պատմական Սյունիքի ճանապարհացանցի հետազոտման խնդիրները. մեթոդաբանական ակնարկ» (Մկրտիչ Զարդարյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), Նորա Ենգիբարյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), Համլետ Սարգսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), «Սյունիքի տարազը. ավանդույթներ և արդիականություն» (Սվետլանա Պողոսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), «Գորիսի և Կապանի թատրոնները. թատերական մշակույթը Սյունիքում» (Արմեն Հարությունյան, ԵԹԿՊԻ, արվեստագիտ.թեկ.,դոցենտ), «Նորահայտ վիմագրեր Մադինայի տոհմական գերեզմանատնից» (Սուսաննա Ադամյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.), «Հայոց Մեծ Մովսեսը (Մովսես Գ Տաթևացի (Խոտանանցի)» (Սամվել Ալեքսանյան («Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող), «Սյունիք-Զանգեզուրի և Արցախի բարձրադիր սրբավայրերի կապը նախապատմական հսկաների առասպելաբանության հետ» (Լիլիթ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.) «Սողոմոնյան սյուժեները Սյունիքի բանահյուսական ժառանգության մեջ» (Էսթեր Խեմչյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, բ.գ.թ.), «Ծննդով սյունեցի երևելի գործիչներն աշխարհում» (Արծվի Բախչինյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, բ.գ.թ.), «Հին Գորիսի մելիքական ապարանքի պեղումները» (Արման Նալբանդյան, ՀՀ Մշակույթի նախարարություն), «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը և Սյունիքի պատմահնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը»(Տիգրան Ալեքսանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Ժողովրդական ավանդությունները Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում» (Սիրանույշ Առաքելյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Սյունիքի հեքիաթների խորհրդատու և նվիրատու պառավը (համադրությամբպատմաազգագրական այլ տարածաշրջանների հեքիաթների)» (Մարինե Խեմչյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Սյունիքն ըստ սեպագիր արձանագրությունների» (Վահե Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), «Սյունեցի երաժիշտների ներդրումը 20-րդ դարի հայ մշակույթում» (Գայանե Թադևոսյան, Կրթության ազգային ինստիտուտ) և այլն:
«Բանասիրական ուսումնասիրություններ» մասնախմբի երեք նիստերում (համանախագահներ՝ Աելիտա Դոլուխանյան, Վանո Եղիազարյան, Հայկանուշ Մեսրոպյան,) լսվեցին 24 զեկուցումներ, որոնց թվում՝ «Սյունեցիները և հայ հին գրականությունը» (Վանո Եղիազարյան, ՎՊՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Ստալինյան բռնաճնշումների 80-րդ տարելից. Ակսել Բակունցի ձերբակալությունը, դատավարությունը, գնդակահարությունը» (Դավիթ Գասպարյան, Կրթության ազգային ինստիտուտ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Գորիսի բարբառի իրողություններ Ակսել Բակունցի արձակում» (Վազգեն Համբարձումյան, ՀՊՄՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Ն.Վարդապետյանի «Սյունյաց բարբառը» ուսումնասիրության բարբառագիտական արժեքը(ԳԱ լեզվի ինստիտուտ, Ե., 1961թ.)» (Հայկանուշ Մեսրոպյան (ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բ.գ.դ., դոցենտ), «Ակսել Բակունցի գրական հայացքները» (Կարեն Խանյան, ՀՊՀՄ, բ.գ.թ., դոցենտ), «Գագիկ Դավթյանի պոեզիան արդի հայ գրականության համապատկերում» (Արմեն Ավանեսյան, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ, բ.գ.թ.), «Առաքել Սյունեցու՝ Գրիգոր Տաթևացուն նվիրված ներբողը» (Լիլիթ Հովսեփյան, ՀՊՄՀ, բ.գ.թ., դոցենտ), «Սերո Խանզադյանի «Շուշի» վեպի պատմափիլիսոփայությունը» (Թեհմինա Մարության, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Ալեքսանդր Մարգարյանի բարբառագիտական հայացքները» (Սվետլանա Մանուչարյան, ԳՊՀ, բ.գ.թ.), «Մի քանի անունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական տեղեկությունների հենքով. պատմական Սյունիք» (Մհեր Քումունց, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ, Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Հոր կերպարը Ս.Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում» (Ռիմա Ստեփանյան, ԳՊՀ, բ.գ.թ.), «Երաժիշտ բառի հնարավոր տարածումը Սյունյաց աշխարհից դեպի գրական դասական հայերեն» (Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ ԼԻ, բ.գ.թ.), «Քերականական ոճական իրողությունները Գուսան Աշոտի ստեղծագործություններում» (Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Գուսան Աշոտի մի քանի ժողովածուների նորաբանությունները և դրանց ոճական արժեքը» (Ինգա Մարգարյան, ԳՊՀ, բ.գ.թ.) և այլն:
«Կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները» մասնախմբի երկու նիստերում (համանախագահներ՝ Լաուրա Ասատրյան, Շողիկ Ոսկանյան) լսվեցին 16 զեկուցումներ, որոնց թվում՝ «Տաթևի դպրոցը և նրա անխոնջ մշակը» (Շողիկ Ոսկանյան, ՀՊՄՀ, մ.գ.դ., պրոֆեսոր, Վլադիմիր Կարապետյան, ՀՊՄՀ, հ.գ.դ., պրոֆեսոր, Զաբելլա Զոհրաբյան , ՀՊՄՀ, մ.գ.թ, դոցենտ), «Առաքել Սյունեցու մանկավարժական հայացքները» (Լաուրա Ասատրյան , ՀՊՄՀ, մ.գ.դ., պրոֆեսոր, Զարուհի Ասատրյան, ՀՊՄՀ, մ.գ.թ., դոցենտ), «Սյունիք-Արագածոտն կրթական առնչությունները միջնադարում» (Աշոտ Մանուչարյան, ԵՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Գլաձորի համալսարանի ուսումնականները և նրանց ազդեցությունը Սյունիքի գիտակրթական մտքի զարգացման վրա» (Մարգարիտ Ասատրյան, ՀՊՄՀ մ.գ.թ., դոցենտ, Լյովա Հարությունյան, ՀՊՄՀ, մ.գ.թ., դոցենտ), «Սյունիքի նշանավոր ուսումնագիտական կենտրոնները և ուսուցչապետերը (5-12-րդ դարեր)» (Արման Մալոյան, Կրթության ազգային ինստիտուտ,, պ.գ.թ.), «Սյունիքի պատմամշակութային արժեքների ուսումնասիրումը ստուգատեսի շրջանակում» (Աստղիկ Բալայան, ՀՊՄՀ, ԿԱԻ, մ.գ.թ.), «Մեծահասակների կրթության ժամանակակից հիմնախնդիրները Սյունիքի մարզում» (Արմինե Դալլաքյան, ՀՊՀՄ, մ.գ.թ., Հ.Սարգսյան, ՀՊՀՄ, մ.գ.թ. դոցենտ), «Սյունյաց նահանգի կրթական գործի կազմակերպիչների լուսավորական գործունեությունը 14-15-րդ դարերում» (Արմինե Բաղդասարյան, ԱրՊՀ, մ.գ.թ., դոցենտ), «Կրթամշակութային օջախները Սյունիքում 10-14-րդ դարերում» (Սուսաննա Ջանիկյան, ՀՊՀՄ, մ.գ.թ.), «Դասավանդման մեթոդիկայի հարցերը Սյունյաց վարդապետարաններում» (Քրիստինե Մելքումյան, ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ), «Անձի բազմագործոն ուսումնասիրման էությունը մտածողության ոճերի բացահայտման համատեքստում» (Նազելի Հախվերդյան, հ.գ.թ., դոցենտ), «Գորիս քաղաքի կրթօջախները(19-րդ դարավերջից մինչև մեր օրերը)», Կարինե Միրաքյան(ԳՊՀ) և այլն:
Գիտաժողովի «Բնագիտական ուսումնասիրություներ» մասնախմբում (համանախագահներ՝ Աշոտ Մարտիրոսյան, Լուիզա Վարդանյան) ներկայացված 7 զեկուցումները վերաբերում էին մաթեմատիկական կրթության սկզբնավորմանը և հետագա զարգացմանը Գորիսի տարածաշրջանում (Ա.Մարտիրոսյան, ԳՊՀ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, Արփինե Դինունց, ԳՊՀ, ֆ.մ.գ.թ., դոցենտ), Գորիսի տարածաշրջանում աճող դեղաբույսերի հատկությունների ուսումնասիրության վերլուծությանը (Լուիզա Վարդանյան, ԳՊՀ, ք.գ.դ., դոցենտ), Սյունիքի լանդշաֆտա-բնապահպանական և էկոլոգա-մշակութային առանձնահատկություններին (Արտաշես Զիրոյան, ՀՊՄՀ, կ.գ.դ., Տիգրան Թանգամյան , ՀՊՄՀ, մ.գ.դ, պրոֆեսոր, Քնարիկ Ուզունյան, ՀՊՄՀ, մ.գ.թ, Արմենուհի Փիլթակյան, ՀՊՄՀ), ինչպես նաև Սյունիքի մարզում ռազմավարական դեր ունեցող Որոտան գետի և նրա ջրահավաք ավազանի էկոլոգիական գնահատականի վերլուծությանը (Շուշան Շալունց, ԳՊՀ, կ.գ.թ., դոցենտ) և այլն: Կային նաև մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկային վերաբերող զեկուցումներ:
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ գիտաժողովի փակման լիագումար նիստը: Մասնախմբերի ղեկավարները հաղորդեցին քննարկումների մասին: Կարևորելով նման թեմատիկայով գիտաժողովի կազմակերպումը՝ նրանք բարձր գնահատեցին այն թե’ կազմակերպական մակարդակի և թե’ գիտական որակի առումով:
«Սյունիքը ունակ է ապահովելու հետազոտությունների լայն թեմատիկա, ինչպես իր պատմամշակութային փոխառնչությունների աշխարհագրական շրջանակների (Հս. Կովկաս, Իրան, Արցախ, Սևանի ավազան, Արարատյան դաշտավայր–Նախիջևան և այլն), այնպես էլ քաղաքական պատմության բազմերանգության առումներով» (Մկրտիչ Զարդարյան), հետևաբար գիտնականները հույս հայտնեցին, որ թեմատիկ ուղղվածությամբ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը Սյունիքում կլինի շարունակական ու նպատակային:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովի նիստերում հնչած զեկուցումները կարևոր կռվաններ են Սյունիքի հոգևոր ու նյութական հարուստ ժառանգության ուսումնասիրման, վերաարժևորման ու նորաահաստատման գործում:
Նշենք, որ Գորիսի պետական համալսարանում ՀՀ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ գործում է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագիրը, որի գիտաշխատողները ակտիվորեն ներգրավված էին գիտաժողովի նպատակադիր աշխատանքներում:
Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գորիսի պետհամալսարանի դահլիճում ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաժողովի հյուրերի համար համերգային ծրագրով հանդես եկավ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սեդրակ Երկանյան): Օրվա մասն էր կազմում նաև հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Գիտաժողովի շրջանակներում իրականացվեցին պատմաճանաչողական այցեր (Ակսել Բակունցի տուն-թանգարան, Խնձորեսկ):

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Գիտաժողովի պատասխանատու քարտուղար





















































Комментариев нет:

Отправить комментарий