01.06.2014

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ / Իմ բողբոջներ արևաբույր...


Սուսաննա Մինասյանը ծնվել է 1952 թվականին Գորիսում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: Երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի: Սիրում է մանուկների աշխարհը և գրում է արձակ ու չափածո ստեղծագործություններ մանուկների մասին ու մանուկների համար: 2011 թվականին լույս տեսած «Սյունիքի գրողները մանուկների համար» գրքում զետեղվել են նաև Ս.Մինասյանի ոտանավորները: Լույս է ընծայել երկու ժողովածու՝ «Ծիածան»(2012), «Իմ բողբոջներ արևաբույր»(2012): Տպագրվել է «Փերի» մանկական ամսագրում, «Գրական Սյունիք» թերթում:

«Սուսաննա Մինասյանը անկեղծորեն կարողանում է մանկանալ, լինել ոչ թե խրատողի և առաջնորդողի  դերում, այլ դառնալ բոլոր երեխաների հավասար խաղընկերը: Մինասյանը ոչ թե անկեղծություն է խաղում, այլ կարողանում է անկեղծորեն խոսել երեխաների հոգու հետ՝ նրանց միանգամայն հասկանալի լեզվով:...Մինասյանի ստեղծագործությունների ամենահատկանշական կողմը պարզությունն է: Գրում է երեխաների պես պարզ ու մաքուր: Նա չի ճգնում անպայման ստեղծագործել, ինչ-որ բան ստեղծել, տեսանելի դառնալ: Նա պարզապես գրում է այն մասին, ինչին ականատես է եղել և ինչը որ հարազատ է իր հոգուն»
Արկադի Ծատուրյան
ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ
ԻՄ ՏԻԿՆԻԿԸ

Ի՞նչ կլինի, մայրիկ ջան,
Մի քիչ խաղամ, չքնեմ,
Տե՛ս, տիկնիկս էլ ինձ նման
Չի ցանկանում դեռ քնել:

Մի քիչ խաղանք միասին
Ու հենց քնի տիկնիկս,
Նրա հետ էլ հանդարտիկ
Ես էլ փակեմ աչիկս:

Ուշ է արդեն, եկ քնենք,
Ասացի ես տիկնիկիս,
Քեզ լավ հեքիաթ կպատմեմ,
Եթե պառկես, սիրելիս:

Հենց հեքիաթս պատմեցի,
Տեսա տիկնիկս քնած,
Մայրիկ, դու էլ ականջիս
Պատմիր հեքիաթն իմ սիրած:

Առավոտ շուտ արթնացա,
Տեսա տիկնիկս քնած,
Ճերմակ, փափուկ անկողնում
Աչիկները պինդ փակած:

Երբ արթնացավ տիկնիկս
Շոր ու գլխարկ հագցրի
Ու մայրիկս մեզ տարավ
Մեր պարտեզը սիրելի:

ԻՄ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

Իմ ծննդյան տարեդարձին
Ինձ շատ նվեր բերեցին,
Բայց ես անչափ ուրախացա,
Երբ ինձ մի գիրք նվիրեցին:
Դա տատիկիս գիրքն է անգին,
Որ կոչվում է «Ծիածան»,
Մանուկների մասին գիրք է,
Որ ինձ տվեց ինքն անձամբ:
Շատ եմ, շատ եմ ես վախենում,
Որ քույրիկս ձեռք տա հանկարծ,
Մեկ էլ տեսար չհասկացավ
Թերթ ու էջեր խառնեց իրար:
Գիտե՞ք՝ ինչեր կան գրքերում,
Ինչ գրվածքներ խելոք, սիրուն,
Ինչի մասին ասես չկան՝
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն,
Սոֆին, Արփին գիրք են մտել
Անգամ ես կամ այս գրքում:
Չէ՛, պիտի այն զգույշ պահեմ
Իմ սիրո ու սրտի խորքում,
Ու երբ մի օր դպրոց գնամ.
«Ծիածանն» իմ ես կարդամ:



Комментариев нет:

Отправить комментарий