21.03.2014

ԱԼԲԵՐՏ ԻՍԱՋԱՆՅԱՆ / Բանաստեղծություններ

Ալբերտ Իսաջանյանը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: 16 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով դարձել է հաշմանդամ և ցմահ գամվել անկողնուն: 1960 թվականին ավարտել է (էքստեռն) Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցը: Առաջին անգամ տպագրվել է «Ավանգարդ» թերթում: 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Հրատարակել է «Ծաղկե կամուրջ» (1965), «Ծաղիկ իմ հեռավոր» (1977) բանաստեղծական ժողովածուները, «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել»(1971) վիպակը: Մահացել է 1983 թվականի ապրիլի 29-ին: Թաղված է Քարահունջ գյուղում: 

***
Շարունակ ինչ-որ բան էին ասում
թռչունները ինձ,
ինձ չէին խաբում, ոչ էլ երազում
մղձավանջի պես իմ սիրտը կտցում:

Շարունակ ինչ-որ բան էին ասում
թռչունները ինձ,
որ ապրում էին իրենց բներում,
ինձ մերձ հարևան ու սահմանակից:

Բայց ես այնպես էլ չսովորեցի,-
անաղմուկ ահով,
անաղմուկ ցավով ես թռչունների
ապրելն այնպես էլ չսովորեցի՜...

* * *
Մի թանձր անթափանց ոգի
Կախվել է վրաս
Եվ անուն է ուզում
Գիշերն ի բուն
Իմ անանուններին բոլոր:

Սարերին որբ եմ ասում
Եվ խորթ եմ ասում
Ձորերին,
Վերքին ասում եմ քույր
Եվ երգին սուրբ եմ ասում:

Եվ միայն քեզ համար է,
Որ ես անուն չունեմ,
Հուռթի սարերում
Կորած
Պատանություն իմ որբ:

***
Ոչինչ չի փոխվել այն օրվանից,
Ոչինչ.-
Ինչ-որ մի ծառ է տապալվել էլի
Ինչ-որ մի տապալված ծառի վրա:

Ես մի աղջիկ եմ սիրել երբեմնի
Անգտնելի-օտար,
Օտար երկրում շառաչող
Ջրվեժի նման մի աղջիկ:

Ես մի աղջիկ եմ սիրել երբեմնի,
Առաջին սիրո անաղարտությամբ,
Եվ ոչինչ չի փոխվել այն օրվանից,
Ոչինչ չի փոխվել:-

Միայն մի ծառ է տապալվել էլի
Ինչ-որ տապալված ծառի վրա:

***
Իմ ցորնաբույր ու խորնաբույր
Պապս կգա՞ մանգաղն ուսին,
Եվ մանգաղի կանաչ ծայրին
Ես կգտնե՞մ
Կանաչ ցողուն եղինջների: -

Իմ կարոտած երինջն էլի
Բաց դարպասից կսուրա՞ ներս
Վախեցնի ինձ:
Եվ կգրկի՞ պապս շաղոտ,
Եվ կսրբի՞ աչքերս թաց.-

Կանա՜չ, կանաչ մատների մեջ
Կանաչ խնձոր կտա՞ նորից...

***
Դեռ փառաբանության կարմիր բերանով ես կգայի նորից,
մոռացնելու համար տկարությունը ձեռքերիդ
և անկարությունն այս շոգ
ասված ու չասված քո խոսքերի:

Դեռ փառաբանության կարմիր բերանով ես կգայի նորից
հուսահատության դեմ և ունայնության սրտի
շարելու համար հուռութք-խոսքեր,
որ թաղվում են թեթև մոռացության գրկում:-

Դեռ փառաբանության կարմիր բերանով ես կգայի նորից,
դեռ երազանքների շոգ ծիծաղներով ես կգայի նորից,
շոգ պատանության ռունգերով շռայլ ես կգայի նորից,
եթե հեռանալիս չթողնեիր միայն լռությունն այս շոգ:

***
Ծաղիկներն անձայն ծերացան ձորի կամարի տակ,
Եվ դու ու՞մ համար հոգսոտ-հոգևոր երկինք դարձար
Եվ արժանավոր՝ ու՞մ բախտի վրա ծաղկած ծառի:
Լուսնահամ երկինք ծամեցիր նորից և ծովի ջուր,
Եվ առաքինի կորած ես նորից,
Եվ առաքինի կեղծիք է նորից,
Թե խխունջի պես կարձակվես դու դեռ եզրատողում: -

Գնա և ձորում ժայռ լցրու վերքիդ տարիքավոր
Եվ, տես, ինչպես են խխունջներն անձայն և խելացի,
Եվ խոնա՜վ, խոնավ ծերանում ձորի կամարի տակ...

***
Փոքրացել եմ, փոքրացել եմ,
Ցավիս անքուն թպրտոցից,
Հիմա արդեն պիտի լուծվեմ
Մայրամուտիս բևեռներում:

Ես փոքրիկ եմ, փոքրացել եմ,
Հոգնած էլ եմ ես, սիրելիս,
Քընեցնեմ ինձ ես քո հուշով՝
Մայրամուտիս բևեռներում: -

Եթե մի օր, աստված չանի,
Քեզ ուզենաս փնտրել, գտնել,
Կգաս, կգա՜ս ինձ փնտրելու
Մայրամուտիս բռևեռներում:

Ես քեզ կօծեմ նախկին փայլով,
Ու կարոտով նախկին սիրո,
Եվ ես նորից ես կլինեմ՝
Մայրամուտիս բևեռներում:

Իսկ ինձ համար միևնույն է,
Միևնույն է, հավատա՜ ինձ,
Թե դու նորից դու՞ կլինես՝
Մայրամուտիս բևեռներում:

Комментариев нет:

Отправить комментарий