28.02.2014

ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Սիրանուշ Սարգիսջանյան

Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի

Գիրք... մի խորիմաստ բառ, որ իրենից ներկայացնում է գիտելիքի շտեմարան և մտքի զարգացման մի հարատև աղբյուր: Գիրքը այն միակ ու անփոխարինելի գանձն է, որի շնորհիվ կրթվել ու դաստիարակվել են շատ ու շատ սերունդներ, և մինչ այժմ էլ գիրքը իր պատվավոր տեղն ունի բոլորի կյանքում: Գրքի շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը ունի հանճարեղ ու իմաստուն գրողներ, պատմիչներ, հեքիաթագիրներ, արվեստագետներ: 
Ինչպես ասում է ֆրանսիացի վիպասան Ալֆոնսո Դոդեն՝ <<Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվարին պահերին: Նրանք երբեք չեն դավաճանի>>: Իսկապես, կյանքի ամեն դժվարություն հաղթահարվում է գրքի շնորհիվ: Որքան գիրք ես կարդում, այնքան ավելի ու ավելի է կյանքը հեշտանում քեզ համար:
Գիրքը երբեք սխալ ճանապարհ ցույց չի տալիս, այլ ընդհակառակը, այն միշտ ուղորդում է մարդկանց գնալ ճիշտ ճանապարհով և կյանքում ճանաչել իրենց տեղն ու դերը: Այն ամենը, ինչը կապված է ընթերցանության հետ, կարծում եմ, հոգեհարազատ է բոլորին: Ես ինքս շատ եմ սիրում ընթերցել: Ընթերցելու հետ մեկտեղ հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ <<Կկարողանա՞մ արդյոք ես ինքս դառնալ գրող>>: Եվ ինքս ինձ էլ պատասխանում եմ՝ <<Այո՛, կդառնամ, եթե իմ կյանքի երկարատև ուղին շարունակեմ գրքի հետ՝ այն լավագույն ընկերոջ հետ, որ միշտ ինձ կմնա հավատարիմ>>:
Ավելի շատ սիրում եմ ընթերցել կյանքից վերցված պատմվածքներ ու հեքիաթային պատմություններ: Իմ կարդացած վերջին գիրքը, որ նույնիսկ ստիպեց ինձ լաց լինել, Նար-Դոսի պատմվածքների ժողովածուն է: Հենց այդ գիրքն էլ ես համարում եմ <<Իմ սեղանի գիրքը>> և, ինչու չէ, նաև իմ կյանքի ուղեկիցն ու հուշարարը, որի միջոցով ես սկսում եմ կյանքը պատկերացնել այնպիսին, ինչպիսին որ կա:
Գիտելիքի և իմաստության միակ աղբյուրը գիրքն է: Ահա այն գաղափարը, որով առաջնորդվում եմ ես, և որը ինձ համար դարձել է կյանքի նշանաբան:
Խորհուրդ եմ տալիս բոլորին՝ իրենց կյանքի թե՛ ուրախ և թե՛ դժվարին պահերը կիսեն գրքի հետ: Եվ վստահեցնում եմ, որ գիրքը երբեք ձեզ հուսախաբ չի անի:

Комментариев нет:

Отправить комментарий