Սյունեցի մեծանուն բանաստեղծ ու արձակագիր Ալբերտ Իսաջանյանի առաջին ժողովածուն՝ <<Ծաղկե կամուրջ>>-ը, որը լույս է տեսել 1965 թվականին, խմբագրել է Սերո Խանզադյանը՝ գեղեցիկ առաջաբանով ողջունելով նրա գրական մուտքը:
ՊԱՏԱՆԻ ՊՈԵՏԸ
Ալբերտ Իսաջանյանին ես հանդիպեցի մի երկու տարի առաջ, աշնանը, Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում՝ իրենց տան պատշգամբում պառկած: Նա չկարողացավ բարձրանալ տեղից: Նա գամված էր անկողնուն:
Կույր դիպվածը վրա է հասել, երբ նա տասնվեց տարեկան աշխույժ և ուշիմ պատանի է եղել: Հարևանի կտրված լույսը կապելու ժամանակ ընկել է էլեկտրական սյունից և…գամվել անկողնուն:
Ալբերտը շատ ընթերցող, շատ լիրիկական սրտի տեր տղա է: Անկողնում անշարժ պառկած` նա մեծ տոկունությամբ մաքառում է դժբախտության դեմ, վանում աղետի պատճառած հուսալքությունը: Նա բուռն է սիրում կյանքը, հայրենի բնությունը, երկնքի կապույտը, որը թեև պատուհանի անցքից է տեսնում միայն, բայց կարծես ապրում է նրա հետ, նրա շնչով: Նա բանաստեղծի հոգով է զգում ծաղիկների բույրը, յուրովի տեսնում հայրենի լեռնաշխարհի գույները, նրա սքանչելի պատկերը՝ ծաղկած բալենիներ, սպիտակ ժրվեժներ, գարնան զարթոնքը, աշնան բոցկլտացումը և դրանց մեջ բողբոջած իր առաջին սերը՝ իր հեռու սերը՝ ջինջ աղբյուրի ակունքի պես և երազուն՝ ինչպես երկնքի հեռավոր լազուրը:
Ոչ մի պահ Ալբերտը չի կորցնում իրեն, չի նվնվում: Նրա լիրիկան նուրբ է, ցողաթաթախ, պատանեկան ջերմությամբ: Դրանք միշտ լավատես, միշտ ապրող, բաբախող սրտի թրթիռներ են, դրանք արևին ու կյանքին կառչած, դժբախտությունն արիաբար հաղթահարող մարդու երգեր են: Այդ երգերի մեջ ջերմություն ու վարակիչ քնքշանք կա: Իսաջանյանի բանաստեղծությունները հաստատում են կյանքը, վանում հուսալքությունը, աղետը: Նա հավատում է կյանքին, ցնծությամբ ընկալում նրա գեղեցկությունները: Եվ դա նրա՝ այդ պատանի պոետի, ասել է նաև նրա սերնդի հոգեկան արիության մեծ վկայականն է:
Ես սիրով կազմեցի, խմբագրեցի Իսաջանյանի բանաստեղծական այս համեստ ծաղկեփունջը, ողջունելով նրա աշխարհ գալը: Հավատացած եմ, որ այդ ծաղկեփունջը հաճույք ու բավականություն կպատճառի շատ ընթերցողների:
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
1964թ.
Комментариев нет:
Отправить комментарий